Հայաստանում ընտրություններին առաջին անգամ «Exit Poll» կիրականացվի «Gallup»-ի կողմից
Նմանատիպ
Այսօր «Արմենիա» հեռուստաընկերությունը և «Gallup International Association»-ը պայմանագիր ստորագրեցին, համաձայն որի Գելլապ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը կիրականացնի ՀՀ ԱԺ ընտրությունների առթիվ սոցհարցում և Exit Poll: Պայմանագիրը ստորագրեցին հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ավետիսյանը և ընկերության փոխնախագահ Կոնչո Ստոյչև:
Ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների մեխանիզմները՝ պարոն Ստոյչևը նշել է, որ երկու ուսումնասիրությունները տարբերվում են միմյանցից նրանով, որ նախընտրական ուսումնասիրության դեպքում ներկայացվում են մարդկանց նախասիրությունները այս կամ այն ուժի նկատմամբ, իսկ Exit Poll-ի դեպքում հարցվում է, թե ո՞ր ուժին ընտրեց տվյալ մարդը մի քանի րոպե առաջ. «Մարդիկ, կարծես, երկրորոդ անգամ են քվեարկում»:
«Gallup»-ի փոխնախագահի խոսքերով՝ Exit Poll-ի դեպքում սխալվելու հավանականությունը 1-2 տոկոս է կազմում: «Ինչ վերաբերում է խոշոր կուսակցություններին, ապա այդ տոկոսը նրանց համար նշանակություն չի ունենա, իսկ ահա փոքր կուսակցությունների դեպքում, որոնք ձգտում են հասնել 5 տոկոսի շեմին, հարցը բարդանում է, քանի որ դժվար է պատասխանել՝ ասենք հավաքել է 5.1, թե՝ 4.9 տոկոս»,- ասել է Կ. Ստոյչևը:
Նա նաև ընդգծել է, որ առավել հավաստի արդյունքներ հնարավոր է ստանալ միան իրական հաշվարկից հետո, որը ավելի երկար ժամանակ և մանրամասն հաշվարկ է պահանջում: Իսկ ինչ վերաբերվում է իրենց ուսումնասիրությանը, ապա այն արդեն պատրաստ կլինի քվեարկության օրվա կեսին: Սակայն Կ.Ստոչևի հավաստմամբ՝ արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերում դռների փակվելուց մեկ ժամ անց:
Մեկնաբանելով այն հարցը, թե Exit Poll-ն անցկացնելիս որքանով են հաշվի առնվելու հայկական առանձնահատկությունները, Կ.Ստոչևն ասել է, որ դա ստանդարտ մեխանիզմ է և հատուկ մոտեցում ազգային առանձնահատկություններին չկա. «Հայաստանը մի այնպիսի միջավայր է, որը փաստում է, որ Exit Poll-ը կարող է լիովին կիրառվել: Եթե մարդը վախենում է խոսել իր իրական ընտրության մասին, դա մի փոքր դժվարեցնում է մեր աշխատանքը, սակայն նման հասարկություն չկա աշխարհում, որ վախ չունենա, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայ մարդիկ հանգիստ կիսվում են իրենց տեսակետներով»,- նկատել է Կ.Ստոյչևը:
Հայաստանում Exit Poll-ն իրականացվում է առաջին անգամ, և այն ներկայացնելու է միայն համամասնականի արդյունքները:
Միջազգային չափանիշներին համապատասխան սոցիոլագիական հարցումը «Gallup»-ը կիրականացնի խորհրդարական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, և այն կավարտվի ապրիլի 27-ին: Սոցիոլագիական հարցումները կիրականացվեն Երևանում և մարզերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում