Մամուլն այսօր. Նոր բացահայտումներ նախընտրական և հնագիտական ոլորտներում

Ընտրություններ.

«Հրապարակ»-ի տեղեկությունների համաձայն՝ բազմաթիվ մեր հայրենակիցներ նպատակ ունեն օր առաջ հասնել Եվրոպա և այնտեղ քաղաքական ապաստան ստանալ:

Բայց դրա համար հիմքեր են պետք: Ընտրությունները չափազանց լավ առիթ է քաղաքական հետապնդյալի կարգավիճակ ստանալու համար: Թերթի տեղեկություններով, Եվրոպա մեկնելու մտադրություն ունեցող անձինք դառնում են ընդդիմադիր թեկնածուի վստահված անձ, որպեսզի համապատասխան վկայական ստանան: Իսկ եթե այդ ընտրատեղամասում ինչ-որ արտառոց դեպք տեղի ունենա` ավելի լավ. կարելի է համարել, որ գործը հաջողված է: Թերթի տեղեկություններով, կան նույնիսկ թեկնածուներ, ովքեր առաջադրվել են հատուկ Եվրոպա մեկնելու համար:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որի վերջին շրջանի քաղաքական և հանրային կրեդոն Հայ ազգային կոնգրեսին քննադատելն ու նրան անվճռականության մեջ մեղադրելն է, բավական վճռական և ոչ ստանդարտ վիճակում է հայտնվել:

Նրա կինը` Նարինե Միրզոյանը (Երևանի բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր), ընդգրկվել է Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Ինքը` Խզմալյանը, թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը և բավական տարօրինակ պարզաբանում տվել` ասելով, թե իր կնոջը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել են առանց նրա գիտության: Այդ բացատրությանը կարելի էր լուրջ վերաբերվել, եթե չլիներ մի «աննշան» հանգամանք. Նարինե Միրզոյանն այսօր էլ շարունակում է ընդգրկված մնալ ՀՀԿ համամասնական ցուցակում և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Ի դեպ, տիկին Միրզոյանը բժշկական գիտությունների դոկտոր է դարձել 2010 թվականին, իսկ ամբիոնի վարիչ` 2011-ին: Այս տեղեկության աղբյուրը հենց ինքն է` Տիգրան Խզմալյանը:

Ըստ «Իրատես de facto» թերթի՝ ընտրություններին հաջորդող ամենաուշագրավ ինտրիգը նոր կառավարության կաբինետի ձևավորումն է, որը հետաքրքիր «աշխարհագրություն» է ունենալու: Իշխող ՀՀԿ-ն իր նախարարներից ոմանց կուղարկի Աժ, մյուսներին «վաստակած» հանգստի: Այսինքն, հների հետ կունենանք նաև «թարմ դեմքերով» նախարարներ:

Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ամենայն հավանականությամբ, կթողնի նախարարական «պոստը» այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ: Հրանուշ Հակոբյանի «մասով» ՀՀԿ-ն որոշել է` նա «անփոխարինելի» է իր տեղում: Ասում են, բնապահպանության նախարարի գործերն են խառը, վերջնական որոշում չկա, բայց, հավանաբար, վերջինիս կուղարկեն հանգստի, այլ խոսքով` «ձեռի» հետ մի գործ կտան: Նախնական տարբերակով` Սեյրան Օհանյանը կշարունակի պաշտոնավարել:

Թերթի աղբյուրի պնդմամբ, կառավարության պատկերը դեռ շատ հստակեցումների կարիք ունի, և այսօրվա որոշումները, մեղմ ասած, վերջնական չեն կարող համարվել, քանի որ, ինչպես հավաստեցին կուսակիցները, Սերժ Սարգսյանն անակնկալները թողնում է վերջում:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում պատրաստվում է Աժ ընտրություններին ընդառաջ` հանդես գալ հայտարարությամբ: Ընդ որում, ինչպես տեղեկացրել են թերթի աղբյուրները, Քոչարյանը մտադրություն ունի խոսելու ներքաղաքական խնդիրներից: Չի բացառվում, որ նա հերթական հարցազրույցը տա իր սիրելի «Մեդիամաքս» գործակալությանը: Թերթի տեղեկություններով երբ վերջերս նրա շրջապատի անդամներից մեկը հարցրել է, թե ի վերջո, նա ընտրություններից հետո վերադառնալու է ակտիվ քաղաքականություն, թե ոչ, Քոչարյանը պատասխանել է. «Ես ուզում եմ էս երկիրը դզել…»: Թերթը փորձել է այս լուրերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:

Նախընտրական գնահատարաններ.

«Առավոտի» հետ զրույցում, գնահատելով այս պահի դրությամբ ընտրական պայքարի մեջ մտած 9 քաղաքական ուժերի թվում մասնավորապես «Ժառանգության» հաջողության հասնելու հնարավորությունը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել է. «Անգամ այս պահի դրությամբ «Ժառանգությունը», կարծում եմ, իր հաղթանակի հասնելու շանսով երրորդն է: Նա առայժմ զիջում է միայն ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, ու համոզված եմ, որ ՀԱԿ-ից էլ է առաջ, ՀՅԴ-ից էլ: Դե, իսկ ՕԵԿ-ից…ՕԵԿ-ի մասին մի անգամ արդեն ասել եմ` կամ լավը, կամ ոչինչ, իսկ ես գերադասում եմ ոչինչը»:

«Հրապարակը» գրում է. «Եթե «Ժառանգությունը» որոշել է ընտրողին զարմացնել ժողովրդի կողմից սիրված երգիչ-երգահաններին իր քարոզչությանը ներգրավելով, ապա Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ զարմացրել է տարբեր քաղաքական ուժերին հարող անձանց ներկայությամբ: Բանն այն է, որ «Ժառանգության» տեսահոլովակում երգում են Ռուբեն Հախվերդյանը, ով նախորդ ընտրություններում հանդես էր գալիս ՀՅԴ-ի օգտին, Ձախ Հարութը և երգահան Վահան Արծրունին: Իսկ ՀՅԴ երեկվա միջոցառմանը, որով կուսակցությունը հայտարարեց քարոզչության մեկնարկի մասին, մասնակցել ու ելույթ են ունեցել ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ ցուցակից դուրս մղված Վարդան Բոստանջյանը և նույնպես ԲՀԿ ցուցակում տեղ չզբաղեցրած «7or. am» կայքի սեփականատեր, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը: Իսկ ՀՅԴ դահլիճում գտնվող դեմքերից մեր թղթակիցն առանձնացրել է «zham.am»-ի խմբագիր Երվանդ Բոզոյանին և Ռաֆայել Իշխանյանի կրտսեր որդուն` մեր գործընկեր Վահան Իշխանյանին: Անշուշտ, այս միջոցառմանը մասնակցելը ոչինչ չի նշանակում, բայց Վ. Բոստանջյանն ու Ա. Թևանյանը նաև ելույթներ են ունեցել և բարձր գնահատել ՀՅԴ նախընտրական ծրագիրը: Տնտեսագետ Բոստանջյանն անգամ նշել է, որ ՀՅԴ ծրագիրը հավակնոտ չէ, և այն հնարավոր է իրականացնել»:

Զարմանազան.

«Իրավունք» թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն` Տաթեւի վանքի տարածքում` հողի տակ, մի հին քաղաք կա, որը, սակայն, դեռ չի ուսումնասիրվում, եւ որի համար հատուկ ՌԴից պետք է հնէաբաններ գան Հայաստան.

«Իսկ թե ինչու` հարցով դիմեցինք հնագիտության ինստիտուտի ավագ մասնագետ Բորիս Գասպարյանին, ով ասաց. «Այնտեղ կա բնակավայր, իսկ թե ինչ` դա դեռ ոչ մեկը չի պեղել, որ հասկանալի լինի:

Ամբողջ հարցը նրանում է, որ երբ մեզ մոտ եկեղեցի են վերականգնում, պետք է նախապես շրջապատը պեղվի, որ բացահայտվի դրա շուրջ եղած տնտեսական կյանքը, չէ որ վանական համալիրը դա միայն եկեղեցական կառույց չէ, այլ նրա շրջապատում բնակվում են, տնտեսական գործունեություն են ծավալում եւ այլն:

Եւ դրա պատճառներից մեկն այն է, որ դա թանկ հաճույք է եւ երկար ժամանակ է պահանջվում: Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնէաբաններ հրավիրելուն, ապա ասեմ, որ, ըստ ՀՀ օրնքի, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրա թույլտվությունը տա մեր հնէագիտական հանձնաժողովը, իսկ մեր տնօրենը այդ հանձնաժողովի փոխտնօրնն է, եւ եթե նման բան լիներ, մենք կիմանայինք:

Արտասահմանյան ոչ մի արշավախումբ առանց հայերի մասնակցության չի կարող որեւէ գործողություն կատարել Հայաստանում»,- գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ շաբաթ օրն ՕԵԿ հանրահավաքը բավական ուշագրավ ընթացք է ունեցել. նախ պարզվել է, որ ՕԵԿականների ծափահարությունները եղել են ձայնագրված: Ու տեխնիկական խոտանի պատճառով ՕԵԿականներին այդպես էլ չի հաջողվել կոծկել կեղծիքը: Պակաս ուշագրավ չի եղել ՕԵԿ հանրահավաքի ավարտը. Ազատության հրապարակում` ասֆալտին, «փողփողացել են» Արթուր Բաղդասարյանի նկարները. իշխանական լծակների շնորհիվ հանրահավաքի բերման ենթարկված քաղաքացիները շպրտել են նկարներն աղբարկղն ու հեռացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում