ԱՄՆ-ն և Իսրայելը սթրեսի են ենթարկում Ադրբեջանին

Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականի վերջերս հրապարակած նյութը առ այն, թե Իսրայելն Իրանի վրա հարձակում նախապատրաստելու համար Ադրբեջանում ռազմական օդանավակայանների օգտագործման իրավունք է ստացել, դարձել է իսկական գլխացավանք առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Խնդիրն այնքան է աղմուկ բարձրացրել, որ քիչ է մնում վերաճի իսկական միջազգային  սկանդալի: Հոդվածագիր Մարք Փերրին, հղում կատարելով  Օբամայի վարչակազմի այն  բարձրաստիճան պաշտոնյաներին ովքեր տրամադրել են այս տեղեկատվությունը, գրել է նաև, որ երևույթը հետախուզական ծառայությունների աշխատակիցների շրջանում աճող անհանգստությունն է հարուցում, քանի որ Իսրայելի ռազմական  էքսպանսիան Ադրբեջանում բարդացնում է Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածությունը նվազեցնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը: Սրա վերաբերյալ պաշտոնական մեկնբանություններ է արդեն հասցրել տալ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը` հերքելով նման տեղեկատվության իսկությունը, իսկ Օբամայի վարչակարգի որոշ ընդդիմադիրներ Հանրապետական կուսակցությունից Foreign Policy-ի հոդվածը որակել են որպես Սպիտակ տան կողմից կազմակերպված տեղեկատվության գիտակցված արտահոսք: Հարցազրույց տալով Fox News-ին` մեկնաբանությամբ է հանդես եկել նույնիսկ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը` որակելով եղածը որպես Իսրաելի հանդեպ իրականացված սաբոտաժ:

Ինչևէ առաջին հայացքից խնդիրն ուսումնասիրելիս կարծես սա ավելի շուտ ԱՄՆ-ի և Իսրաելի միջև ինչ-որ անհամաձայնության, կամ էլ տարաձայնության արդյունք է կապված Իրանի հետ, և ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է ձախողել Իսրաելի կողմից նախաձեռնած ինքնուրույն քայլերը: Սակայն ինչպես ասում են պարանը միշտ էլ բարակ տեղից է կտրվում և այս դեպքում կարծես այդ բարակ պարանը Ադրբեջանն է և ամենակարևորն էլ հենց այն է, որ վերջինս շատ լավ դա հասկանում է:

Մի քանի օր է ինչ ամբողջ Ադրբեջանում մեծից փոքր հսնդես են գալիս տարատեսակ մեկնաբանություններով և փորձում են հերքել նման պայմանավորվածության առկայությունը` նման տեղեկատվության տարածումը բարդելով «երրորդ» կողմի վրա: Ադրբեջանցիների հերքման հիմնական փաստարկը հանդիսանում է վերջերս Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների կողմից Նախիջևանում ընդունած հռչակագիրը ինչոր «բարեկամության» և նմանատիպ այլ ֆարսի վերաբերյալ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի` երկու շաբաթ առաջ կատարած այցը Իրան, որը բառացիորեն ոչ մի նշանակալի նպատակ չէր հետապնդում, քանի որ ոչ մի նշանակալի բան պարզապես չգրանցվեց:

Գիտեք ինչ, հռչակագրերով և նմանատիպ այլ քաղաքական տարրական  ժեստերով իրական բարեկամության հասնել գործնականում հնարավոր չէ: Պատմությունը շատ անգամ է ապացուցել, որ նման բաները չեն կարող գործել երկարատև հեռանկարում, քանի առկան են կոնկրետ, ոչ ավել ոչ ակաս, քան ազգային, իսկ այս դեպքում պետական շահերի բախումներ:

Ադրբեջանը անկախությունից ի վեր փորձում է սադրել Իրանի հյուսիսում անջատողական տրամադրությունները և նույնիսկ 1990-ականների սկզբներին Ադրբեջանի և Իրանի միջև կար պատերազմի սկսման ռեալ վտանգ, Ադրբեջանի ազգայնամոլ և իրեն Աթաթուրք երևակայող նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի օրոք:

Դժվար չէ պատկերացնել, որ Իսրաելը իր հերթին կարող էր խոստացած լինել Ադրբեջանին իր «աջակցությունը» կապված «Հարավային Ադրբեջանի» հետ և դեռ մի բան էլ ԱՄՆ-ի հովանավորությունը «Իրանյան խնդրի» լուծման լայն համատեքստում: Բայց ով կմտածեր, որ Ադրբեջանին կարող էին այնպես նեղը գցել, որ ազգովի սկսեին մահապատժի դատապարտված հանցագործի նման արդարանալ կախաղանի ճանապարհին: Մի բան շատ հստակ է. Ծուխն առանց կրակ չի լինում: ԱՄն-ն և Իսրաելը իրենց խնդիրնեի լուծման ուղղությամբ ինչ-որ  նրբերանգներ չեն կիսում, իսկ այդ նրբերանգները մի ամբողջ ժողովրդի ստրեսի են ենթարկում: Ինչևէ գործելուց առաջ մտածել է պետք և պետք է հասկանալ, որ ոտքը վերմակից երկար մեկնելուց կարելի է և մրսել:

Էրիկ Երիցյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում