Էդ.Նալբանդյան. «Հայաստանը երբեք չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու փորձերը»

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս բարեկամական Կիպրոսի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցության առավել ամրապնդմանն ու զարգացմանը եւ այս այցելությունը լավ հնարավորություն է ի մի բելերու ձեռքբերումները, մշակելու նոր նախագծեր եւ ծրագրեր:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Կիպրոսի համագործակցությունը վերելք է ապրել, ինչը նշանավորվել է նաեւ երկու երկրների ղեկավարների պետական փոխայցելություններով», հավելեց նախարար Նալբանդյանը:

Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բովանդակալից քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման ուղիների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Նախարարները երկուստեք կարեւորեցին կիպրահայ համայնքի նշանակալի ավանդն ու ներդրումը միջպետական համագործակցության ամրապնդման գործում:

Այս տարվա երկրորդ կեսին ԵՄ-ում կիպրական նախագահության ենթատեքստում հանգամանալից անդրադարձ եղավ Հայաստան – ԵՄ համագործակցությանն ու այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին, գոհունակությամբ նշվեց Եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացում Հայաստանի արձանագրված առաջընթացը:

Տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ, նախարարները մտքեր փոխանակեցին կիպրական հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի վերաբերյալ: «Հայաստանն իսկապես մտահոգված է Կիպրոսի խնդրի կարգավորմամբ: Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու փորձերը: Կիպրոսի խնդիրը պետք է գտնի իր արդարացի եւ իրավական լուծումը», ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

Նախարար Նալբանդյանն իր կիպրացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս առնչությամբ Կիպրոսի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը սատարում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ Եվրոպական միության վերաբերյալ հարցերում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիրը, ապա հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է միջազգային ատյաններում միասնաբար հանդես գալու հնարավորությունը՝ Էդ.Նալբանդյանը նշել է, համագործությունն առկա է, և այս հանդիպումը ևս մեկ առիթ էր՝ վերահաստատելու, որ «երկու երկրների կողմից այդ համագործակցությունը ավելի սերտորեն է իրականացվելու ապագայում թե՛ ՄԱԿ-ի, թե ԵԱՀԿ-ի, թե՛ Եվրախորհրդի, թե՛ այլ միջազգային ատյանների շրջանակներում»

Մեկնաբանելով Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի որոշումից հետո հնչած թուրքական և ադրբեջանական այն մեկնաբանությունները, թե դա խոսքի ազատության հաղթանակն էր, ՀՀ արտգործնախարարը նկատել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մամուլի ազատության ինդեքսով վերջին հորիզոնականներում են գտնվում (162-րդ, 148-րդ տեղերում). «Չեմ կարծում, որ հենց այդ երկրներն իրենց կարող են իրավունք վերապահել, որ դաս տան, կամ ասեն այլ երկրներին, թե ինչ է նշանակում խոսքի ազատությունը»: 

Անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող այն տեղեկատվությանը, թե առաջիկայում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջնորդությամբ Սարգսյան- Ալիև հանդիպում է նախաձեռնվելու, և պատասխանելով այն հարցին, թե որքանով է այս միջնորդական ձևաչափը ընկալելի հայկական կողմի համար, Էդ.Նալբանդյանն ասել է.

«Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների, որպես Մինսկի խմբի եռանախագահող երկիր, ապա Միացյալ Նահանգները կարևոր կառուցողական միջնորդական ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Իսկ իբրև թե առկա կամ հնարավոր թուրքական միջնորդության վերաբերյալ, ես կարող եմ միայն ասել, որ դա անհեթեթություն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում