Վարչապետն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
14/04/2012 12:51
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին և զարգացման ծրագրերին, հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Ներկայում կենտրոնում իրականացվում են այնպիսի եզակի վիրաբուժություններ, ինչպիսիք են՝ վիտրեոռետինալ վիրաբուժությունը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը և պրոթեզավորումը, գլաուկոմայի և բնածին ախտահարումների լազերային բուժումը, կոպերի և ակնակապճի պլաստիկ վիրահատությունները: Այդ և այլ կարգի վիրահատությունների քանակը տարեկան 4500-ից ավելի է:
Այժմ կենտրոնում զարգացում է ապրում ռեֆրակցիոն վիրաբուժությունը, որն ուղված է կարճատեսության և հեռատեսության վերացմանը: Այդ նպատակով իրականացվում է այս ծառայության զարգացում, ներդրվում տարբեր նանոտեխնոլոգիաներ, որը նոր շունչ կհաղորդի երիտասարդ աշխատունակ բնակչության տեսողությանը ավելի կատարյալ դարձնելուն: Այս տարիների ընթացքում բաժանմունքում կատարվել է շուրջ 1950 լազերային վիրահատություններ: Ներկայումս բաժանմունքը հանդիսանում է այդ տեսակի վիրահատությունների առաջատարը հանրապետությունում:
1992թ.-ից հիվանդանոցը հանդիսանում է հայ-ամերիկյան «Eye Project» ծրագրի հիմնական գործընկերը: Ծրագրի շրջանակներում կենտրոնը համալրվել է ժամանակակից սարքավորումներով, դեղորայքով և ստեղծվել է շարժական հիվանդանոց, որը ողջ տարվա ընթացքում շրջում է հանրապետության մարզերով և կատարում ախտորոշումներ և վիրահատություններ՝ սոցիալապես անապահով բնակչության համար: Այս տարիների ընթացքում կատարվել են 50 հազարից ավելի հետազոտություններ, 10 հազար վիրահատություններ, 4 հազար լազերային վիրահատություններ:
2007 թ.-ից կենտրոնը համագործակցում է նաև Ամերիկյան «Glaukos» կազմակերպության հետ, որին նպատակն է գլաուկոմայի վիրաբուժական բուժման նորագույն փականների փորձարկումը:
Նկատի ունենալով Շիրակի մարզի բնակիչների անբարենպաստ սոցիալական և առողջական վիճակը՝ կենտրոնը մասնաճյուղ է հիմնել Գյումրիում: Վերանորոգվել է քաղաքի «Ճերմակ» հիվանդանոցի բաժանմունքներից մեկը և կահավորվել վիրաբուժական սարքավորումներով:
Ակնաբուժական կենտրոնը կամավոր մասնակցություն է ցուցաբերում նաև պետ պատվերի սպասարկման նոր՝ համավճարային եղանակին որի շրջանակներում ակնաբուժական կենտրոնի հարկային վճարումները աճել են մոտ 3 անգամ:
Հիվանդանոցը հանդիասանում է նաև հանրապետության խոշորագույն աչքի աշխատանքային և ռազմական փորձագիտության կենտրոնը` ընդունելով տարեկան շուրջ 5-5.5 հազար զինակոչիկ, որը 2.5 անգամ ավել է քան հանրապետության մնացած աչքի բաժանմունքները միասին:
1978-ին հիմնված ակնաբուժական կենտրոնում այժմ աշխատում է 249 մարդ: Այն հանդիսանում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական և Հայբուսակ համալսարանների ուսումնական բազան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում