Թուրքերն ու ադրբեջանցիները մատնվել են խուճապի, որ Տուվալուն կարող է ճանաչել Արցախը
Նմանատիպ
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Մարտի 16-ը Միավորված ազգերի կազմակերպությունում սովորական օր էր, երբ Հայաստանի ու Տուվալուի ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Տուվալուն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքր պետություն է, Մանհեթենից էլ փոքր, որի բնակչությունը հազիվ հասնի 10,000-ի: Ո՞վ կմտածեր, որ նման սովորական մի հայտարարություն կարող էր այսքան մեծ խուճապ առաջացնել Թուրքիայում և Ադրբեջանում:
Այս լուրը չէր հայտնվի համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, եթե չլիներ թուրքական Հուրիեյեթ թերթի «խորաթափանց» լրագրող Ուղուր Էրգանի «սուր» աչքը: Նա կարճ ժամանակում Տուվալուին հանեց անհայտությունից` դարձնելով այն ամենաշատ քննարկվող երկիրը թուրքերի և ադրբենջանցիների շրջանակներում: Էրգանը մեջբերեց անանուն թուրք պաշտոնատարներին` նշելով, որ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ և տոննայով փող է խոստացել Տուվալուին, որպեսզի նա լինի Արցախը ճանաչող առաջին պետությունը:
Այնուհետև, Էրգանը բացատրում է, որ Անկարային «անհանգստացնում է» այն կասկածը, որ Տուվալուի կողմից Արցախի ճանաչման համար Հայաստանը կանի այն, ինչ թուրք պաշտոնատարներն արել են տասնամյակներ շարունակ` ստանալ քաղաքական շահեր դրամական նվերների դիմաց: Նրանք վերագրում են իրենց առօրյա գործելակերպը ուրիշներին: Ինչպես Աստվածաշնչում է նշվում, նրանք տեսնում են ուրիշների աչքերի փուշը, սակայն չեն տեսնում իրենց աչքերի գերանը:
Ադրբեջանցի պաշտոնատարներն էլ ավելի անհանգստացած էին` ենթադրելով, որ Տուվալուն արդեն շուտով կճանաչի Արցախը: Իշխող «ՆորԱդրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն լրագրող Ի. Իսաբալայևայի հետ հարցազրույցում ծաղրեց Տուվալուի պատրաստակամությունը «ճանաչելու որևէ պետություն, նույնիսկ գոյություն չունեցող երկրի, փոքր գումարի դիմաց»:
Միրզազադեն լավ է հասկանում կաշառքով ձայներ գնելու գործելակերպը: Միջազգային մամուլով հայտարարվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գործի է դրել երկրի վիթխարի նավթային դոլարները վերջին տարում` առատաձեռն ֆինանսական միջոցներ տրամադրելով աղքատ երկրներին ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամակցության համար քվեների դիմաց:
Ադրբեջանը հետևում է իր ավագ եղբայր Թուրքիայի` ՄԱԿ–ում ձայներ գնելու քայլերին: Գարեթ Ջենքինսը «Eurasian Daily Monitor»–ում ասաց, որ Թուրքիայի կառավարությունը Ստամբուլ է հրավիրել Տուվալուի, Տոնգայի, Նաուրուի, Վանուատուի, Սողոմոն կղզիների, Մարշալ կղզիների, Կուկ կղզիների, Պապուա Նոր Գվինեայի, Պալաույի, Ֆիջիի, Միկրոնեզիայի և Սամոայի ղեկավարներին ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում Թուքիայի անդամակցության համար ձայներ ապահովելու համար: Մի զարմացեք, եթե երբևիցե չեք լսել Խաղաղ օվկիանոսյան այս կղզիների անունները: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Սեները անկեղծ խոստովանեց. «Ես նախկինում երբևէ չեմ լսել դրանցից մի քանիսի անունները, սակայն նրանք բոլորն էլ ունեն քվեարկելու իրավունք ՄԱԿ–ում»: Թուրքիայի ծրագիրը հաջողվեց: 2008 թվականին Թուրքիան ստացավ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում իր աթոռը` առաջարկելով միլիոնավոր դոլարներ աշխարհի չորս անկյուններում սփռված անհայտ տասնյակ երկրներին:
Հուրիյեթ թերթի ավելի անկեղծ մեկնաբան Յիլմազ Օզդիլը համարձակորեն հակադարձեց Էրգանի զեկույցին` հաստատելով, որ Թուրքիան առաջինն էր, ով «կաշառքներ» է առաջարկել Տուվալուին և այլոց: Օզդիլը բացահայտեց, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում ընտրվելու համար Թուրքիան տվել է հետևյալ միջնորդավճարները`
— Անգոլային, Եթովպիային, Գամբիային, Սուդանին և Կոմորոսին դեղորայք,
— Զիմբաբվեում առևտրի կենտրոն,
— Մավրիտանիային ախոռներ,
— Նիգերիային խմելու ջրի ցանց,
— Եթովպիայում ջրամբարներ,
— Գանային գրենական պիտույքներ,
— Սուդանին դաշտային հիվանդանոց,
— Մոզամբիկին և Մավրիտանիային անասնապահական տեխնոլոգիա,
— Բենինում էլեկտրական ցանց,
— Գամբիային ձուլարաններ,
— Էրիտրեային, Տոգոյին և Լեսոտոյին և Ուգանդային վերապատրաստման դպրոցներ,
— Գվինեայում ոստիկանության վերապատրաստում,
— Մալիին պատվաստանյութեր,
— Տանզանիային և Չադին մարդասիրական աջակցություն,
— Կոնգոյին դպրոց,
— Լիբերային և Սիերա Լեոնեին կոյուղու համակարգ,
— Պալաուին VIP միկրոավտոբուսներ,
— Անտիգուային համակարգիչներ,
– Սուրբ Վինսենտի և Գրենադիների վարչապետին աղուհացով դիմավորում, նրա գրպանները նվերներով լցնելը, և նրան մասնավոր ուղղաթիռի տրամադրում Իզմիր թռչելու համար,
— Տուվալուին ֆուտբոլի գնդակների և պոմպերի նվիրաբերում:
Մեկ այլ թուրք մեկնաբան Դենիզ Զեյրեկը «Ռադիկալ» թերթում գրեց մի զավեշտալի հոդված` «Տուվալու, ետ տուր մեր ֆուտբոլի գնդակները» վերնագրով: ՄԱԿ–ում ձայներ գնելու նպատակով, Զեյրեկը հայտնեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հարցրել է այդ ժամանակ իր երկրում հյուրընկալված Տուվալուի վարչապետին, թե արդյոք նրա երկիրը որևէ բանի կարիք ունի: Տուվալուի պաշտոնատարներն ապշեցուցիչ պահանջ ներկայացրեցին: Ասացին, որ իրենց երեխաները սիրում են ֆուտբոլ խաղալ, սակայն գնդակ չունեն: Թուրքիան անմիջապես Տուվալու ուղարկեց հարյուրավոր ֆուտբոլի գնդակներ պոմպերի հետ միասին: Ապա, Տուվալուն կատարեց Թուրքիայի պահանջը` սատարելով ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում Թուրքիայի թեկնածությանը:
Զեյրեկն ավարտեց իր հոդվածը հետևյալ ծաղրական հարցով. «Արդյո՞ք Թուրքիան այժմ ետ կպահանջի իր գնդակները, եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը»:
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում