Մամուլն այսօր. Նախընտրական կրքերը շարունակվում են բորբոքվել, իսկ հոգեբուժարանները տարօրինակ կերպով համալրվում են

Ընտրություններ.

«Հրապարակ»-ը գրում է. «Եթե Վարդան Բոստանջյանը ցուցակ չընդգրկվեց իր անձնական կարծիքը բարձրաձայնելու համար, ապա Վարդան Օսկանյանին ցուցակ են մտցրել հատուկ իր անձնական կարծիքը հնչեցնելու նպատակով: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կենտրոնամետ գործիչ է. նա չէր ուզում հայտարարել, որ պատրաստվում է 2013թ. պաշտպանել Սերժ Սարգսյանին, քանի որ կփչացներ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց միևնույն ժամանակ չէր կարող սրման գնալ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հայտարարելով, որ նրա գլխավորած կոալիցիան ձևական է: Եթե ԲՀԿ ցուցակը կազմողը լիներ Գագիկ Ծառուկյանը, նա, որպես կենտրոնամետ կուսակցության (ԲՀԿ-ականներն այդպես են բնորոշում իրենց կուսակցության քաղաքական ուղղվածությունը) նախագահ, պետք է որ երկու ծայրահեղ մոտեցում ունեցողներին էլ չընդգրկեր ցուցակ: Բայց քանի որ ցուցակը կազմել է Ռոբերտ Քոչարյանը, նա էլ ընդգրկել է Վարդան Մինասիչին, ով հայտարարում է, որ ԲՀԿ-ն Հայաստանի առաջատար քաղաքական ուժն է:

Ահա այստեղ է կայանում երկու ԲՀԿ-ական Վարդանների տարբերությունը. մեկն իր անձնական կարծիքով բացառում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանություն, իսկ «մյուսն» ապրում է հանուն դրա իրականացման
»:

«Ժողովուրդ» թերթի հաղորդմամբ՝ ՀՀԿ-ն հալածանքների շարք է սկսել ոչ միայն ընդդիմադիրների, այլև կոալիցիոն ԲՀԿ-ի հանդեպ: Ըստ թերթի` «Հայռուսգազարդ» ընկերության Աջափնյակի վարչություն պետ Արտակ Գալստյանն օրերս հրավիրած ժողովի ժամանակ հայտարարել է, որ իրենք ևս պետք է աշխատեն ՀՀԿ-ի օգտին: Սակայն նա նշել է` եթե կան մարդիկ, որոնք ցանկանում են այլ քաղաքական ուժի ընտրել, ապա լավ կլինի` ի սկզբանե հայտարարեն: Աշխատակիցներից մի քանիսն ասել են, որ ընտրելու են ԲՀԿ-ին, որից հետո` երեկոյան, նրանք ազատվել են աշխատանքից: ԲՀԿ-ին ընտրել ցանկացողները պարզաբանումներ են պահանջել Արտակ Գալստյանից, ինչը վերածվել է վիճաբանության: Ի դեպ, ըստ թերթի տեղեկությունների` Արտակ Գալստյանը, ով նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուսանողական ընկերն է, Աջափնյակ համայնքի 15, 16, 17 թաղամասերում համակարգելու է ՀՀԿ-ի օգտին աշխատանքը: «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Աարդարյանը, բնականաբար, ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ «Հայռուսգազարդ»-ը տնտեսվարող սուբյեկտ է:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մարտի 31-ին բավական երկար ժամանակով եղել է նախագահական նստավայրում:

Այցելությունը գաղտնի բնույթ է կրել, բանի որ ԿԸՀ-ն դրա վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել: Նախագահական նստավայրից նույնպես ԿԸՀ նախագահի այցի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածվել: Ինքը Մուկուչյանն էլ, առանձնապես հակված չէ այդ մասին խոսել: «Երբ կիրակի օրը հետաքրքրվեցի, թե ո՞րն է եղել նախագահական այցելելու առիթը և նպատակը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանում ընդհանրապես, որովհետև կոռեկտ չեմ համարում ցանկացած նման հարց տալը»:

Որոշ ժամանակ անց Մուկուչյանը փոխեց իր որոշումը և մեզ առաջարկեց չօգտագործել մեկնաբանելուց հրաժարվելու իր պատասխանը` համաձայնելով խնդրի վերաբերյալ մեկնաբանություններ տալ: Երեկ, ըստ պայմանավորվածության, Մուկուչյանին կրկին ուղղեցի նույն հարցը: «Ընտրությունների նախապատրաստումը և կազմակերպումը համապետական միջոցառում է, որտեղ ինչպես ԿԸՀ-ն, այնպես էլ՜պետական տարբեր մարմիններ, ունեն օրենքով սահմանված գործառույթներ: Հետևաբար, պետական մարմինների հետ տարբեր խնդիրների քննարկումը, որոնք վերաբերվում են ընտրությունների պատշաճ կազմակերպմանը, արտառոց երևույթ չեն եւ օրինախախտում որակվել չեն կարող»,- ասաց ԿԸՀ նախագահը:

ՀՀ ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ն որևէ պետական մարմնի, այդ թվում` նախագահականին կամ կառավարությանը ենթակա չէ: ԸՕ-ում չկա որևէ դրույթ, որը ԿԸՀ նախագահին լիազորում է նախագահականում իր գործունեության կանոնները քննարկել, չկա ոչ մի դրույթ, որը նախագահականում գտնվող պաշտոնյաներին` Սերժ Սարգսյանից սկսած, իրավունք է տալիս ԿԸՀ նախագահին ցուցումներ տալ»,- գրել է թերթը: 

Պաշտոնների քննարկում.

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ-ականները կիրակի օրը Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ապագա կառավարության կազմը: Սարգսյանը նշել է, որ ընտրություններից հետո զգալի փոփոխություններ են անհրաժեշտ ապագա կառավարությունում: Բայց չնայած դրան, ըստ նախնական տարբերակի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առայժմ շարունակելու է պահպանել պաշտոնը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ-ն դժգոհ է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի աշխատանքից, դրա համար էլ որոշել են նրան ապագայում նշանակել որևէ երկրի դեսպան: Անհրաժեշտություն է համարվել, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարական պորտֆելները փոխարինեն պատգամավորի մանդատով: Հետաքրքիր է, բայց ՀՀԿ-ում քննարկվել է նաև ՕԵԿ փոխնախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ապագայի հարցը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` նա կնշանակվի նորաստեղծ ներքին գործերի նախարար:

Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով, ըստ Էության, չի հերքել լուրը` ասելով, թե իրենք ընտրություններից հետո են ապագա կառավարության ծրագրերը մշակելու. «Իսկ ընտրությունները կախված են ՀՀ քաղաքացու քվեից, և երբ ՀՀԿ-ն հաղթի, որին ես չեմ կասկածում, այդ ժամանակ մենք ավելի ռեալ կքննարկենք ապագա կառավարությունը»:

«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցրած Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, պայքարում է, որ ընտրություններից հետո բնապահպանության նախարար դառնա. թերևս հասկանում է, որ Աժ նախագահի պաշտոնն այլևս դժվար թե զբաղեցնի: Թերթին չի հաջողվել լուրը ճշտել անձամբ Նիկոյանից, քանի որ նա ինչ Աժ նախագահ է դարձել, թերթի հեռախոսազանգերին չի պատասխանում:

Զարմանազան.

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում հետաքրքիր միտում է նկատվում, մարդկանց տեղին-անտեղին, առանց կարգավիճակը պարզելու, ինչ-որ անհայտ ու կասկածելի ահազանգերի հիման վրա տանում են հոգեբուժարան: Այսպիսի մի դեպք է տեղի ունեցել ուրբաթ օրը, երբ ոստիկանները բերման էին ենթարկել ակտիվիստ Երվանդ Կարապետյանին` Հանրային հեռուստաընկերության դիմաց բողոքի ակցիա անելու համար: Մյուսին` ապրիլի 1-ին Երևանյան լճի կենտրոնական հատվածում ցեխակույտի մեջ հայտնված մարդուն են փրկելուց հետո միանգամից «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա: Այս պրակտիկան սպառնում է նախադեպ դառնալ: Առավել զավեշտալի էր Երվանդ Կարապետյանի դեպքը: Նրան ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունք էին տեղափոխել անհայտ քաղաքացու ահազանգի հիման վրա, ով հայտնել է, որ Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ տարօրինակ վարքագծով մարդ է կանգնած: Բանն այն է, որ Երվանդը բողոքի ակցիան իրականացրել էր միայնակ:

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ քաղաքացու անձնագիր ատանալու հետ կապված` այս օրերին բավականին հետաքրքիր բողոքներ են սկսվել հնչել: Խոսքն այն պատանիների մասին է, որոնց 16 տարին լրացել է ու հենց այն օրերին պետք է ստանան անձնագիր: Բայց նրանցից մի քանիսը ներկայացրեցին դժգոհություն, թե համապատասխան տարածքային բաժիններում ասում են, թե բլանկներ չկան հետո կգաք: Իրենց դժգոհությունը ներկայացնողներն էլ ասում են, թե ժամանակի խնդիր ունեն` հանրապետությունից դուրս գալու անհրաժեշտության հետ կապված

«Այդպիսի բան չկա»,- պատասխանեց մեզ անձնագրերի և վիզաների վարչության այն աշխատակիցը, որին զանգահարեցինք վարչության պետի ընդունարանից տրամադրած հեռախոսահամարով: Մեր զրուցակիցը հակիրճ ընդգծեց նաև, որ եթե կան ինչոր առանձին դժգոհություններ, ապա դրանք պետք է տեխնիկական խնդիրների հետ կապված լինեն ու կլուծվեն: Բայց երբ խնդրեցին նաև ներկայանալ, մեր զրուցակիցը խորհուրդ տվեց նույն հարցը հղել պաշտոնական խողովակով

Մինչդեռ դժգոհությունը կա և քաղաքացիներն այլ բան չտեսնելով` բերում ու այս խնդիրը կապում են ընտրությունների հետ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում