Ռ.Հայրապետյանը պատրաստ է քաղաքական բանավեճ վարել ցանկացած կուսակցության հետ, միայն ոչ՝ կնոջ հետ
Նմանատիպ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) պատասխանել է իր անվան հետ կապված հարցերին, որոնք շրջանառվում են նախընտրական շրջանում:
Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք հնարավոր է քաղաքական բանավեչի կազմակերպումը նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Գայանե Առուստամյանի հետ՝ Ռ.Հայրապետյանը բացառել է այդ հնարավորությունը՝ նշելով, որ ճիշտ չի համարում կնոջ հետ քաղական բանավեճի մեջ մտնելը։
«Ինչ-որ վեճեր սկսեմ, հետո էլ բանից պարզվի, որ ես առավելություն ունեցա ու ինձ զգամ տղամարդ, որ կնոջը հաղթել եմ։ Ես նման բան չեմ ուզում, քանի որ ես կնոջը տեսնում եմ այլ կարգավիճակում»- ասել է Ռ. Հայրապետյանը: Նա նաև ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած բանավեճի բոլոր կուսակցությունների հետ, սակայն չի ընդունում քաղաքական բանավեճ ասվածը. «Քաղաքական բանավեճը ո՞րն է, հո լեզվի մրցավազք չի՞։ Մարդկանց իրենց արած գործով պիտի գնահատեն»:
Պատգամավորի թեկնածուն պատրաստ է Գայանե Առուստամյանին առաջադրած կուսակցության առաջնորդների հետ՝ առաջին համարից մինչև 10-րդ համարը, բացառությամբ երրորդի, ով իր ընկերն է, քաղաքական բանավեճի մեջ մտնել։
Ռ.Հայրապետյանը նաև ասել է, որ վախենում է Գ.Առուստամյանից, քանի որ «իրոք, վախենալու ա։ Կին է, հանկարծ որ վեր կացավ ճանկռեց, ի՞նչ եմ անելու»։
Պատասխանելով այն հարցին, թե որն է թեկնածություն առաջադրելու իրական պատճառը՝ Ռ.Հայրապետյանն ասել է. «Ինձ ինֆորմացիա հասավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է թեկնածությունն առաջադրել թիվ 1 ընտրատարածքում, և ես փորձեցի օգտվել այդ հաճույքից և անպայման առաջադրվել ու ամբողջ ժողովրդին քաղաքաքական հեռուստաբանավեճերի միջոցով ներկայացնել, թե իրականում Լևոն Տեր-Պետրոսյանն ով է։ Այն էլ, մարդը վախեցել ա, չի դրել իր թեկնածությունը»:
Նա նաև մեկնաբանել է մի քանի օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյամնի կողմից հնչեցրած այն արտահայտությանը, թե ինքը Ռուբեն Հայրապետյանի հետ չի բանավիճի, ավելի ճիշտ՝ «ռազբորկի չի գնա»։
«Տարիներ շարունակ, ինքը ձգտել է իմ հետ շփվել։ Եկել, շփվել ա։ Էդ շփումները եթե ռազբորկա են եղել, ուրեմն՝ էս մի ռազբորկին էլ կարար գար։ Բազմաթիվ անգամ տարբեր տրամաչափի բանագնացների ուղարկել ա, որ ես իրան աջակցեմ, գնամ հանդիպման։ Եթե դա ռազբորկա ա, ուրեմն՝ սա էլ ա ռազբորկա։ Տարիներ շարունակ իրա տղային ուղարկել ա իմ մոտ։ Անընդհատ իմ հետ շփվել ա։ Եթե ուղարկել ա ռազբորկայի, ուրեմ՝ էսօր ես հրավիրում եմ բանավեճի՝ դա էլ ա ռազբորկա։ Ուղղակի էդ մարդը չունի էնքան ազնվություն, որ իր լեզվանիկ աշակերտներին ազնվորեն ասի, որ ինքը տարիներ շարունակ ի՞նչ ռազբորկաներ ա արել իմ հետ, որ նոր այդ լեզվանիկները վեր կենան ու ավել պակաս արտահայտություններ անեն»,-ասել է Ռ.Հայրապետյանը։
Սամվել Ալեքսանյան-Նիկոլ Փաշինյան քաղաքական բանավեչի հնարավոր կազմակերպումին անդրադառնալով՝ Ռ.Հայրապետյանն ասել է. «Ես կդադարեմ Սամվել Ալեքսանյանին հարգելուց, եթե ինքը գնա, Նիկոլի հետ հավասարվի ու բանավեճի։ Սամվել Ալաքսանյանի հետ թող գնա Նիկոլի առաջնորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նստի, ու Սամվել Ալեքսանյանը կապացուցի, թե ինքն ա ավելի օգտակար էս երկրի համար, թե՝ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նիկոլ Փաշինյանի և նրա նմաննների պես տասնյակ հազարավոր աշխատողներ ունի Սամվել Ալեքսանյանը… Նրանց միջև տրամաչափի տարբերություն կա։ Թե չէ, կարող ա՞ Սամվել Ալեքսանյանը վախում ա Նիկոլից, թե՞ խեքն ա նրանից պակաս։ Լեզվի արագության տակ հայհոյելը, արագ -արագ սրան նրան վիրավորելը չի նշանակում, թե նա խելոք մարդ ա»:
Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք Ռ.Հայրապետյանը տեղյակ է, որ Սամվել Ալեքսանյանը նախընտրական քարոզարշավի համար գումար հավաքելու նպատակով հաշվեհամար է բացել և արդյոք իրեն դիմել է աջակցելու խնդրանքով, Հայրապետյանն ասել է. «Տեղյակ եմ, 50.000 դրամ փոխանցել եմ, ավել չունեի»:
Իսկ այն հարցին ի պատախան, թե քաղաքական դաշտում ո՞վ պետք է իր ներկայությամբ կամ իրեն տեսնելիս ամաչի, Ռ. Հայրապետյանը շեշտել է՝ «ՀԱԿ-ը՝ ծերից ծեր»։
«Իրենք ամոթխած կգան, կնստեն ու կամաչեն իմ երեսին նայել»,- նշել է Ռ.Հայրապետյանը՝ մեկնաբանելով, թե ինչպես է պատկերացնում իրենց միաժամանակյա աշխատանքը ԱԺ-ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում