ՀՀ դեսպանը Վրաստանի մշակույթի նախարարի հետ քննարկել է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված միջոցառումները
Նմանատիպ
Ապրիլի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ, տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Երկուստեք արձանագրվել է հայ-վրացական մշակութային բնագավառի համագործակցության կարևոր նշանակությունը և երկու գերատեսչությունների միջև բարձր մակարդակի համագործակցության առկայությունը:
Հանդիպմանը քննարկվել են 2012 թվականի ընթացքում համատեղ կազմակերպվելիք մշակութային միջոցառումների ծրագրերը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ կազմակերպվելիք համատեղ մշակութային միջոցառումներին, հայ մեծանուն գուսան Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցին:
Հանդիպմանը ՀՀ դեսպանն առաջարկել է խթանել հայկական եկեղեցիների պահպանման և վերականգնողական աշխատանքների իրականացումը, որին ի պատասխան Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում նպաստելու գործնական քայլերի ձեռնարկմանը:
Քննարկվել են նաև վիրահայերի մշակութային ժառանգության մասին նկարազարդ ժողովածուի հրատարակման, հայկական ու վրացական հեռուստաալիքների երաժշտական նախագծերի շարունակման և Թբիլիսիի հայկական թատրոնի վերականգնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում