ԿԸՀ-ն հրապարակել է տվյալներ կուսակցությունների ունեցվածքի և եկամուտների մասին
Նմանատիպ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է համամասնական կարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրերը, որտեղ նշված են կուսակցությունների ունեցած անշարժ, շարժական, թանկարժեք գույքը, դրամական միջոցները և եկամուտները: Այդպիսով՝
Դեմկուսը անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ունի Երևանում, Գավառում, Գյումրիում, Արարատում, Աբովյանում: Ունի 8 մլն դրամի եկամուտ, որից 3 մլնը անդամավճարներից է գոյանում, մնացած 5 մլնը` նվիրատվություններից: Շարժական, թանկարժեք գույք, բաժնեմաս Դեմկուսը չունի:
Կոմկուսը անշարժ ու թանկարժեք գույք, եկամուտ, բաժնեմաս չունի, շարժականից` երկու 3110 մակնիշի մեքենա ունի: Դրամական միջոցներ բաժնում ընդամնեը 131 հազար դրամ ունի:
Ֆինանսական միջոցներով հարուստի իմիջ ունեցող ԲՀԿ-ն անհատույց օգտագործման իրավունքով տարբեր մակերեսով տարածքներ ունի գրեթե բոլոր մարզերում: Ըստ հայտարարագրի, շարժական ու թանկարժեք գույք, բաժնեմաս չունի: Դրամական միջոցները գերազանցում են 26 մլն դրամը: ԲՀԿ եկամուտներից 2.9 մլնը հավաքվում է անդամաճարներից, բյուջեից ստացել է ավելի քան 12 մլն դրամ:
«Ժառանգությունը» վարձակալության հիմունքով միայն մեկ շենք բնակարան ունի` Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում: Շարժական, թանկարժեք գույք կուսակցությունը չունի, 1.3 մլն դրամի դրամական միջոց ունի: Եկամուտները կազմված են պետբյուջեից հատկացված միջոցներից` 2 մլն դրամ ու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ 400 հազար դրամի ներդրումից:
ՀՀԿ-ն միաձնյա սեփականության, նաև վարձակալության իրավունքով անշարժ գույք, հող ու շենքեր ունի գրեթե բոլոր համայնքներում: Տրանսպորտային ութ միջոց ունի, թանկարժեք գույք ու դրամական միջոցներ, որևէ կազմակերպությունում բաժնեմաս չունի: Եկամուտներից միայն 266 մլն դրամ առաջանում է նվիրատվություններից ու անդամավճարներից, վարձակալության վճարներից` ավելի քան 13 մլն դրամ:
ՀՅԴ-ն, ըստ հայտարարագրի, հիմնականում միանձնյա սեփականության իրավունքով 35 անշարժ գույք ունի` տուն, բնակարան, առևտրի օբյեկտ և այլն: Շարժական, թանկարժեք գույք չունի, բաժնեմաս, փայաբաժին որևէ կազմակերպությունում չունի: Անդամավճարներից ստանում է ավելի քան 25 մլն դրամ, բյուջեից 10.5 մլն, անշարժ գույքի վարձատվությունից` 9.6 մլն:
ՕԵԿ-ը միանձնյա սեփականության իրավունքով 765 քմ տարածք ունի Երևան քաղաքի Աբովյան փողոցում: Ունի երկու ավտոմեքենա` 1990թ. արտադրության ՎԱԶ 2107 և 2000 թ.արտադրության Օպել V: Թանկարժեք գույք չունի, բաժնեմաս որևէ կազմակերպությունում չունի, ավելի քան 3 մլն դրամի դրամական միջոց ունի: Եկամուտներից ավելի քան 10 մլն գոյացել է անդամավճարների հաշվին, մոտ 3 մլն դրամ տրամադրվել է պետբյուջեից:
«Միավորված հայեր» կուսակցությունը անշարժ, շարժական, թանկարժեք գույք չունի: Ունեցել է մոտ 15 մլն դրամ, որից 13.7 մլն-ը օգտագործել է «Զվարթնոց» տաճարի վերականգնման համար:
ՀԱԿ կազմի մեջ մտնող Պահպանողական կուսակցությունը, ԺՈՒԿ-ը ոչինչ չունեն: «Ժողովրդավարական հայրենիք»-ը միայն վարձակալած անշարժ գույք ունի, անդամավճարներից ստացած 708 հազար դրամ: ՀՀՇ-ն 5 մլն դրամի անդամավճար ունի, միանձնյա սեփականության իրավունքով 297 քմ տարածք Սարյան փողոցում: «Հանրապետությունը» Երևանում անհատույց օգտագործման իրավունքով 120 քմ տարածք ունի, 103 հազար դրամ գումար, Արամ Սարգսյանից էլ 600 հազար դրամ նվիրատվություն: ՀԺԿ-ն սեփականության և վարձակալության իրավունքով երկու շենք ունի` 143 քմ ընդհանուր մակերեսով, 17 700 դրամ փող ունի և ուրիշ ոչինչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում