Քաղաքագետ. «Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան` Ադրբեջանի հետ»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը տարածաշրջան պետք է բարձր գնահատել: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Բանախոսի կարծիքով՝ Ս.Լավրովի այցը Հայաստան նրանով էր հետաքրքիր, որ սկզբից հայտարարված էր, թե այն աշխատանքային է, սակայն վերջին պահին հայտարարվեց, որ այցն այլ կարգավիճակ ունի` պաշտոնական.

«Ըստ իս` այն արդարացրեց կարգավիճակի փոփոխությունը: Դրանով Ռուսաստանն ընդգծեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան` Ադրբեջանի հետ: Ռուսաստանը նաեւ արտահայտեց իր կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում»,-ընդգծել է քաղաքագետը:

Ս.Շաքարյանը համեմատություն է անցկացրել Երևանում ու Բաքվում ՌԴ ԱԳ նախարարի ելույթների միջև՝ նկատելով, որ Երևանում ԼՂ հարցին Ս. Լավրովն անդրադարձել է շատ մեղմ, իսկ Բաքվում` ընդհակառակը, Լավրովն արտահայտվել է շատ կոշտ: Քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ այս կերպ Ռուսաստանը նախապատրաստվում է ԼՂ բանակցային գործընթացի շրջանակներում հակամարտող կողմերի հետ հաջորդ հանդիպմանը:

«Նա եկել էր պատրաստելու, որ մայիսին, երբ Պուտինը կզբաղեցնի պաշտոնը, գործ ենք ունենալու կոշտ քաղաքականության հետ: Այդպիսով Ռուսաստանը որոշ երկրների` առաջին հերթին Թուրքիային զգուշացնում է, որ կարող է ճանաչել ԼՂ անկախությունը: Զգուշացնում է նաև Ադրբեջանին` նոր պատերազմ չհրահրել և տարածքն էլ չտրամադրել որևէ երրորդ պետության»,- գտնում է քաղաքագետը:

Բանախոսը նաև նկատել է, որ այսօր Ռուսաստանում երկարատև զորավարժություններ են ընթանում, և դա պատահական չէ. .Նման երկարատև զորավարժություններ անցկացվել է 2008-ին, որից հետո Օսեթիան և Աբխազիան անկախացան: Չենք ասում, որ Ռուսաստանը պատրաստվում է Ղարաբաղի անկախացումը ճանաչել, բայց սա որոշակի սիգնալ է»:

Մեկնաբանելով Ադրբեջանի` Իսրայելից գնած զինամթերքի հարցը, քաղաքագետը շեշտել է, որ եթե Ադրբեջանը «ատոմային ռումբ էլ գնի», միևնույն է չի գերազանցի իր հարևան երկրներին և չի խախտի ուժերի հավասարակշռությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում