Բ.Բորիսով. «Մենք պետք է պրագմատիկ քայլեր կատարենք տնտեսական ոլորտում խնդիրների լուծման համար»

«Այսօր մենք պատիվ ունենք ընդունելու Բուլղարիայի վարչապետին և պաշտոնական պատվիրակությանը: Համոզված ենք, որ այս այցելությունը նոր էջ է բացելու մեր երկու պետությունների միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական հարաբերությունների առումով»: Այս մասին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 ՀՀ վարչապետը նշել է, որ չնայած երկու երկրների համագործակցության դարավոր պատմությանը, այսօր կողմերն արձանագրել են, որ տնտեսական համագործակցության մակարդակը բավարար չէ, և անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել այդ հարաբերություններին:

«Դրա համար մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ընտրություններից հետո Հայաստանի կառավարությունը պատվիրակություն կձևավորի և կգործուղի Բուլղարիա` պատվիրակութան մեջ ներառելով բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի մենք կարողանանք ստեղծել նոր հնարավորություններ տնտեսական հարաբերությունների ամրապնդման առումով: Կարծում ենք, որ կա մեծ ներուժ այդ հարաբերությունների մեջ, և մենք պարտավոր ենք նոր էջ բացել մեր պատմության մեջ»,- նշել է Տ.Սարգսյանը:

Բուլղարիայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ջերմ ընդունելության համար:

«Հայաստանի վարչապետի հետ առանձնազրույցի ժամանակ մենք ընդգծել ենք, որ գոյություն ունեն հիանալի հարաբերություններ մեր երկու երկրների միջև, որոնց արմատները գալիս են խորքից: Մշակութային ոլորտում մեր հարաբերությունները հիանալի են զարգանում, ինչը չի կարելի ասել մեր երկրների տնտեսական հարաբերությունների մասին: Մենք պետք է պրագմատիկ քայլեր կատարենք տնտեսական ոլորտում խնդիրների լուծման համար, որպեսզի արձանագրենք հաջողություններ»,- նկատել է Բ.Բորիսովը:

Անդրադառնալով երկու երկրների պետական համալսարանների միջև հուշագրի ստորագրմանը՝ Բուլղարիայի վարչապետն ասել է, որ երկու համալսարանների միջև գոյություն ունեն լավ և խորը հարաբերություններ. «Ինչպես նշեց Սոֆիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իվան Իլչևը՝ երկար տարիներ է ինչ համալսարանում գործում է հայագիտության կենտրոն և համալսարանական տպագրատանը բուլղարերեն լեզվով տպագրվել է Հայաստանի պատմության մասին գիրք: Չնայած նրան, որ այս մասնագիտությունը Սոֆիայի համալսարանում ֆինանսական առումով ծախսատար է համարվում, ես գտնում եմ, որ այն ներդրում է հանդիսանում մեր ապագա հարաբերությունների և կապերի զարգացման գործում»: 

Բ.Բորիսովն ընդգծել է, որ Հայաստանը Սև ծովի միջոցով համարվում է Բուլղարիայի հարևանը, և բացի այդ, Հայաստանի իշխող կուսակցությունը հանդիսանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության ասոցիացված անդամ, ինչը մեծ նշանակություն ունի եվրաինտեգրման և այդ գործընթացների զարգացման համար: 

«Ես մեկ անգամ ևս նշեմ, որ անհրաժեշտ է պրագմատիկորեն վերաբերվել մեր երկրների միջև ծրագրային հարաբերություններին: Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո մենք պատրաստ ենք ընդունել հայկական կառավարական պատվիրակությանը և այդ այցի ընթացքում Բուլղարիայում կազմակերպել բիզնես ֆորում՝ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Վստահ եմ, որ Բուլղարիան Հայաստանի համար հանդիսանում է դեպի Եվրոպա կամուրջ»,- շեշտել է Բուլղարիայի վարչապետը:

Նա նաև կիսվել է իր և պատվիրակության տպավորություններով՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո. «Մենք ծառ ենք տնկել հուշահամալիրում, նաև ջրել այն ծառը, որը տնկվել էր Բուլղարիայի նախագահի կողմից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում