ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային կրկին կոչ է արել վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցական ունեցվածքը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Թուրքիային կոնկրետ քայլեր ձեռնարկել բռնագրավված հայկական եկեղեցական ունեցվածքը վերադարձնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին, Քլինթոնն այս մասին նշել է իր գրավոր նամակում ի պատասխան դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանի` իրեն ուղղած մի շարք հարցերի: Գրավոր նամակում Քլինթոնը նշել է, որ կրոնական փոքրամասնություններից բռնագրավված ունեցվածքը պետք է վերադարձնել իրենց օրինական տերերին: Նա խոստացել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը կշարունակի ցուցաբերել զգոնություն կրոնական ունեցվածքը վերադարձնելու հարցում եւ խրախուսել անհրաժեշտ բարեփոխումները երկրում:

«Կալիֆորնիայի եւ ողջ ԱՄՆ-ի հայերն իրենց երախտագիտությունն են հայտնում կոնգրեսական Բերմանին Պետքարտղուղարության առջեւ այսքան կարեւոր խնդիրը բարձրացնելու համար»,-նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Պետքարտուղար Քլինթոնին ուղղած հարցերում կոնգրեսական Բերմանը նաեւ խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների եւ դրա հետեւանքով վերջերս հայ զինվորի մահվան մասին, ինչպես նաեւ Մինսկի խմբի երեք համանախագահների հայտարարությունների, որոնք կոչ են անում հետ պահել դիպուկահարներին` լարվածությունը նվազեցնելու համար: Այս հարցին Քլինթոնը պատասխանել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության կողմերին օգնելու սկզբունքին: «Մենք վերահաստատում ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, եւ միայն խաղաղ կարգավորումը կբերի անվտանգության, կայունության եւ հաշտեցման տարածաշրջանում: Մենք ցավում ենք ցանկացած կորստի համար եւ շարունակում ենք կոչ անել բոլոր կողմերին քայլեր ձեռնարկել դիպուկահարների դուրսբերման հարցում, բարելավել ընդհանուր մթնոլորտը բանակցությունների, զոհերի թիվը կանխելու եւ հրադադարի իրականացումն ամրապնդելու համար»,-նշել է Քլինթոնը:

Իսկ վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-Հայաստան առեւտրային հարաբերությունների արդյունքում ձեռքբերված առաջընթացի վերաբերյալ Բերմանի հարցին, Քլինթոնն ընդգծել է «Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի» (USATF) ջանքերը, որոնցով ամրագրվել են հայ-ամերիկյան հարաբերությունների սկզբունքները: «Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբն ամեն տարի փորձում է խորացնել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները, քննարկում է Հայաստանում հնարավոր շուկայական բարեփոխումները: Իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության հետ Հայաստանը նոր է ավարտել 5 տարվա ծրագիրը: Այն ուշադրություն է դարձրել գյուղատնտեսության արտադրանքի արտահանման ու այս ոլորտում մասնավոր սեկտորի ներդրումների աճի վրա, որն իր ազդեցությունը կունենա առեւտրի վրա»,-շեշտել է Քլինթոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում