Մամուլն այսօր. Կանայք հեռանում են ՕԵԿ-ից և Հ1-ից

Ընտրություններ.

«Հայացք» թերթը գրում է, որ իր տեղեկությունները հերթական անգամ հաստատվել են, և որ դժգոհ կանայք շարունակում են լքել ՕԵԿ ցուցակը:

Աղբյուրի համաձայն՝ ԿԸՀ-ն երեկ կայացած նիստում ընդունեց ՕԵԿ համամասնական ցուցակից դուրս գալու` Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի և Մերի Ղոնյանի ինքնաբացարկի դիմումները: Ի դեպ, Արթուր Բաղդասարյանին պատկանող Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան ողջ դասախոսական կազմով է ընդգրկված ՕԵԿ ցուցակում: Չի բացառվում, որ առաջիկայում ՕԵԿ ցուցակը լքող կանայք ավելանան: Հնարավոր է, որ ընտրությունների օրը ՕԵԿ-ի ցուցակում մնա միայն մեկ կին` Հեղինե Բիշարյանը: 

«Հրապարակ»-ը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպումների շրջանակներում ապրիլի 26-27-ը Սյունիքի մարզում նախատեսված հանդիպումներն ըստ ամենայնի ուշագրավ են լինելու: Թերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն օրերս խորհրդակցություն է կազմակերպել, որին հրավիրել է բոլոր տարածքային ղեկավարներին և խիստ հրահանգել նրանց, որ ԲՀԿ ղեկավարի այցելության ժամանակ թույլ չտան մարդիկ բերել: Մարզպետն ասել է նաև, թե` ոնց ուզում եք, այդ մասին հասկացրեք ԲՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավարներին և կանխէք: «Վայն եկել է ձեզ տարել, եթե իմացա, որ հրամանս չեք կատարել»,- մոտավորապես այսպես է դիմել Խաչատրյանը ներկաներին: Սակայն ԲՀԿ մարզային կառույցների ղեկավարները լուրն այնուամենայնիվ հասցրել են ղեկավարությանը: Եվ հիմա, ըստ լուրերի, Ծառուկյանը որոշել է հարևան մարզի` Վայոց ձորի ընտրողներին հասցնել Սյունիք: Թերթը նշում է, որ Վայոց ձորի մարզպետը ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն է, ով նաև մարզի կուսակցական կառույցի ղեկավարն է: Ըստ որոշ լուրերի, մոտ 15 ավտոբուս է նախատեսված Վայոց ձորից մարդկանց տեղափոխելու համար: Ի դեպ, թերթին չի հաջողվել պարզաբանում լսել մարզպետ Խաչատրյանից, վերջինս չի ցանկացել լսել նույնիսկ հարցը: Փոխարենը թերթը զրուցել է Սյունիքի ԲՀԿ մարզային խորհրդի նախագահ Կամո Հարությունյանի հետ, ով ասել է. «Սարզպետը չի կարող մեր հավաքներին խոչընդոտել»: Իսկ այնուամենայնիվ նման մտադրություններ մարզպետն ունի՞, հետաքրքրվել է թերթը. «Հա, նման խոսակցություններ քաղաքում պտտվում են, բայց ես հաստատ համոզված եմ, որ մարզպետը ոչ կուզենա ըտենց բանի գնա, համ էլ չի կարա»: Իսկ ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է. «Երբ լինի հանդիպումը, ինքներդ կլսեք ու կտեսնեք, թե որքան մարդ կլինի: Անձամբ մասնակիցներին կհարցնեք, թե ով որտեղից է եկել` մասնակցելու հանրահավաքին»:

«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս օրերին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում լուրջ խնդիրների առաջ են կանգնած ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը: Նրանք, ինչպես հայտնի է դարձել թերթին, հազիվ կարողացել են լրացնել հանձնաժողովների 2/3-ը, իսկ մնացած մասը մնացել է բաց. արդյունքում, օրինակ, ՕԵԿ-ն իր տեղերը տալիս է ՀՀԿ-ին: Ուշագրավն այն է, որ 120 հազար կուսակցական ունեցող ՕԵԿ-ն ու բազմահազարանոց «Ժառանգություն»-ն այդպես էլ չեն կարողանում մարդ ճարել: Աժ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Անահիտ Բախշյանը, սակայն, թերթի հետ զրույցում իրենց մասով հերքել է այս լուրը: «Ոչ, ճիշտ չէ»,- կարճ ու կոնկրետ ասել է նա: ՕԵԿ-ից ևս, բնականաբար, հերքել են լուրը:

Գ.Ծառուկյանի քարոզարշավից.

«Հրապարակ»-ը գրում է, որ մինչ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ պատրաստվում է լինել մայրաքաղաքի համայնքներում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է քարոզարշավը Երևանում ավարտել մեկ հանդիպումով: Թերթի տեղեկություններով, նա չի նախատեսում համայնքային հանդիպումներ, մայրաքաղաքի ընտրողների հետ կհանդիպի մեկ մեծ հանրահավաքով` քարոզարշավի վերջում, մայիսի 4-ին: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Ծառուկյանը նեղվում է հատկապես այն համայնքներում քարոզարշավ անելուց, որտեղ կա ԲՀԿ-ի ռեսուրսի պակաս: Թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ-ն մեծամասնական ըևտրակարզով թեկնածուներ է առաջադրել Երևանի ոչ բոլոր համայնքներում:

Իսկ «Ժողովուրդ» թերթի հավաստի տեղեկությունների համաձայն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանը հորդորել է, որպեսզի մայրաքաղաք Երևանում ընդամենը մեկ նախընտրական հանդիպում անցկացնի: Նույն աղբյուրները փոխանցում են, որ այդ հանրահավաքը լինելու է միայն Մատենադարանի մոտ: Այդ պայմանավորվածության մասին լուրը թերթը փորձել է ճշտել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից, ով ասել է. «Մենք ունենք մշակած մեր նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը և շարժվում ենք այդ ռազմավարության համաձայն` առանց որևիցե մեկի հետ առանց որևէ պայմանավորվածության»: «Ժողովուրդ»-ի ճշտող հարցին, թե ճիշտ է, որ ԲՀԿ-ն միայն Մատենադարանի մոտ է քարոզարշավ անցկացնելու, Գալստյանը պատասխանել է. «Կլինի` կտեսնեք»:

Զարմանազան.

Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը «Հայկական ժամանակի» թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան պնդել է, որ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինն ինքն է ցանկացել ընդգրկվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:

«Դումանյանի պատասխանում, ըստ էության, ուղղակի ասվում է, որ Տիգրան Խզմալյանն ինքն էլ նախապես տեղյակ է եղել, որ իր կինն ընդգրկվելու է Սերժ Սարգսյանի ղեկավարած համամասնական ցուցակում և դրա համար տվել է համաձայնությունը: Սա, ի դեպ, տեսանելի է նաև Տիգրան Խզմալյանի կարեկցանք առաջացնող պարզաբանումներից ու պատասխաններից և դասական օրինակ է այն բանի, թե ինչով է զբաղված ուրիշներին վճռականության պակասի համար դատափետող սույն «բոցաշունչ ապստամբը»»,- գրում է թերթը: Իսկ այն, որ Խզմալյանն ասել է, թե կինն ինքնաբացարկ է հայտնել, հերքել են ԿԸՀ-ում:

«Հրապարակ»-ը գրում է. «Այն, որ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Հ1-ից գնում է «Արմենիա», դեռ հունվար ամսին էինք գրել, սակայն Նազենին դեռ այն ժամանակ հրաժարվել էր մեկնաբանություն տալ` համարելով հարցադրումը ոչ կոռեկտ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ հունվարի 1-ից վերջինս տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն, որի եթերով էլ այս օրերին գովազդվում է «Ռետրո» հաղորդումը, որը վարելու է Նազենին: Չնայած Հ1-ով դեռ շարունակվում է եթեր հեռարձակվել «Երջանկության մեխանիկան»: Ըստ հեռուստատեսային կանոնների` այդ հաղորդաշարն այլևս Հ1-ի սեփականությունն է, և դրա կրկնությունները կարող են անսահմանափակ օգտագործվել եթերում: Պարզելու համար, թե ինչու էր մի քանի ամիս առաջ հրաժարվում պատասխանել իր աշխատանքային փոփոխության մասին հարցին, և արդյո՞ք «Արմենիայում» իր զբաղվածությունը միայն այս հաղորդման շրջանակներում է լինելու, կապվեցինք Նազենի Հովհաննիսյանի հետ, ով այս անգամ նույնպես հրաժարվեց պատասխանել, ասելով, թե նկարահանման է, չի կարող խոսել, ապա խորհուրդ տվեց հետևել անոնսներին, որովհետեւ այնտեղ ասվում է, թե երբ է հեռարձակվելու նոր հաղորդումը: Հիշեցնենք, որ անցած անգամ մեր հեռախոսազանգին ի պատասխան նա մեծ աղմուկ էր բարձրացրել «Ֆեյսբուքում», հայտարարելով, որ ինքը մայրիկի գերեզմանի մոտ է եղել մեր զանգահարելու պահին, և անբարոյականություն էր անվանել այդ պահին իրեն անհանգստացնելը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում