Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում Թբիլիսիում կազմակերպվել է հայկական հնատիպ գրքերի ցուցահանդես
Նմանատիպ
Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի հետ համատեղ, ՀՀ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում ապրիլի 11-ին կազմակերպել է հայկական հնատիպ գրքերի ցուցահանդես՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին:
Ցուցահանդեսում ներկայացված էին հինգ տասնյակից ավելի գրքեր, որոնցից էին, մասնավորապես, 1675թ. Հռոմում հրատարակված Յակոբեան Հովհաննեսի պատմությունը, 1760թ. Վենետիկում հրատարակված «Հայկական լեզվի Բառգիրքը» և 1760թ. Էջմիածնում տպագրված «Բուն տօմար հայոցը»:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը նշել է. «Այս ցուցահանդեսն անց է կացվում հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարությունների համատեքստում, որոնք այս տարի տեղի են ունենալու աշխարհի, թերևս, բոլոր երկրներում, որտեղ կա հայկական համայնք: Սակայն Թբիլիսիի ցուցահանդեսը, անշուշտ, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այդ շարքում, որովհետև մեծաթիվ չեն այն վայրերը, որտեղ կա հին հայ տպագիր գրքի նման հարուստ գրադարան»:
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, իր խոսքում արժևորելով գրքի անգնահատելի դերը մարդու բանական մտքի զարգացման գործում, նշել է, որ Վրաստանը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի զարգացման կենտրոն, և այսօր էլ հայկական մշակութային քարտեզի վրա Վրաստանը երկիր է, որտեղ ոչ միայն զարգանում է հայ մշակույթը, այլև պահպանվում են այն պատմական կոթողները, որոնք հայ ինքնության հպարտությունն են: Ազգային գրադարանի գրապահոցում պահպանվում են 50 հազարից ավելի հայերեն գրքեր և փաստաթղթեր, որոնցից շուրջ հազարը հնատիպ հոգևոր գրքեր են:
Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը լուսաբանվել է տեղական մամուլի և հեռուստատեսության կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում