Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր

Այսօր կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիայի հանդիպումը, տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը, և ես վստահ եմ, որ այս այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև եղած բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման և դրանց հետագա զարգացման համար»:

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշեց, որ ուրախ է այցելել Երեւան եւ շարունակել երկխոսությունը՝ տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Տուոմիոյիան գոհունակությամբ արձանագրեցին համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ:

Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Էրկկի Տուոմիոյիան ներկայացրեց Ֆինլանդիայում տեղի ունեցող ընտրական գործընթացները:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում