Վերահսկչի պալատը պարզաբանում է Ա.Ռուստամյանի հայտարարությունը
10/04/2012 13:11
Նմանատիպ
ՀՀ Վերահսկչի պալատի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է երեկ՝ ապրիլի 9-ին ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հնչեցրած տեսակետը։ Մասնավորապես, Ռուստամյանն ասել էր. «Ի՞նչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունից»։
«Վերահսկիչ պալատը իր գործունեության չորս տարիների ընթացքում որևէ պատվեր, որևէ մեկի կողմից չի կատարել:
Հանրապետության նախագահը երբևիցե չի միջամտել վերահսկիչ պալատի աշխատանքներին և որևէ պատվեր Վերահսկիչ պալատին չի իջեցրել:
Վերահսկիչ պալատը անկախ կառույց է, ինչպես աշխարհի բոլոր վերահսկիչ պալատները: ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատում է ՀՀ Ազգային ժողովը` համաձայն « Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի: ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ներկայացուցիչներն, ի դեպ, միշտ կողմ են քվեարկել ընդունված ծրագրերին:
Վերահսկիչ պալատի չորս տարվա կատարած վերահսկողության արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները հրապարակվել են և բոլորը տեղադրված են պալատի պաշտոնական կայքում:
Վերահսկիչ պալատը հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը և զերծ մնալով հնարավոր քաղաքական շահարկումներից՝ ժամանակավորապես` մինչև հունիսի մեկը, դադարեցրել է վերահսկողությունը և հանդես չի գա հրապարակային հայտարարություններով»,- մասնավորապես ասվում է Վերահսկիչ պալատի տարածած հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում