Էդ.նալբանդյան. «Առկա են բոլոր նախադրյալները Բելառուսի հետ հարաբերությունների առավել ամրապնդման համար»

Ապրիլի 16-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հայ-բելառուսական հարաբերությունները զգալի զարգացում են ապրել համագործակցության տարբեր բնագավառներում: Նախարար Նալբանդյանն  ընդգծեց, որ  առկա են բոլոր նախադրյալներն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար, եւ վստահություն հայտնեց, որ կողմերը հավելյալ ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ:

Նախարար Մարտինովը, շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի համար, իր հերթին եւս գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:

Երկուստեք շեշտվեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, տնտեսական փոխգործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը:

Նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ նրանց կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Մարտինովը անդրադարձան երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցությանը, դրա դիվերսիֆիկացման հնարավորություններին, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկեցին նաեւ մշակութային փոխանակումների առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Սերգեյ Մարտինովի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում