Ա.Աբգարյան. «Հաշմանդամության խնդիրներն ԱԺ-ում պետք է բարձրացնեն հենց խնդիրների անմիջական կրողները»
Նմանատիպ
Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է ավելի շատ ներկայացված լինեն կուսակցությունների ցուցակներում և ԱԺ-ում, որպեսզի հաշմանդամների խնդիրներն անմիջական լուծումներ գտնեն: Նման տեսակետ այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել է «Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը:
Նրա խոսքերով՝ 2007թ.-ից իրենց տարած աշխատանքների արդյունքում, տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն ունեն քվեարկել բրայլյան սիստեմով կազմված հատուկ քվեաթերթիկներով:
Ա. Աբգարյանը տեղեկացրել է, որ, ցավոք, քաղաքական կուսակցությունները իրենց ծրագրերում գրեթե անտեսել են հաշմանդամների հետ կապված հարցերը, կամ եթե նույնիսկ խոսվել է նրանց մասին, ապա տարեց մարդկանց, փախստականների, սոցիալապես անպահովների կամ այլ խմբերի շրջանակներում: Նրա կարծիքով՝ հաշմանդամների խնդիրները պետք է ներկայացնեն խնդրից լավատեղյակ մարդիկ, ովքեր ունեն հատուկ կրթություն և պատրաստություն. «Հաշմանդամության խնդիրներն առաջին հերթին պետք է բարձրացնեն հենց հաշմանդամները, որոնք այդ խնդիրների անմիջական կրողն են»:
Ասուլիսի մյուս բանախոս, «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման հաշմանդամների կենտրոնի նախագահ Սուրեն Օհանյանն իր հերթին նկատել է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ այս ընտրություններին պետք է մասնակցի 164 հազար հաշմանդամ, որը ամբողջ ընտրողների թվի գրեթե 6տոկոսն է կազմում:
«Մենք եղել ենք մարզերում, ծանոթացել ենք մարզերում հաշմանդամների վիճակի հետ: Մեր հանդիպումները ցույց տվեցին, որ ՏԻՄ-երը պատրաստ չեն ապահովել ընտրությունների մատչելիությունը հաշմանդամների համար` ելնելով ֆինանսական և այլ պատճառներից»,- ընդգծել է Ս.Օհանյանը:
«Փարոս» կենտրոնի նախագահը նաև հայտնել է, որ իրենք այդ հարցերով դիմել են նաև ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով խոստացել է շտկել այդ իրավիճակը.«Ընտրատեղամասերում այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի դրանք ավելի մատչելի լինեն հաշմանդամների համար: Եվ արդեն կան արդյունքենրը. 82 տեղամասեր լրիվ պատրաստ են հաշմանդամներին ընդունել և գործընթացը շարունակվում է: 21 տեղամաս էլ Արմավիրում և այլ մարզերում ևս պատրաստ կլինի»:
Բանախոսը նաև նշել է, որ դրական փոփոխություններ նախորդ ընտրությունների հետ համեմատած, այնուամենայնիվ, նկատվում են, և զգացվում է պետական աջակցությունը. «Որոշ օգնություն այդ առումով ցուցաբերել են նաև քաղաքական կուսակցությունները, սակայն այս պահին չեմ ցանկանում նշել այդ կուսակցությունների անունները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում