Ա.Աբրահամը շնորհավորել է հայուհիներին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Նմանատիպ
Ապրիլի 7-ի` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ հայ կանանց եւ աղջիկներին շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը.
«Սիրելի հայուհիներ` մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով, որ մշտապես զգաք մայրության, գեղեցկության բերկրանքը, լինեք սիրված, առողջ, երջանիկ: Գաղտնիք չէ, որ հայ մայրերը ընտանիքում սյուն են, եւ նրանց ձեռքերում է մեր ժողովրդի լուսավոր ապագան, սերունդների հայեցի դաստիարակության ազգանվեր գործը: Եղեք անհոգ, եւ թող ժպիտն անպակաս լինի ձեր աստվածային աչքերից: Առանց ձեզ ամեն ինչ կիսատ է… Թող ձեր կողքին լինեն այնպիսի տղամարդիկ, ովքեր կհարգեն, կսիրեն եւ կգնահատեն ձեզ` ըստ արժանվույն:
Իմ անսահման սերը բոլորիդ:
Ձեր` Արթուր Աբրահամ»:
Բռնցքամարտիկի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ առաջիկայում Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Մենամարտը նախանշված է օգոստոսի 25-ին, Գերմանիայում: Այժմ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը կրում է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը: Նա դեռ պետք է պաշտպանի իր գոտին Բրիտանիան ներկայացնող Ջորջ Գրոուվզի հետ մենամարտում: Նրանցից հաղթողն էլ կլինի Աբրահամի հաջորդ մրցակիցը:
Հիշեցնեմ` Արթուր Աբրահամը մարտի 31-ին 9 միավորի առավելությամբ հաղթել է լեհ բռնցքամարտիկ Պյոտր Վիլշեւսկուն` վերանվաճելով WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այն Աբրահամը նվաճել էր այս տարվա հունվարի 14-ին արգենտինացի Պաբլո Ֆարիասի հետ մենամարտի արդյունքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում