Ադրբեջանական ֆիլմերի «փառատոնը» Վանաձորում չի կայանա

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենց նախաձեռնած «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի այսպես կոչված «փառատոնը» կրկին հետաձգվելու է: Հիշեցնենք, որ այն երեք տարի շարունակ փորձում են կազմակերպել ՀԿ-ի պարագլուխ, «խաղաղարար» Գեորգի Վանյանի նախաձեռնությամբ:
Վերջին փորձը ապրիլի 12-ին Գյումրիում էր, երբ հայ ժողովուրդը հարգում էր 20 տարի առաջ Մարաղայի ջարդի զոհերի հիշատակը: Ակտիվիստների մի մեծ խումբ ցույցերի շարք կազմակերպեց, ինչի արդյունքում ոստիկանության օգնությամբ խայտառակված Գ.Վանյանին հաջողվեց հեռանալ դեպքի վայրից՝ մեքենային ստանալով ձվերի և լոլիկների հարվածներ:
Այնուհետև «խաղաղարար» Վանյանին տարածք տրամադրելու ցանկություն էր նրա կոլլեգա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցը: Նախնական որոշման համաձայն՝ «փառատոնը» պետք է տեղի ունենար ապրիլի 17-ին: Այսօր և վաղը բազմաթիվ ակտիվիստների կրկին մեծ բողոքի ակցիա էին պատրաստվում կազմակերպել, սակայն ինչպես երևում է Վանյանի ՀԿ-ի տարածած հայտարարությունից, դրա կարիքը չի լինի:

Նշենք նաև, որ այս կապակցությամբ Գուգարաց թեմի առաջնորդ  Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Վանաձորցիները ադրբեջանական բոլոր ֆիլմերին ծանոթ են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի ջարդերով, դեռ ավելին` ծանոթ են նաև նրանց «մշակութասիրությանը», Նախիջևանի հռչակավոր վանքերի  ու եկեղեցիների քանդմանն ու 10.000 և  ավելի  խաչքարերի ոչնչացման վանդալիզմին.  ականատես եղանք…

Այդ ո՞ր Ադրբեջանի մասին է խոսքը, որ մեր ժողովուրդը չգիտի և ուզում եք ծանոթացնել:

Ադրբեջանի նախագահը մեզ դեռ երեկ ֆաշիստ էր անվանում, իսկ այսօր ադրբեջանական ֆիլմերի փառատոն են ուզում անցկացնել: Ո՞րն է  տրամաբանությունը…

Թող այդ ֆիլմերը դիտեն այն ազգերը, ովքեր չեն ճանաչում ադրբեջանցիներին:

Ի վերջո, անշուշտ, պետք է հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ ունենանք, բայց մի մոռացեք, որ ամեն օր սահմանամերձ շրջաններից մահվան լուրեր ենք ստանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում