Տ.Սարգսյան. «Մենք շահագրգռված ենք ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով»

«Հայաստանը ցանկանում է ինտեգրվել Եվրասիական Տնտեսական Ընկերակցությանը (ԵվրԱզԷՍ)` ստանալով հատուկ կարգավիճակ»: Ինչպես հաղորդում է «Haynews.am»-ը, այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն նշել է «Գազետա» ռուսական լրատվականին տված հարցազրույցում:

«Մենք շատ հստակ ձևավորել ենք մեր դիրքորոշումը, որ մենք շահագրգռված ենք ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով: Հարցն այն է, թե ինչպես տեղի կունենա ինտեգրումը և ինչպիսի ձևեր այն ձեռք կբերի»,- ասել է Տ.Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե թե արդյոք հնարավոր է Հայաստանի ավելի սերտ ինտեգրումը ԵվրԱզԷՍ-ին:

ՀՀ վարչապետը նաև նկատել է, որ համաշխարհային փորձում չկա նման օրինակ, որ պետությունը այնպիսի միության անդամ դառնա, որի հետ չունի ընդհանուր սահմաններ.

«Այս դեպքում նման միության անդամակցումը չի ունենա շահ, քանի որ դա նշանակում է, որ արտադրողները, երբ արտահանում կամ ներմուծում են իրենց ապրանքները, ստիպված են մաքսազերծման գործընթացի միջով անցնել երրորդ երկրում: Այդ պատճառով մենք մեր ռուս գործընկերներին առաջարկում ենք Հայաստանի և Եվրասիական մաքսային միության միջև համագործակցության նոր հարթակներ ստեղծել` Հայաստանին տալով հատուկ կարգավիճակ»,- ընդգծել է Տ.Սարգսյանը:

Խոսելով Հայաստանի ԵվրԱզԷՍին ինտեգրման ուղիներից՝ վարչապետը նկատել է, որ գոյություն ունի անջատված տարածքների փորձ. «Նրանք ձեռք են բերում որոշակի սուբսիդիաներ, դրամաշնորհներ, օգնություն, նպաստներ, եթե ինտեգրվում են այնպիսի տնտեսական միության մեջ, որն աշխարհագրորեն առանձնացված է»:

Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Հայաստանի միաժամանակ ինտեգրումը Եվրոպական Միություն և ԵվրԱզԷՍ չեն կարող հակասել միմյանց, ՀՀ վարչապետն ասել է. «Մենք վստահ ենք, որ նման հակասություն չկա: Ռուսաստանը նույնպես, չնայած այն բանին, որ ստեղծել էր Մաքսային միություն, միաժամանակ շարունակում էր քայլեր ձեռնարկել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելու ուղղությամբ` համարելով այդ գործընթացները փոխլրացնող: Մենք նույնպես նման կերպ ենք մոտենում այս հարցին. Հայաստանը հետաքրքրված է իր շուկաների ընդլայնումով»,- ընդգծել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում