Էդ.Նալբանդյան. «Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատվիրակություններին»
Նմանատիպ
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր հարաբերությունների զարգացմանը Ֆինլանդիայի հետ և այսօր առիթն օգտագործեցինք՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, նաև Եվրոպական միություն-Հայաստան փոխգործակցությունը»: Այս մասին այսօր նլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոայի հետ համատեղ մամլո ասուլիսում ասել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ բանակցությունները շարունակելու հնարավորություն կլինի նաև այսօր՝ օրվա երկրորդ կեսին:
Մեկնաբանելով այն հարցը, որ Ադրբեջանի իշխանությունները Բաքու այցելող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից փորձում են հայտարարություններ կորզել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ՝ շեշտելով տարածքային ամբողջականության սկզբունքը, Էդ. Նալբանդյանը նկատել է, որ դա, ցավոք, իսկապես այդպես է:
«Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատվիրակություններին՝ կորզելու համար միակողմանի ձևակերպումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Պարզ է, որ այդ մոտեցումը և ադրբեջանական այս փորձերի ջրաղացին ջուր լցնելը օգտակար չի կարող լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար»,- նշել է ՀՀ արտգործնախարարը:
Էդ.Նալբանդյանն ուշադրությունը կենտրոնացրել է այն բանի վրա, որ ինքնորոշման իրավունքը, ինքնորոշման սկզբունքը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ նաև ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ միջազգային հանրության կարևորագույն նպատակներից է. «Այս սկզբունքն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմքում, որն առաջարկում են եռանախագահները այլ սկզբունքների հետ միասին»:
ԱԳ նախարարը նաև հիծեցրել է այն որոշումները և հայտարարությունները, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի շրջանակներում, այն է՝ Հելսինկիում ընդունված 2008թ. դեկտեմբերին, Աթենքում՝ 2009թ. դեկտեմբերին, Ալմա-Աթայում՝ 2010թ. հուլիսին, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Աստանայում 2010 թ. դեկտեմբերին, անցյալ տարի դեկտեմբերին Վիլնյուսում՝ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում. «Այս բոլոր ընդունված հայտարարությունների մեջ հստակ նշվում է ինքնորոշման իրավունքի մասին և եռանախագահները բազմիցս հայտարարել են, նաև ամենաբարձր մակարդակով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, իր ապագա կարգավիճակը»,- շեշտել է ԱԳ նախարարը:
Էդ.Նալբանդյանը նաև հավելել է, որ Ադրբեջանի կողմից նման փորձերը ոչ թե նպատակ ունեն նպաստել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, այլ թոզ փչել իրենց հանրության աչքերին. «Սա միանշանակ օգտակար չէ կարգավորման գործընթացի համար: Բայց հուսով ենք, որ միջազգային հանրության, եռանախագահների աջակցությամբ բանակցությունները կշարունակվեն և լուծում կգտնվի այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկված են եռանախագահների կողմից՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում