ԼՂՀ ԱԺ. «Մարաղայում իրականացված ոճրագործությունը գնահատում ենք որպես ցեղասպանություն»

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցությունները և «Արցախատուն» պատգամավորական խումբը, Մարաղա գյուղում իրականացված ոճրագործության 20-րդ տարելիցի առթիվ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնց օժանդակում էին բազմաթիվ վարձկաններ, գրոհեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրը, որն ադրբեջանական կողմի համար ռազմական տեսակետից ոչ մի վտանգ չէր ներկայացնում:

Ռազմագործողության նպատակն էր բնաջնջել Մարաղան, խաղաղ բնակչությանը ենթարկել զանգվածային կոտորածի և բռնատեղահանման: Մարաղայում առանձնակի դաժանությամբ սպանվեցին, տեղահանվեցին և գերեվարվեցին հարյուրավոր հայ խաղաղ բնակիչներ, որոնցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:

Մարաղայում կատարվեց ծանր հանցագործություն, որի մեղավորները շարունակում են մնալ անպատիժ, իսկ բնակավայրը` բռնազավթված: Մարաղայի ավելի քան 1000 նախկին բնակիչ ներկայումս ապաստանում է աշխարհի մի քանի երկրներում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները, խստորեն դատապարտելով Մարաղայում իրականացված ոճրագործությունը, դրանք գնահատում են որպես ցեղասպանություն և հայտարարում, որ.

-հետամուտ են լինելու, որպեսզի խաղաղ բնակչության դեմ հանցագործության կազմակերպիչներն ու իրականացնողները կանգնեն դատարանի առջև և ենթարկվեն պատասխանատվության,

-պաշտպանելու են սեփական հայրենիքում ինքնիշխան պետություն կերտած արցախահայության իրավունքները` ներառյալ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և ըստ ամենայնի նպաստելու են Արցախի Հանրապետության շարունակական հզորացմանը` այն դիտարկելով որպես մեր ժողովրդի անվտանգության և բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը,

– մշտապես մերժելու են այլատյացությունը և բռնության քարոզը»:

1992 թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը, ներխուժելով գյուղ, այրել են այն և կոտորել բնակչությանը: Մարաղայի ողբերգական իրադարձությունների ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև, որոնց թվում էին` 30 կին: Ավելի քան 40 մարդ վիրավորվել էր, իսկ 63-ը գերության էր տարվել: «Դա նման էր Գողգոթային… շատ տարիներ անց»: Սրանք բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերն են՝ Մարաղայի ողբերգության մասին: Մանրամասն տեղեկատվություն և փաստագրական տվյալներ ողբերգության մասին կարելի է գտնել «Maragha.org» կայքում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում