Նորություններ Գյումրիից. «ադրբեջանական ֆիլմերի փառատոնը» չի կայանա

Ինչպես այսօր արդեն տեղեկացրել էինք բողոքի ակցիա էր սպասվում Գյումրիում` կապված այսպես կոչված «ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» հետ, որը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ի ղեկավար Գեորգի Վանյանը փորձում էր անցկացնել Գյումրիում:

Ինչպես Times.am-ի թղթակցին տեղեկացրեց բլոգեր Տիգրան Քոչարյանը Գյումրիից, միջոցառումը չի կայանա:

«Գյումրեցիները կատաղած են: Մեծ թվով երիտասարդներ են հավաքվել «Ասպարեզ» ակումբի մոտ եւ ոչ ոքի թույլ չի տրվում ներս մտնել: Արդեն պարզ է, որ միջոցառումը չի կայանալու», նշեց Տ. Քոչարյանը:

Բլոգերը նաեւ տեղեկացրեց, որ Երեւանից մեկնած երիտասարդները Մարաղայի ողբերգության մասին պատմող տեսաերիզ են բաժանել Գյումրիի բնակիչներին:

«Վանյանը հայտարարեց, թե ինքն ակումբում կմնա մինչեւ ժամը չորսը, բայց հիմա Լեւոն Բարսեղյանը փորձում է նրան դուրս տանել Գյումրիից ոստիկանների օգնությամբ»:

Նշենք, որ սա Վանյանի հերթական ձախողումն է: Ամոթալի նախաձեռնությունն արդեն երկու անգամ ձախողվել է Երևանում և Վանաձորում. այժմ Գ.Վանյանը որոշել էր ուժերը փորձել Գյումրիում:

Հիշենք, որ Գյումրիում բողոքի ակցիա էր տեղի ունեցել նաեւ երեկ:

«Facebook» սոցիալական ցանցում նույնպես ստեղծվել է էջ, որը կարճ ժամանակում հավաքեց ավելի քան 700 համակիրներ: Այնտեղ նաև կարելի է գտնել թեմային վերաբերող մանրամասն տեղեկություններ:

Հիշեցնենք, որ բլոգեր Տիգրան Քոչարյանը երեկ բաց նամակ էր հղել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին՝ իր մտահոգությունը հայտնելով վերանշյալ միջոցառման կազմակերպման առնչությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում