Արցախի մանուկներն այսուհետ անձնական համակարգիչներով են դպրոց հաճախելու

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը սկսել է համակարգիչներ բաժանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշակերտներին: Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր 3.500 համակարգիչներն արդեն սկսել են հանձնվել Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին:

Առաջին օրը` ապրիլի 2-ին, համակարգիչների հանձնման արարողությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀԲԸՄ Հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը, ՀԲԸՄ ԼՂՀ ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը, ՆՈՒՌ ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դյուվալը:

ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանն իր խոսքում նշեց. «Բացառիկ օր է Արցախի երեխաների և ծնողների համար: Այս մոտեցումը, որի հեղինակներն են բարերար Էդուարդո Էռնեկյանը և ԼՂ-ի ղեկավարությունը ռազմավարական նշանակություն ունի: Անհնար է պատկերացնել լավ կրթություն առանց համակարգիչների: Դրա արդյունքները մենք կտեսնենք ապագայում»:

ՀԲԸՄ Հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանն ընդգծեց ծրագրի կարեւորությունը. «Հայկական Բարեգործական Միությունը շատ գործողություններ է ծավալել Ղարաբաղում, սակայն Է.Էռնեկյանի նախաձեռնած այս ծրագիրը սիրով ընդունվեց համայնքի կողմից: Սա մեր երեխաների ապագան է, այս հրաշալի գործիքի միջոցով նրանք կհասնեն մեծ բարձունքների»:

Սեբաստիան Արիաս Դյուվալն իր խոսքն ուղղեց աշակերտներին. «Մեր նպատակն այն է, որ գալիք սերունդները արժանի կրթություն ստանան: Ուրախ ենք, որ տրամադրում ենք ձեզ այս հրաշալի գործիքը, որը ձեզ համար մեծ դռներ կբացի: Որպես գործիք այն փոքր է, սակայն շատ հզոր, որի միջոցով կհասնեք մեծ բարձունքների»:

ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն)  ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: 2011 թ-ի հունվարին ԼՂՀ կառավարության հետ ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: ԼՂՀ Կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել գերարագ ինտերնետ կապը, որը ծրագրի գլխավոր ասպեկտներից է:

ՆՈՒՌ ծրագիրն իրագործվում է ՀԲԸՄի հետ գործակցությամբ, որն աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող  կազմակերպությունն է և տեղում օգնություն է ցուցաբերում` նախագծի հաջողությունը երաշխավորելու համար:

ՆՈՒՌ ծրագիրն իրականացվում է, հետևելով  Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային (ՄՀՅԵ) ծրագրի գաղափարին: ՄՀՅԵն կրթական ծրագիր, որը մշակվել է  Մասաչուսեթսի  Տեխնոլոգիաների Ինստիտուտում եւ կիրառվում է աշխարհի շատ երկրներում:

ԼՂՀ կառավարության կողմից ինտերնետային կապը ապահովելուց հետո, հիմնադրամը կշարունակի կրթական նպատակներով ստեղծված XO համակարգիչների հանձնումը Արցախի մյուս համայնքների դպրոցներում եւս, որի արդյունքում ԼՂ տարրական դասարանների բոլոր աշակերտները մի քանի տարուց կունենան անձնական դյուրակիր համակարգիչներ: Համակարգիչները տրվում են երեխաներին որպես սեփականություն:

Այս նախաձեռնությունը ոչ միայն բարձրորակ կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում, այլեւ նպաստում է երեխաների տեղեկացվածության աստիճանի բարձրացմանն ու նրանց շփմանն աշխարհի հետ:

«Միջազգային համայնքը Լեռնային Ղարաբաղը պատկերացնում է պատերազմի և տարածաշրջանային հակամարտությունների շրջանակում: Մարդիկ չեն նկատում այնտեղ ծնվող և ապրող երեխաներին: Այդ երեխաները համընդհանուր կրթություն և ինֆորմացիա ստանալու իրավունք ունեն: Մտադրություն ունեմ ՆՈՒՌ-ի միջոցով լրացնել բացը և Լեռնային Ղարաբաղի երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն, որն այսօր առաջարկում է աշխարհը», նշում է պարոն էռնեկյանը:

ՆՈՒՌ-ը ցանկանում է բարելավել կրթական ոլորտը` ընդգրկելով տեխնոլոգիան դասարաններում, դպրոցներում և ընտանիքներում:

Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամ

Հետևեք մեզ նաև Telegram-ում