Մամուլն այսօր. Ռուս լրագրող-դեսանտների և հետընտրական պաշտոնափոխությունների մասին

Ընտրություններ.

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԲՀԿ-ն սկսել է ընդդիմադիր դաշտում խաղալ. այս կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն ընդդիմադիր քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ միասին ԲՀԿ անունից երեկ ստորագրել է «Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին» փաստաթղթի տակ: Ընդ որում, այս փաստաթուղթը ստորագրվել է ԲՀԿ ցուցակում հանգրվանած Հմայակ Հովհաննիսյանի` Քաղաքագետների միության հրավիրած քննարկման շրջանակներում: Թերթը տեղեկացել է, որ ԲՀԿ-ն այս քայլին գնացել է Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելուց հետո: Իսկ նպատակն ընտրություններից առաջ ընդդիմադիր կերպար ձեռք բերելն ու ընդդիմությունից ձայներ խլելն է: Ու հենց այս նպատակով էլ ժամանակին ԲՀԿ-ն ստեղծվել է: Թերթի հարցին, թե ԲՀԿ-ն իր քայլը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ, ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը պատասխանել է. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Հրավերը եղել է Քաղաքագետների միության կողմից, ու ԲՀԿ-ն մասնակցել է»:

«Հրապարակ»-ը գրում է, որ եթե ընտրությունները նախկինում երբեմնի հարազատներին դարձնում էին հակառակորդ, նույնիսկ թշնամի, ապա Մասիսի շրջանի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի համար այս ընտրությունները, կարելի է ասել, վաղեմի թշնամու հետ հաշտեցման պատճառ են դարձել: «Բանն այն է, որ դարակերտցի Մուրադ Մուրադյանը և հարակից Դաշտական գյուղում բնակվող ՕԵԿ անդամ Մհեր Համբարձումյանը, նույն ինքը՝ Թույների Մհերը, տարիներ շարունակ անձնական լարված, նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեին: Հիմա, երբ ՀՀԿ թեկնածուն հայտնվել է նեղ վիճակում, որովհետև ի դեմս ԲՀԿական Տիգրան Ստեփանյանի ուժեղ մրցակից ունի, օգնության է հասել կոալիցիոն մյուս գործընկեր, ՕԵԿական Մհերը, և նրանք հաշտվել են: Վերջինս մարզում բարձր հեղինակություն է վայելում և կարող է շատ ավելին անել հօգուտ Մուրադյանի»,- նշում է թերթը: Ընդ որում, թերթի տեղեկություններով, հաշտեցումը կայացել է վերևների հրահանգով:

«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ թեև ՀՀԿ-ն Երևանի թիվ 12 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրել, բայց չի էլ թողնելու, որ հաղթի ԲՀԿ-ի թեկնածու Լյովա Խաչատրյանը:

Թերթը հիշեցնում է, որ Ապարանից պատգամավոր ընտրված Լ. Խաչատրյանն այս անգամ նույն ընտրատարածքում չառաջադրվեց, որովհետև ՀՀԿ-ն նրա փոխարեն պաշտպանում էր Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը: Իսկ ՀՀԿ-ն չպաշտպանեց Լ.Խաչատրյանին, քանի որ նա քննադատել էր կառավարության գործունեությունը: Վերջինս անդամագրվեց ԲՀԿ-ին ու այդ ուժի կողմից առաջադրվեց Շենգավիթ և էրեբունի համայնքների որոշ հատվածներն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Իր վերջին քայլերի, ինչպես նաև` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում Լ. Խաչատրյանն արժանացել է ՀՀԿ վերնախավի դժգոհությանը և կորցրել նրանց աջակցությունը: Նա նաև անծանոթ է այդ տարածքի ընտրողների համար: Արդյունքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այդ ընտրատարածքում, որտեղ ՀԱԿ-ի կողմից առաջադրվել է Տիգրան Տեր-Պետրոսյանը, «Ժառանգությունից»` Անահիտ Բախշյանը, ՕԵԿ-ից` Ռոբերտ Մասումյանը, ՀՅԴ-ից` Կառլեն Գևորգյանը և լրագրող Գոհար Վեգիրյանը: Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ իշխանություններն այդ ընտրատարածքը «հանձնեն» ընդդիմությանը:

Ու՞մ ի՞նչ պաշտոն է սպասվում.

«Հրապարակ»-ը հաղորդում է, որ ըստ ՀՀԿականների, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Ինչպես հայտնի է` այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ասում են` խորհրդարանական ընտրություններից հետո նրան պաշտոնի բարձրացում է սպասվում: Արդեն տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի հիմնական հավակնորդն է: Իսկ Աղվան Հովսեփյանին Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրություններից հետո հանել: Թերթի աղբյուրներն ասում են նաև, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Աբրահամյանի համար կլինի միջանկյալ: Աբրահամյանն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մինչև նախագահական ընտրություններ, որից հետո էլ կարող է ակնկալել ավելի հիմնավոր և երկարատև նշանակում պետական կառավարման համակարգում:

Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը վերջերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Պատճառը եղել է նրա նեղացածությունը: Ըստ լուրերի՝ նրան ՀՀԿի 13-րդ համագումարի ժամանակ չեն թույլատրել ելույթ ունենալ: Այդ լարվածությունը հարթելու համար Սարգսյանն Ասրյանին խոստացել է ապագա կառավարությունում նրան «տեղ» հատկացնել:

 Թերթի հետ զրույցում Ասրյանն ասել է, թե համագումարի ժամանակ ինքը չի ցանկացել ելույթ ունենալ. «Ելույթի մասին խոսակցություն չի եղել, օրակարգում էլ նախատեսված չի եղել: Ինչ վերաբերում է ապագա կառավարությունում իմ տեղ ունենալու հարցին, ես չեմ կարող պատասխանել, քանի որ այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն հանրապետության նախագահը»:

Զարմանազան.

«Առավոտ»-ի տեղեկություններով` այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում Հայաստանի իշխանական վերնախավի հետ: Մասնավորապես, նրանց ընդունել է վարչապետ Տիզրան Սարգսյանը և պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին: Ասում են, որ ռուս լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է ՌԴ իշխանական վերնախավի անմիջական մտահղացմամբ: Վերջիններս այս կերպ փորձում են շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին` ի դեմս նախագահի և կառավարության, ՌԴ նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինին աջակցելու համար:

«Հայկական ժամանակը» գրում է, որ ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախկին ղեկավար Արտաշես Գյումրյանը թերթին հայտնել է, թե ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մարդիկ փորձում են կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: «Բանն այն է, որ Պարոնյան փողոցի վրա գտնվող ԵԿՄ Կենտրոնի կազմակերպության գրասենյակի տարածքի մի մասում շարունակում են հավաքվել Գյումրյանի մարդիկ, իսկ մյուս մասում` բաժանմունքի նոր ղեկավարն ու անդամները: Ըստ Գյումրյանի, ԵԿՄ այդ նոր անդամները մեքենա են կանգնեցրել իրենց մուտքի դիմաց, այդպիսով փակել են մուտքը` թույլ չտալով, որ իր համախոհները շենք մտնեն: 

Նախկին ԵԿՄականները, սակայն, կոնֆլիկտ չեն հրահրել և հեռացել են: Իսկ նորերը հավաքվել են ու ինչոր փաստաթղթեր բերել` լրագրողներին ապացուցելու նպատակով, որ Արտաշես Գյումրյանը ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, և որ կառույցին տրամադրված գումարները նպատակին չեն ծառայել: Լարվածությունը «Երկրապահում» շարունակվում է: Մեր տեղեկություններով, առաջիկայում այդ կառույցից էլի մարդիկ են դուրս գալու»,- գրել է թերթը: 

«Երկիր» օրաթերթը հիշեցնում է, որ մարտի 30-ին ՏՄՊՊՀն 5 միլիոն դրամով տուգանեց «ՄԳԱ Վոթըր» ընկերությանը, որը ծորակի ջուրը շշալցնում էր և վաճառում` մոլորեցնելով մարդկանց: Բացի տուգանվելուց, ընկերությանը պարտադրվել է հնգօրյա ժամկետում ապրանքը հանել շուկայից:

«
Հնգօրյա ժամկետն ավարտվում էր ապրիլի 3-ին, այնինչ, երեկ` ապրիլի 4-ին, Աժի ճեմասրահներում դրված ջրալից սարքերը թարմացվել են «Մաքուր ջուր» ապրանքանիշով: Այսինքն ոչ միայն շրջանառությունից դուրս չի եկել, այլև արդեն օրենսդիր մարմինն է այս ընկերության կեղծ արտադրանքի սպառմանը նպաստում: Ի դեպ, մինչև վերջերս ապրանքանիշից օգտվում էր նաև ՏՄՊՊՀն: Ավելին, ընկերությանը տուգանելիս, հանձնաժողովում դրված էր ընկերության ջրալից սարքը: Մինչդեռ, ՏՄՊՊՀ հայտարարության մեջ նշված էր. «Ընկերությունն ակնհայտորեն ոտնահարել է սպառողների շահերը` նրանց գցելով շփոթության և թյուրիմացության մեջ»: Ստացվում է` շփոթության մեջ են ընկնում կամովին»,- նկատել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում