Էդ.Նալբանդյան. «Հայ-լիտվական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն»
Նմանատիպ
Այսօր կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-լիտվական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1991 թ., Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ, Լիտվան առաջինն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Երեւանում եւ առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացել է դեսպանություն:
Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի համար` Աուդրոնիուս Աժուբալիսը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ վերջին տարիներին ակտիվացած համագործակցության կապակցությամբ` ընդգծելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների, ամուր իրավապայմանագրային դաշտի, առեւտրատնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ծավալների աճի կարեւորությունը:
Հայաստանի եւ Լիտվայ ԱԳ նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների հարցերի, մի շարք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ:
Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Այս ենթատեքստում քննարկվեցին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ առումով նախարար Աժուբալիսը վերահաստատեց Լիտվայի աջակցությանը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում