Ի՞նչ է քննարկել Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանի հետ

Ապրիլի 2-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ևս մեկ անգամ քննադատության է ենթարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող այն մարդկանց, ովքեր չեն հավատում արդար ընտրություններ կազմակերպելու մասին իշխանությունների խոստումներին: Նա նույնիսկ նշել է ոմանց կողմից կանխավ արված հայտարարությունը, թե մայիսի կայանալիք ընտրությունները կեղծվելու են, և այժմվանից արդեն կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցերի քվերակության հաջորդ օրը: Դրա փոխարեն, Ջոն Հեֆերնի համոզմամբ՝ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր և դաշինքներ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար, մշակեն և գործարկեն կեղծիքները կանխելուն մեխանիզմներ: «Այսպիսի կառույցների ձևավորումը եռանդագին աշխատանք է պահանջում: Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանի խիզախ և նվիրյալ քաղաքացիներին՝ իշխանությունների կազմում և իշխանությունների կազմից դուրս, ովքեր եռանդագին աշխատում են կառուցելու»,– ասաց ԱՄՆ դեսպանը։

Մի շարք փորձագետների և լրագրողների կարծիքով ամերիկացի դիվանագետի վերոնշյալ արտահայտության հասցեատերը Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր կուսակցությունների դաշինքն է: Նրանց ենթադրությունը բավարար հիմնավոր է, մանավանդ եթե հաշվի առնենք այն «սառը պատերազմը», որն ընթանում է Հայ ազգային կոնգրեսի և ԱՄՆ դեսպանատան միջև դեռևս 2008 թվականից: Հայաստանյան ընդդիմության և ամերիկյան ներկայացուցչության հարաբերությունների ողջ ներկապնակը հասարակությանը հայտնի դարձավ հանրահայտ Wikileaks-ի բացահայտումների շնորհիվ: Է’լ սուտասան, է’լ նարկոման, է’լ գող փիսո, է’լ քաչալ շուն… բանը հասավ դիվանբաշուն…

Ամերիկացիների հետ հարաբերությունների վատթարացումը կոնգրեսականները փորձեցին կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական Վաշինգտոնի ակտիվ մասնակցությամբ: 2008 թվականի հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իրեն հատուկ հնարամտությամբ, այնպիսի մի իրավիճակ ներկայացրեց, համաձայն որի ԱՄՆ գործունեության պատճառով հայ ժողովուրդը կանգնել է Արցախը կորցնելու վտանգի առջև: Այդ օրը նա հայտարարեց հանրահավաքները վեց ամսով կասեցնելու իր որոշման մասին՝ նշելով, թե այդ կերպ «օգնում է» Սերժ Սարգսյանին ուժեղացնել իր դիրքերը բանակցային գործընթացում: Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի այդ խոսքերին չորս տարի առաջ ոչ ոք չհավատաց: Նույնիսկ նրա կողմնակիցները, որոնք նաև հիանալի հասկանում էին Տեր-Պետրոսյան նման որոշման դրդապատճառները: Այն է՝ բնակչության վստահության կորուստն ու արտաքին աջակցության բացակայությունը: Ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ը պարզապես ստիպված էր ընդմիջում վերցնել և նոր մարտավարություն մշակել:

Նշված դեպքերին հաջորդած ժամանակահատվածը, կարծես, ՀԱԿ-ԱՄՆ դեսպանատուն հարաբերություններում ոչ մի փոփոխություն չի մտցրել: Ճիշտ է, Երևանում Միացյալ նահանգների նոր դեսպան Ջոն Հեֆերնը մի քանի հանդիպումներ է ունեցել Տեր-Պետրոսյանի հետ, սակայն մինչ օրս նրանց հարաբերությունների կարգավորման մասին ոչ մի փաստ գործնականում չկա: Իսկ դիվանագետի՝ ապրիլի 2-ի ասուլիսը լրացուցիչ անգամ ընդգծեց այն բացասական վերաբերմունքը, որը ձևավորվել է դեսպանատանը ՀԱԿ գործունեության հանդեպ:

ՀԱԿի համար իրավիճակը բարդանում է նաև ընտրազանգվածի կորստի պատճառով: ՏերՊետրոսյանի թիմը հիանալի հասկանում է, որ Կոնգրեսի ներսում սկիզբ առած դժգոհության ալիքն ու անհամաձայնությունները կարող են առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերածել այն վերջին քաղաքական գործընթացի, որին ՀԱԿը կմասնակցի ներկայիս կազմով և ձևով: Այդ է պատճառը, որ ընդդիմադիրները որոշել են ամեն գնով կարգավորել հարաբերությունները արևմյան երկրների և մասնավորապես ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

Ինչպես տեղեկացնում են հայկական լրատվամիջոցները, ապրիլի 3-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Համաձայն պաշտոնական լրատվության, հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Ինչպես և կարելի էր սպասել, հանդիպման այլ մանրամասների մասին ոչ մի տեղեկատվություն չի տարածվել: Սակայն, դատելով հանդիպման նախօրեին Հեֆերնի կողմից հնչեցված հայտարարությունների բովանդակությունից, կարելի է եզրակացնել, որ Տեր-Պետրոսյանի հետ նրա հանդիպումը զերծ չի եղել «տհաճ մանրամասների» քննարկումից:

Կհաջողվի արդյո՞ք Տեր-Պետրոսյանին հաշտվել ամերիկացի դիվանագետների հետ, ցույց կտա ժամանակը: Այս պահին կարելի է միայն վստահորեն պնդել, որ դեսպանատան հետ հարաբերությունները ՀԱԿ-ի միակ խնդիրը չեն: Խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը մեկ ամիս, իսկ տարաձայնությունները ՀԱԿ առաջնորդների և կողմնակիցների միջև միայն խորանում են, ինչը հասունացնում է «երկրորդ ընդմիջում» վերցնելու կենսական անհրաժեշտություն: Ընդմիջում, որից ՀԱԿ-ը կարող է այլևս չվերադառնալ:

 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում