ԵԽԽՎ պատվիրակությունը Հայաստանում է. Նախընտրական իրավիճակը կքննարկվի բարձրագույն ղեկավարության հետ
Նմանատիպ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունն ապրիլի 11-12-ը նախընտրական այցով Հայաստանում է:
Ինչպես հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը գլխավորում է բարոնուհի Էմմա Նիկոլսոնը (Մեծ Բրիտանիա): Պատվիրակության կազմում են նաև Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Բենթոնը և Լեհաստանը ներկայացնող Պյոտր Վախը:
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ընտրություններին մասնակցող կուսակցությունների ղեկավարների հետ:
Հանդիպումներ տեղի կունենան նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու են ԵԽԽՎ 28 դիտորդներ, ովքեր Հայաստան կժամանեն ընտրական գործընթացին հետևելու համար՝ նախքան ընտրությունների գնահատման մասին վերջնական գնահատական կազմելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում