Մամուլն այսօր. Նախընտրական և նախատոնական հիասթափությունների մասին

Ընտրություններ.

«Այս աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է, և երբևիցե դուրս մնալ այս կյանքում ունեցած գործունեություններից` ոչ մի կատաստրոֆա չկա դրա մեջ: Ամեն դեպքում, ով քաղաքականության հետ գործ չունի` ավելի հանգիստ կյանք ունի: Քաղաքականությունը մարդուց խլում է և ժամանակ, և նյարդեր, և առողջություն: Մեծ հաշվով, քաղաքականության տվածն ու քաղաքականությունից տարածը երբ համադրես, միշտ չէ, որ կոմպենսացվում են»,- «Առավոտ»-ի հարցին` մտավախություն չունի՞ «լուսանցքից դուրս» հայտնվելու, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ համամասնական ցուցակի 39-րդ հորիզոնականը զբաղեցնող Մխիթար Հարությունյանը՝ միաժամանակ նկատելով, որ քաղաքականությունից դեռ չի հոգնել, քաղաքականությունն էլ համարում է «աբստրակտ արվեստ», որի մեջ հետաքրքրություններ կարելի է գտնել:

«Երկիր»-ի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «ամենահամաչափը» ՕԵԿի համամասնական ցուցակն է: Այստեղ ընդգրկված անձանց կարելի է բաժանել մի քանի խմբի: Եվ այսպես, Բաղդասարյանին պատկանող Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան ողջ դասախոսական կազմով է ընդգրկվել ցուցակում: Ցուցակում են ինչպես ռեկտորը, երկու պրոռեկտորները, ֆինանսավարչական գծով տնօրենը, տնտեսագիտական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկանները, ֆրանսերենի ամբիոնի վարիչը, տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի դասախոսը, այնպես էլ Ակադեմիայի Գյումրու, Վանաձորի մասնաճյուղերի տնօրենները և Կապանի մասնաճյուղի լաբորանտը: Հաջորդ մեծ խումբը ԱԻՆ ՕԵԿական աշխատակիցներն են: Որքան որ հաջող 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում ԱԻ ՕԵԿական նախարար Արմեն Երիցյանը, նույնքան էլ հաջող հորիզոնականներում են նախարարության ՕԵԿական աշխատողները, նրանց թիվը ցուցակում հասնում է 13-ի: Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին, թեև բաժին է հասել ցուցակի 13-րդ հորիզոնականը, բայց իր ղեկավարած նախարարության ՕԵԿական աշխատողների թիվը ցուցակում 11 է:

Իսկ ահա 4-րդ հորիզոնականում հանգրվանած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախարարությունից ցուցակում ընդգրկել են ընդամենը 4-ին:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի նախաձեռնած «ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիտորինգային աշխատանքային խմբի» մասին «168 ժամ» թերթը զրուցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսի հետ: Ներկայացնում ենք հայտված  զրույցից:

Ինչպե՞ս եք գնահատում խարհրդարանում այդ կառույցի ստեղծումը:

Լավ նախաձեռնություն է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները  միասին աշխատում են: Նաեւ քաղաքացիական հասարակությունն է ներգրավված այդ հսկողության իրականացման աշխատանքում:

Խորհրադարանից դուրս էլ է մի կառույց ստեղծվել: Ինչպե՞ս եք գնահատում այն, եւ հնարավո՞ր է,որ մասնակցեք նաեւ նրանց աշխատանքներին:

Այդ կառույցից մենք դեռ հրավեր չունենք, իսկ խորհրդարանը պետական կառույց է եւ պաշտոնապես ներկայացնում է երկրի քաղաքացիների կողմից ընտրված ներկայացուցիչներին: Մյուսի հետ կապված`դեռ չգիտեմ, թե ինչպիսին կլինի: Ուզում եմ նաեւ նշել, որ մենք այստեղ որպես դիտորդ ենք ներգրավված: Հայաստանի հասարակութունն ու կուսակցությունները պետք է իրենց ակտիվ մասնակցությունը բերեն այդ գործընթացին:

– Ինչ նշանակություն ունեն այս ընտրությունները Հայաստանի համար, անցած ընտրությունների համեմատ ի՞նչ  տարբերություն կա:

Հայաստանում ազատ, արդար ընտրությունների անցկացումը չափազանց կարեւոր է մեր երկկողմ հարաբերությունների համար, ուստի մենք ուշադիր հետեւում ենք այդ ընտրությունների ընթացքին:

Նախատոնական հիասթափություն.

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ ԳՈԻՄի շուկայում մանդակը արժեր 7 հազար դրամ, սիբեխը` 3 հազար դրամ: Սա մի քանի անգամ ավելի թանկ է, քան` անցած տարվա նախազատկական օրերին: Զգալիորեն թանկացել են նաև տապակելու համար չնախատեսված կանաչեղենը:

«
Անշուշտ, սա որոշ չափով պայմանավորված է այս տարվա եղանակով, ինչպես ասում են` տարին ետ է ընկել: Բայց ուշագրավ է, որ ՀՀ ԱՎԾն օրերս հրապարակեց գնաճի ցուցանիշը, ըստ որի` մեր կյանքը անցած տարվա համեմատ գրեթե չի թանկացել: Այս ամենը, սակայն, նյութականն է, որը երկրորդական է: Կարևորը հոգևորն է. և ուրեմն` Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- եզրակացնում է թերթը:

«Ազգ» օրաթերթի թղթակիցը նույնպես անդրադառնում է թեմային՝ գրելով. «Ամեն տոն նախօրեին հոգս ու տրամադրության անկում է բերում: Եվ յուրաքանչյուր անգամ զղջում եմ, թե ինչու էի ավագ ընկերներիցս մեկի խոսքին առարկում, երբ նա պնդում էր, թե ամեն տոն, կապ չունի, աշխարհիկ թե հոգևոր, միևնույն է, բիզնեսի է վերածվում: Ցավալի է, բայց այդպես է` Ամանոր կլինի, Մարտի 8, Սբ Ծնունդ, թե Զատիկ, միևնույն է: Տոնից մեկ շաբաթ առաջ սկսվում է առևտրային իրարանցումը. պատկերը հուսահատեցնող է, որովհետև տարիներն անցնում, բայց հայ առևտրականի աչքը չի կշտանում, չի դաստիարակվում: Դրսում այդպես չէ, քաղաքակիրթ երկրներում այդ օրերին ճիշտ հակառակն է, անհրաժեշտ բնամթերքների գները գրեթե կրկնակի զեղչվում են:

Սբ. Հարության օրը` քրիստոնյա աշխարհի սրբազան տոնը, որքան էլ հոգևոր, միևնույն է, ենթարկվում է աշխարհիկ օրենքներին` նյութականացվածսեղանային ուտեստների տեսքով, որոնք, իհարկե, որոշակի խորհրդանիշեր են (ցավոք, հոգևոր կյանքի որևէ ճշմարիտ հունդ իրենց մեջ չկրողները, երբ փորձում են ինչոր ավանդույթների, խորհուրդների հետևել կամ եկեղեցու ծեսերին մասնակցել, շատ հաճախ դա վերածում են զավեշտի` հատուկ ի ցույց անելով կամ անտեղի թմբկահարելով):

Եվ ահա բիզնեսի հոգեբանությունը ծաղկում է հենց այս խորհրդանիշերի վրա` նվերի, թե ուտեստի տեսքով: Այս օրերին ամենապահանջարկով բնամթերքները (ներկանյութ, ձու, ձուկ, չամիչ, բրինձ, կանաչեղեն), սկսում են գնային հերթական «կամակոր» խաղը, ամեն անգամ դրանցից մեկը ավելի առաջ է անցնում: 

Այս տարի այդ պատվին արժանացավ կանաչեղենը: Տեսեք, ինչ է կատարվում շուկաներում: Չնայած եղանակը տաք է և ոչ բարենպաստ կանաչի վաճառողների համար, միևնույն է` անգամ երեկոյան, արդեն թոշնած ու սևացած կանաչին գինը չի գցում: Թարխունի չգնվածմնացած կապերը` արկղերում իրար վրա սևացածշարված, երբ առավոտյան այլևս պիտանի չեն լինելու և դեն են նետվելու, 100 դրամից չեն իջնում, ավելի թարմերը` 120-130 դրամ է (կրկնակի թանկացված): Արդյոք առևտրի այս մոտեցումը շահեկան է: Քանի արկղ կանաչի է դեն նետվում, շատերը ի վիճակի չեն գնելու, կամ էլ սիմվոլիկ գնումներ են անելու: Մտածել է պետք: Թեպետ իրենք իրենց հաշիվներն ավելի լավ գիտեն: Ափսո՜ս, ամենագեղեցիկ խորհուրդները, գաղափարները մեզանում միշտ այսպես ստվերվում են` դեմ առնելով առուծախի գծուծ հոգեբանությանը»:

Զարմանազան.

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերի իր սկանդալային հայտարարությանը` նշելով. 

«
Գիտեք, բազմաթիվ առիթներով ես ասել եմ, որ չարախոսությունը, այլոց սևացնելու հաշվին միավորներ վաստակելը, կեղծարարությունն ու բանսարկությունը դարձել են մեր քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Հենց դրանով են առաջնորդվում որոշ քաղաքական ուժեր, իրենց գործիչներ հռչակած ստորաքարշ արարածներ և լրատվական «քիլլերներ»: Եվ հենց այդ համատեքստում է պետք գնահատել ՕԵԿ կանանց համագումարում իմ ելույթի չարամիտ մեկնաբանությունները, որոնք կառուցված են միտքն աղճատելու, կոնտեքստից կտրված նախադասություններ առանձնացնելու, դրանց ստոր և հեղինակներին վայել մեկնաբանություններ տալու տրամաբանության վրա: Իսկ շարքն ամբողջականացնում են քժանագին գրչակներն իրենց մտացածինը համացանցում տեղադրելով` փոխարենն իրենց և առատաձեռն պատվիրատուների անմարդանման պատկերները ներկայացնելով: Վերլուծեք վերջին ամիսների մամուլը, և ՕԵԿի դեմ քիլլերական հարձակումների ծավալից Ձեզ պարզ կդառնա, թե ինչ ապարդյուն նպատակ են հետապնդում մեր չարակամներն ու պատվեր կատարողները»:

«Հայացք»-ի հաղորդմամբ՝ Օպերայի ճակատին տեղակայված ժամատախտակը սկսել է ավելի ու ավելի հաճախ «դավաճանել»: Երեկ այն նորից չէր աշխատում: Էկրանին ոչինչ չկար: Նախորդ օրերին ժամատախտակին երևում էր ինչոր բան, սակայն կիսատ: Այսինքն` երևանցիներին կամ Երևանում գտնվողներին մեկումեջ թարթող կարմիր կետերը ոչ ժամն են ցույց տալիս, ոչ էլ օդի ջերմաստիճանը հուշում: Տեխնիկական հաճախակի թերություննեդը մարդկանց մոտ կասկածներ են հարուցում, թե արդյոք Օպերայի ժամացույցը ճի՞շտ է ցույց տալիս ժամանակն այն ժամանակ, երբ այն նաև աշխատում է: Օպերայի շենքից քիչ հեռու` ՄոսկովյանԲաղրամյան խաչմերուկում, մեկ այլ` մշտապես գործող ժամացույցն ու սա միշտ տարբեր թվեր են ցույց տալիս րոպեների տարբերությամբ:

Գուցե շատերին էական չթվա մի քանի րոպեի տարբերությունը կամ չնկատեն էլ, որ այս ժամացույցը չի աշխատում, բայց ամեն դեպքում լավ կլինի, որ Օպերայի ժամատախտակը կրկին վստահելի դառնա թե´ ժամերը, թե´ օդի ջերմաստիճանը ցույց տալու առումով: Ի վերջո, Օպերայի շենքի ժամատախտակի տեխնիկական խնդիրները լուծելու ժամանակն է: Դրանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի չքնաղ շենքին էլ պատիվ չեն բերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում