Սուրբ Աստվածամոր ավագ եկեղեցու ավետարանը Զատկին բերվեց Աստրախանի սբ. Հռիփսիմե եկեղեցի
Նմանատիպ
Ապրիլի 8-ին` սուրբ Հարության տոնին, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանի օրհնությամբ և Տ. Խադ քհն. Ղազարյանի նախաձեռնությամբ, Աստրախանի Պ. Մ. Դոգադինի անվան պատկերասրահի ձեռագրապահոցից առաջին անգամ դուրս բերվեց և Աստրախանի սուրբ Հռիփսիմե եկեղեցի տարվեց սբ. Աստվածամոր ավագ եկեղեցու Ավետարանը: Ամբողջ օրվա ընթացքում հավատավոր ուխտավորները հնարավորություն ունեցան խոնարհվելու և օրհնություն ստանալու Ավետարանից:
Սբ. Աստվածամոր ավագ եկեղեցու Ավետարանը գրվել է Դավիթ Ե Էնեգեթցի կաթողիկոսի օրոք (1801-1807թթ.) Ջուղայի սուրբ Ստեփաննոս վանքում: Ավետարանը Հակոբ քահանային պատվիրել է ընդօրինակել «լուսածնեալ զարմից բարէմիտ ուղղադաւան ծառայ Քրիստոսի» պարոն Մկրտիչը (Մաթարսա մականունով): Այն ունի 322 թերթ, չափսերը` 25×18 սմ է, գրված է բոլորագրով: Ավետարանն ունի 18 ամբողջական էջով մանրանկար և 8 կիսախորան–անվանաթերթ: Ավետարանի սկզբում ընդօրինակված է Ամոն Ալեքսանդրացու աշխատասիրությամբ կազմված չորս ավետարանների համաբարբառը։ Ավետարանի կազմը թավշյա կտորով պատված փայտ է` առաջնամասում մետաղական խաչով:
Այս Ավետարանը պատկանել է Աստրախանի սուրբ Աստվածամոր ավագ եկեղեցուն, ինչպես գրքում առկա գրությունն է վկայում № 12 համարակալումով։ Այն, հավանաբար մինչև Աստրախանում գործող եկեղեցիների գույքի բռնագանձման մասին 1918 թ. և 1921թ. շրջանային գործադիր կոմիտեի որոշումները, գտնվել է Եկեղեցում: Անհավատության տարիներին Շրջանային գործադիր կոմիտեի 1929թ. հունիսի 26-ի որոշումով սբ. Աստվածամոր Վերափոխման և սբ. Կատարինե եկեղեցիները քանդվել են։
2003թ. դեկտեմբերի 8-ին Ավետարանը հանձնվել է Աստրախանի Պ. Մ. Դոգադինի անվան պետական պատկերասրահին (№ АГКГ Г-2063), ուր ամենայն խնամքով և հոգատարությամբ պահպանվում է մինչև այսօր։
Երկար տարիներ Ավետարանի գոյության մասին հանրությունը տեղեկություն չի ունեցել։ Այդ մասին առաջին անգամ հրապարակել է Է. Վ. Կուգրիշևան 2007թ-ին իր «Հայերի պատմությունը Աստրախանում» գիտական աշխատության մեջ։
Ավետարանի հիշատակարանում առկա գրությունը վկայում է նրա հրաշագործ զորության մասին. «Բազում բժշկութիւն լինի ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ»։
Համայնքի հայորդիները Ավետարանի զորությանը հաղորդակից դառնալու հնարավորության համար շնորհակալ են Աստրախանի նահանգի մշակույթի նախարար Ի. Վ. Տարասովային և Պ. Մ. Դոգադինի անվան պետական պատկերասրահի տնօրեն Ի. Ի. Պերովային։
Աստրախանի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ Տ. Խադ քհն. Ղազարյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում