Թուրքերն ու ադրբեջանցիները մատնվել են խուճապի, որ Տուվալուն կարող է ճանաչել Արցախը

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

 Մարտի 16-ը Միավորված ազգերի կազմակերպությունում սովորական օր էր, երբ Հայաստանի ու Տուվալուի ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Տուվալուն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքր պետություն է, Մանհեթենից էլ փոքր, որի բնակչությունը հազիվ հասնի 10,000-ի: Ո՞վ կմտածեր, որ նման սովորական մի հայտարարություն կարող էր այսքան մեծ խուճապ առաջացնել Թուրքիայում և Ադրբեջանում:

Այս լուրը չէր հայտնվի համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, եթե չլիներ թուրքական Հուրիեյեթ թերթի «խորաթափանց» լրագրող Ուղուր Էրգանի «սուր» աչքը: Նա կարճ ժամանակում Տուվալուին հանեց անհայտությունից` դարձնելով այն ամենաշատ քննարկվող երկիրը թուրքերի և ադրբենջանցիների շրջանակներում: Էրգանը մեջբերեց անանուն թուրք պաշտոնատարներին` նշելով, որ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ և տոննայով փող է խոստացել Տուվալուին, որպեսզի նա լինի Արցախը ճանաչող առաջին պետությունը:

 Այնուհետև, Էրգանը բացատրում է, որ Անկարային «անհանգստացնում է» այն կասկածը, որ Տուվալուի կողմից Արցախի ճանաչման համար Հայաստանը կանի այն, ինչ թուրք պաշտոնատարներն արել են տասնամյակներ շարունակ` ստանալ քաղաքական շահեր  դրամական  նվերների դիմաց: Նրանք վերագրում են իրենց առօրյա գործելակերպը ուրիշներին: Ինչպես Աստվածաշնչում է նշվում, նրանք տեսնում են ուրիշների աչքերի փուշը, սակայն չեն տեսնում իրենց աչքերի գերանը:

Ադրբեջանցի պաշտոնատարներն էլ ավելի անհանգստացած էին` ենթադրելով, որ Տուվալուն արդեն շուտով կճանաչի Արցախը: Իշխող «ՆորԱդրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն լրագրող Ի. Իսաբալայևայի  հետ հարցազրույցում ծաղրեց Տուվալուի պատրաստակամությունը «ճանաչելու որևէ պետություն, նույնիսկ գոյություն չունեցող երկրի, փոքր գումարի դիմաց»:

 Միրզազադեն լավ է հասկանում կաշառքով ձայներ գնելու գործելակերպըՄիջազգային մամուլով հայտարարվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գործի է դրել երկրի վիթխարի նավթային դոլարները վերջին տարում` առատաձեռն ֆինանսական միջոցներ տրամադրելով աղքատ երկրներին ՄԱԿի անվտանգության խորհրդի անդամակցության համար քվեների դիմաց:

 Ադրբեջանը հետևում է իր ավագ եղբայր Թուրքիայի` ՄԱԿում ձայներ գնելու քայլերին:  Գարեթ Ջենքինսը «Eurasian Daily Monitor»ում ասաց, որ Թուրքիայի կառավարությունը Ստամբուլ է հրավիրել Տուվալուի, Տոնգայի, Նաուրուի, Վանուատուի, Սողոմոն կղզիների, Մարշալ կղզիների, Կուկ կղզիների, Պապուա Նոր Գվինեայի, Պալաույի, Ֆիջիի, Միկրոնեզիայի և Սամոայի ղեկավարներին ՄԱԿի անվտանգության խորհրդում Թուքիայի անդամակցության համար ձայներ ապահովելու համար: Մի զարմացեք, եթե երբևիցե չեք լսել Խաղաղ օվկիանոսյան այս կղզիների անունները: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Սեները անկեղծ խոստովանեց. «Ես նախկինում երբևէ չեմ լսել դրանցից մի քանիսի անունները, սակայն նրանք բոլորն էլ ունեն քվեարկելու իրավունք ՄԱԿում»: Թուրքիայի ծրագիրը հաջողվեց: 2008 թվականին Թուրքիան ստացավ ՄԱԿի անվտանգության խորհրդում իր աթոռը` առաջարկելով միլիոնավոր դոլարներ աշխարհի չորս անկյուններում սփռված անհայտ տասնյակ երկրներին:

Հուրիյեթ թերթի ավելի անկեղծ մեկնաբան Յիլմազ Օզդիլը համարձակորեն հակադարձեց Էրգանի զեկույցին` հաստատելով, որ Թուրքիան առաջինն էր, ով «կաշառքներ» է առաջարկել Տուվալուին և այլոց: Օզդիլը բացահայտեց, որ ՄԱԿի անվտանգության խորհրդում ընտրվելու համար Թուրքիան տվել է հետևյալ միջնորդավճարները`

 — Անգոլային, Եթովպիային, Գամբիային, Սուդանին և Կոմորոսին դեղորայք,

 Զիմբաբվեում առևտրի կենտրոն,

Մավրիտանիային ախոռներ,

Նիգերիային խմելու ջրի ցանց,

Եթովպիայում ջրամբարներ,

Գանային գրենական պիտույքներ,

Սուդանին դաշտային հիվանդանոց,

Մոզամբիկին և Մավրիտանիային անասնապահական տեխնոլոգիա,

Բենինում էլեկտրական ցանց,

Գամբիային ձուլարաններ,

—  ԷրիտրեայինՏոգոյին և Լեսոտոյին և Ուգանդային վերապատրաստման դպրոցներ,

Գվինեայում ոստիկանության վերապատրաստում,

Մալիին պատվաստանյութեր,

Տանզանիային և Չադին մարդասիրական աջակցություն,

 Կոնգոյին դպրոց,

Լիբերային և Սիերա Լեոնեին կոյուղու համակարգ,

Պալաուին VIP միկրոավտոբուսներ,

Անտիգուային համակարգիչներ,

Սուրբ Վինսենտի և Գրենադիների վարչապետին աղուհացով դիմավորում, նրա գրպանները նվերներով լցնելը, և նրան մասնավոր ուղղաթիռի տրամադրում Իզմիր թռչելու համար,

 Տուվալուին ֆուտբոլի գնդակների և պոմպերի նվիրաբերում:

 Մեկ այլ թուրք մեկնաբան Դենիզ Զեյրեկը «Ռադիկալ» թերթում գրեց մի զավեշտալի հոդված` «Տուվալու, ետ տուր մեր ֆուտբոլի գնդակները» վերնագրով: ՄԱԿում ձայներ գնելու նպատակով, Զեյրեկը հայտնեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հարցրել է այդ ժամանակ իր երկրում հյուրընկալված Տուվալուի վարչապետին, թե արդյոք նրա երկիրը որևէ բանի կարիք ունի: Տուվալուի պաշտոնատարներն ապշեցուցիչ պահանջ ներկայացրեցին: Ասացին, որ իրենց երեխաները սիրում են ֆուտբոլ խաղալ, սակայն գնդակ չունեն: Թուրքիան անմիջապես Տուվալու ուղարկեց հարյուրավոր ֆուտբոլի գնդակներ պոմպերի հետ միասին: Ապա, Տուվալուն կատարեց Թուրքիայի պահանջը` սատարելով ՄԱԿի անվտանգության խորհրդում Թուրքիայի թեկնածությանը:

Զեյրեկն ավարտեց իր հոդվածը հետևյալ ծաղրական հարցով. «Արդյո՞ք Թուրքիան այժմ ետ կպահանջի իր գնդակները, եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը»:

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում