Պեկինում նշվել է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը
Նմանատիպ
2012թ. ապրիլի 6-ին Չինաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՉԺՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք:
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ ողջույնի խոսքով հանդես եկան Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ՉԺՀ խորհրդարանի) Մշտական Կոմիտեի նախագահի տեղակալ Ձյան Շուշենը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Ելույթ ունենալով հանդիսության մասնակիցների առջև` Ձյան Շուշենը ՉԺՀ կառավարության և չին ժողովրդի անունից իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի ղեկավարությանը և հայ ժողովրդին: Դեսպան Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ անցած քսան տարիների ընթացքում երկու երկրների կողմից իրականացվել է հսկայական համատեղ աշխատանք, որի արդյունքում արձանագրվել են լուրջ հաջողություններ համագործակցության բոլոր բնագավառներում:
Ընդունելության ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինը ներկայացրեց և հայկական կողմին հանձնեց 20 տարիների ընթացքում երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ժողովածուն և տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններն ու հիշարժան իրադարձությունները պատկերող ֆոտոալբոմ, որը պատրաստվել էր ՉԺՀ ԱԳՆ կողմից Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում