Թերթերն այսօր.Քարոզարշավ վարելու և ընտրակաշառք բաժանողներին հիմարացնելու ֆանտաստիկ մեթոդների մասին

Ընտրություններ.

«Հրապարակ»-ը գրում է, որ ընտրակեղծարարների ֆանտազիան սահմաններ չի ճանաչում: Թերթին հայտնի է դարձել, որ ընտրական մի նոր տեխնոլոգիա են հորինել, որը պատրաստվում են առաջիկայում օգտագործել: Ինչպես գիտեք` քվեի դիմաց վճարողները միամիտ չեն և գիտեն, որ քվեախցիկում երբ մարդը մնում է մենակ, կարող է քվեարկել ոչ թե հրահանգի համաձայն, այլ այնպես, ինչպես խիղճն է թելադրում, ուստի հնուց ի վեր որոշ կաշառատուներ քվեի դիմաց փող տալու պայման էին դնում, որ քվեարկողն իր հեռախոսով լուսանկարի քվեարկած թերթիկը` որպես ապացույց, և միայն ներկայացնելուց հետո ստանա իր հասանելիք փողը: Հիմա ընտրողները այս, թվում է, անհաղթահարելի խոչընդոտը հաղթահարելու ձև էլ են մտածել: Փոքրիկ սև թելի կտոր են հետները տանում քվեախցիկ, այն տեղադրում են քվեաթերթիկի վրա, լուսանկարում, ապա նոր քվեարկում: Ասում են, այս եղանակը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի թեկնածուից փող կորզել` երկու լուսանկար անելով:

«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ երեկ հերթական ապացույցն է արձանագրվել, ըստ որի` ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, որ անդամագրվել էր «Ազատ դեմոկրատներին», խզում է հարաբերություններն այդ կուսակցության և «Ժառանգության» հետ:

«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակից ինքնաբացարկ են հայտնել Զուրաբյանի երկու մերձավորագույն մարդիկ` 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանը և 71-րդ-ում գրանցված Դավիթ Առաքելյանը: Նրանց գրանցումը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել:

«ՀԺ»-ն նաև տեղեկացնում է, որ ԿԸՀ մամլո խոսնակը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականում գտնվող Նարինե Միրզոյանը ներկայացրել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:

Սա կարևոր տեղեկատվություն է, որովհետև Միրզոյանի ամուսինը` Տիգրան Խզմալյանը, պնդել էր, թե ինքն ու կինը տեղյակ չեն եղել վերջինիս` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու մասին: Մինչդեռ նշված տեղեկանքը ստանալու համար Ն. Միրզոյանը պետք է անձամբ ներկայանար անձնագրային բաժին, դիմում գրեր, որ ցանկանում է մասնակցել Աժ ընտրություններին, ինչի համար էլ իրեն հարկավոր է նման տեղեկանք: Ն. Միրզոյանը, ի դեպ, երեկ թերթի թղթակցի զանգին ի պատասխան անջատել է հեռախոսը` անուղղակի հաստատելով, որ իր ամուսնու հաղորդած տեղեկությունները մտացածին են:

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» կուսակցությունը փորձելու է առաջիկայում դուրս գալ ապրիլի 4-ին ստեղծված հանրային միասնական ընտրական շտաբից: Ըստ թերթի տեղեկությունների` այսօր կայանալիք հանդիպմանը «Ժառանգություն»-ը պատրաստվում է ներկայացնել առաջարկներ, որոնց մի մասին, ի սկզբանե հայտնի է, որ ուժերից որևէ մեկը չի համաձայնի: Օրինակ` առաջարկում են, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի լիդերները` հստակ իմանալով որ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանը հազիվ թե անձամբ գան` այդ թղթերը ստորագրելու: Չի բացառվում, որ այդ առաջարկը չընդունելու դեպքում նրանք դուրս գան: «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, թե իրենք երկու էական առաջարկ են ներկայացնելու շտաբում: «Եթե այդ նախաձեռնությունն իսկապես գործնական, անկեղծ բնույթ է կրում, այլ ոչ թե իմիտացիա է, ապա պետք է ընդունվեն մեր առաջարկները»,-ասել է նա:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Հայկական հեռուստաընկերությունները հիմա գտնվում են մոնիթորինգի ներքո: Թե տեղական, թե արտասահմանյան հեղինակավոր կազմակերպությունները հետևում են` որքանով են հայկական TV-ները հավասարաչափ լուսաբանում քարոզարշավը: Հայկական հեռուստադիտողի, հեռուստաընկերությունների վարկանիշի, ինչպես նաև թեկնածու կուսակցությունների և անհատ գործիչների համար այս օրերին ավելի է կարևորվում քաղաքական բանավեճը»:

Փորձելով պարզել, թե ինչ ծրագրեր են հեռարձակվելու «Կենտրոն» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների եթերից` թերթը զրուցել է «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական լրատվական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանի և «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանի հետ: Թերթի հարցին, թե արդյոք նախընտրական շրջանում պատրաստվո՞ւմ են բանավեճեր նախաձեռնել` Պետրոս Ղազարյանը պատասխանել է. «Նախընտրական քարոզչության ողջ ընթացքում, նաև դրանից հետո «Կենտրոն» հեռուստաընկերությունը փորձելու է հասարակությանը հետաքրքրիր բոլոր հարցերի շուրջ բանավեճեր կազմակերպել: …Մենք պատրաստ ենք բոլորին հրավիրել, ինչքան որ մեր եթերային ժամանակը կների կամ մեզ թույլ կտա»: Հարցին, թե` «Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրելո՞ւ եք», Պետրոս Ղազարյանը պատասխանել է. «Բոլորը մտնում են բոլորի մեջ»: 

Արտակ Ալեքսանյանը նշել է, որ իրենք ևս բանավեճեր են կազմակերպելու, և առաջիկայում պատրաստվում են բոլոր 9 կուսակցություններին միաժամանակ հրավիրել բանավեճի: Հարցին, թե առաջին դեմքերին` Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան, հրավիրե՞լ եք, Ալեքսանյանը պատասխանել է. «Առաջին դեմքերին հրավերը ուղարկված է, բայց խնդիրն այն է, որ նրանք անընդհատ հանդիպումների մեջ են: Ամեն դեպքում, ուղարկել ենք»:

Զարմանահրաշ քարոզարշավ.

Նախօրեին, երբ «Ժողովուրդ»-ը զանգահարել էր Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` պարզելու, թե ինչու է «Բենթլի» ու «Ռոյս-Ռոյս» մի քանի հարյուր հազար դոլարանոց գերթանկարժեք ավտոմեքենաները փոխարինել 12 հազար դոլարանոց «Սմարտ» ֆիրմայի ավտոմեքենայի հետ, նրա հեռախոսին պատասխանեց մի երիտասարդ` ասելով թե «շեֆը» զբաղված է: Երեկ կրկին թերթի թղթակիցը զանգահարել է պատգամավորին և հետաքրքրվել` փող չունի՞, որ շքեղ ավտոմեքենա վարի: «Ազիզ ջան, ինձ փող որտեղի՞ց: Որ փող ունենայի, տենց փոքր ավտո չէի քշի: Հենա նկարել, տպել էիք, սաղ էլ տեսան: Որ փող ունենայի, հաշվեհամար չէի բացի, որ մարդիկ փող փոխանցեն` քարոզարշավ անեմ: Ես էլ գործարար չեմ ու խնդրում եմ` «Արդշինինվեստբանկ»-ի հաշվեհամարս (2474202308200000) տպեք թերթում, որ մարդիկ իմանան, օգնեն ինձ: Ու նախապես շնորհակալություն բոլոր օգնողներին»: Եթե Ալեքսանյանը այսպիսի տեմպերով շարունակի «պաղատանքները», հավանաբար մի կլորիկ գումար կհավաքի մինչ ընտրություններ:

 «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ բռունցքների ռեկորդակիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ռեկորդ սահմանել նաև այս ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու հարցում: Սյունիքի թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա տարբեր միջավայրերում բռունցքը սեղանին զարկելով` հայտարարում է, թե պիտի մարզպետների մեջ ինքը ռեկորդ սահմանի` 80 տոկոս ձայն ապահովելով ՀՀԿ-ի օգտին: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ռեկորդը սահմանելու բուն դրդապատճառը ընտրություններից հետո մարզպետի պաշտոնը պահելն է: Այս նոր մարտավարության վերաբերյալ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից: Նա սահմանափակվել է կարճ մեկնաբանությամբ. «Կարծում եմ` Հանրապետական կուսակցության բոլոր մարզպետներն էլ վճռական տրամադրություն ունեն ռեկորդային թիվ ապահովեն»: Այնպես որ, Սյունիքը լիսկաթափելու սյունեցիների ջանքերը կարող են հօդս ցնդել, եթե նրանք քվեարկեն ՀՀԿ-ի օգտին:

«Հայացք»-ը գրում է, որ նոր է մեկնարկել նախընտրական քարոզարշավը, և արդեն իսկ կարելի է ականատես լինել բավական զավեշտալի տեսարանների: «Այսպես, երեկ արդեն Երևանի փողոցներում հայտնվել են տաքսի-մեքենաներ, որոնց վրա երկու կողմից փակցված են ՀՀԿ դրոշակներ:

Ինչ խոսք, ՀՀԿ-ն յուրօրինակ միջոց է գտել իր քաղաքական գովազդի համար:

Դրոշները տաքսիների, այլ ոչ թե թանկարժեք ջիփէրի վրա փակցնելով` ՀՀԿ-ն, թերևս, ուզում է ցույց տալ, որ աշխատում է ժողովրդի լայն խավերի համար, այլ ոչ թե ընտրյալների»,- նշում է թերթը:

Իսկ տաքսու վարորդը որևէ դրամական կամ այլ խրախուսանք ստացե՞լ է իր մեքենայի վրա ՀՀԿ-ի դրոշակներ փակցնելու համար թերթի հարցին տաքսիստներից մեկը դժգոհությամբ պատասխանել է. «Մի քոռ կոպեկ էլ չեն տվել, վերևից ստիպել են` կախել ենք»: 

«Առավոտ»-ը հետաքրքրվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից, թե հատկապես որ կուսակցությանը նկատի ունի, երբ ասում է, որ կուսակցությունների խոսքում հեքիաթը շատ է: Ծառուկյանը պատասխանել է. «Դա բոլորին է վերաբերում, իրենք թող ուշադիր լինեն: Դրա գնահատականը պետք է ժողովուրդը տա»: ԲՀԿ առաջնորդը նաև հավելել է, որ իրենք ժողովրդին չեն ասում` մեզ ընտրեք. «Ասում եմ` նայեք, ում կնախընտրեք` նրան էլ ձայն տվեք: Որևէ մեկը նման քարոզարշավ անցկացնո՞ւմ է: Բոլորը կուրծք են ծեծում»:

Զարմանազան.

 «Հայացք»-
ը գրում է, որ նոր անձնագրերի անցնելու առաջիկա փոփոխությունները նոր մտահոգություններ են առաջացրել բանկային համակարգում: Գաղտնիք չէ, որ ֆինանսական այս կառույցները քաղաքացիների, ավելի կոնկրետ նրանց անձնագրերի հետ ամենաշատը գործ ունեցող կառույցներից են: Վարկառուներին ճանաչելու, նրանց վարկունակությունը գնահատելու համար բանկերն առաջին հերթին հիմնվում են նրանց և նրանց համավարկառուների անձնագրային տվյալների վրա: «Հիմա, երբ անձնագրերը պետք է փոխարինվեն նոր սերիա ու համարներ ունեցող կենսաչափական քարտերով կամ նոր անձնագրերով, փաստորեն մեզ մոտ ինչ խնդիր ասես կարող է ծագել` սկսած անձի նույնականացման հարցերից: Համակարգչային ծրագրերն ու բազաներն ամբողջապես հիմնված են գործող անձնագրերի տվյալների վրա»,-«Հայացք»-ի հետ զրույցում նշել են հայաստանյան բանկերից մեկի աշխատակիցները:

Ըստ նրանց` բանկերի առջև ծագած այդ հարցերին դեռ հստակ պատասխան չկա: Բանկերն իրենք էլ դեռ իրենց ներքին ընթացակարգային հարցերը չեն հստակեցրել` հասկանալու, թե ինչ են անելու, ինչպես են աշխատելու սպասվելիք խառնաշփոթի պայմաններում: 

«Երկիր»-ը գրում է. «Քարոզարշավը դեռ նորնոր է հունի մեջ մտնում, բայց վերևներում, մեր տեղեկություններով, արդեն նախարարական պաշտոնների փոխատեղումների քննարկում է ընթանում:

Մեր աղբյուրները պնդում են, որ, երբ ձևավորվի նոր կառավարություն, ՀՀԿն ու ԲՀԿն կփոխանակեն առողջապահության և կրթության ու գիտության նախարարների պորտֆելները` առողջապահության նախարարը կնշանակվի ՀՀԿ քվոտայով, իսկ ԿԳ նախարարի պորտֆելին կտիրանա ԲՀԿն: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այնքան էլ դեմ չէ իր պորտֆելը հանձնելուն: Նա նախընտրում է ավելի հանգիստ պաշտոն, ասենք` դեսպանոր որևէ երկրում: Հակառակ նրան` առողջապահության ԲՀԿական նախարար Հարություն Քուշկյանը չի կարողանում համակերպվել նախարարի պաշտոնը թողնելու մտքի հետ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը պարզել է, որ Էրեբունի և Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում գրանցված ընտրողների ցուցակներում բավականին զավեշտալի «տեսարաններ» կան: Մասնավորապես` այս համայնքում ընդհանուր հաշվով մի քանի հազար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Նկուղ», «Վառելիքի օբյեկտ, բազա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում