ՄԻՊ. «Նախընտրական շրջանում առավել օբյեկտիվություն ապահովելու են էլեկտրոնային լրատվամիջոցները»
Նմանատիպ
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդու Իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նախընտրական շրջանին և ՄԻՊ-ի գործողություններին այդ շրջանակներում:
Պաշտպանը նշել է, որ իրենց գրասենյակը նույնպես նախապատրաստվում է ընտրություններին. «Ապրիլի 9-ից կկազմվի արագ արձագանքման խումբ, որը քսան շրջիկ մեքենաների օգնությամբ կարձագանքի այս կամ այն ահազանգին: ՄԻՊ աշխատակազմում գործող թեժ գծի հեռախոսահամարը` 116, կգործի նաև այդ օրերին»:
Կ.Անդրեասյանը նաև նշել է, որ ընտրական գործընթացին կներգրավվեն Պաշտպանի մարզային գրասենյակները Կապանում, Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Իջևանում: Երևանամերձ համայնքներում կաշխատեն ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները:
Ընտրական գործընթացում արձանագրած այս կամ այն խնդիրներն ու դիտարկումները կամփոփվեն կամ հայտարարությամբ կամ միջանկյալ զեկույցի տեսքով:
Պաշտպանը տեղեկացրել է, որ մտադիր է հանդիպումներ կազմակերպել կուսակցությունների և դաշինքի շտաբերի հետ, իսկ ազատ և արդար ընտրություններ սպասում է ոստիկանապետից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից, Գլխավոր դատախազից ու Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովից. «Այս պաշտոնյաներն են, որ իրենց իրավասությամբ անկախ են գործում և կախված չեն որևէ մեկից»:
Գնահատելով սպասվող ընտրությունների ռիսկերը` Կ.Անդրեասյանը հույս է հայտնել, որ հնարավոր բոլոր վտանգները նախընտրական փուլում են լինելու, իսկ քվեարկության օրը ամեն ինչ հարթ կանցնի. «Իմ սպասելիքն է, որ քվերակության օրը լինելու է մաքուր, խաղաղ, հանգիստ։ Եթե կան մեղադրանքներ, դրանք թող դառնան իրավական գործընթացի մաս»,- ընդգծել է պաշտպանը՝ հավելելով, որ կանխատեսումներ սպասվող խախտումների մասին չի կարող անել, քանի որ «գուշակ չէ»:
Խոսելով ընտրությունների լուսաբանումից՝ ՄԻՊ–ը միակողմանի դաշտ է համարել հեռուստատեսությունը: Կ.Անդրեասյանի համոզմամբ՝ իշխանամետ լրատվամիջոցների գործունեությունն ավելի կանխատեսելի է, քան ընդդիմադիրինը:
«Ամենահետաքրքիրն ընդդիմադիր լրավամիջոցներն են, որոնք կարող են գումարի դիմաց տպագրել իրենց քաղաքականությանը հակասող նյութեր»,-նկատել է նա:
Ըստ ՄԻՊ-ի՝ նախընտրական շրջանում առավել օբյեկտիվություն ապահովելու են էլեկտրոնային լրատվամիջոցները, ինչում էլ հենց կայանում է, պաշտպանի խոսքերով, այս ընտրությունների առավելությունը. «Ես անձամբ այդ լրատվամիջոցների սպառողն եմ, և ամեն նոր մեկնաբանության անհամբեր սպասում եմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում