«Եթե նա վախենում է գալ, թող տինդիրիտներ չանի». Ն.Փաշինյանը այսօր Ռ.Հայրապետյանին բանավեճի է սպասում



«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսօր երեկոյան՝ ժամը 22.00-ին «Արմնյուզ» հեռուստատեսության ուղիղ եթերում սպասելու է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, պատգամավորության թեկնածու Ռուբեն Հայրապետյանին:

Ն.Փաշինյանը կասկածի տակ է դրել Ռ.Հայրապետյանի մասնակցությունը բանավեճին՝ կարծիք հայտնելով, որ վերջինս տարբեր պատրվակներով կհրաժարվի հրապարակային բանավեճից: Փաշինյանը նաև հիշեցրել է ՀՖՖ նախագահի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած տեսակետները, որ ինքը պատրաստ է բանավիճել ՀԱԿ համամասնական ցուցակի առաջինից տասը համարների հետ՝ բացառությամբ երրորդ համարից, ում իր ընկերն է համարում: Ռ.Հայրապետյանը ՀԱԿ-ին էր վստահել նաև բանավեճի «ֆորմատի» ընտրությունը:

Ըստ այդմ, Ն.Փաշինյանի խոսքերով, քանի որ ձևաչափ նշանակում է հանդիպման վայր, ժամ ու մասնակիցների կազմ, ապա իրենք որոշել են այդ ձևաչափը և ակնկալում են Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը:

«Մեծ բանավիճող» լինելով Ռուբեն Հայրապետյանը չէր կարող չիմանալ, որ որոշել բանավեճի ֆորմատը, նշանակում է որոշել բանավեճի մասնակիցների կարգավիճակը, թիվը, բանավեճի բնույթը: Եվ եթե նա վախենում է գալ, թող տինդիրիտներ չանի»,- ասել է ՀԱԿ թեկնածուն:

«ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը նաև ընդգծել է, որ որոշ լրատվամիջոցներ այս բանավեճը լուսաբանելիս այնպես են ներկայացրել, թե իբր ինքն է բանավեճի հրավիրել ՀՖՖ նախագահին, այնինչ առաջինը Ռ.Հայրապետյանն է հրավիրել ՀԱԿ առաջին 10 թեկնածուներին, և ինքն էլ որպես յոթերորդ համարի թեկնածու՝ ընդունել է առաջարկը. «Ես հաճույքով ընդունել եմ և ակնկալում եմ, որ 22.00 –ին բանավեճը տեղի կունենա, որովհետև Ռուբեն Հայրապետյանն արել է արտահայտություններ, որոնց ես պետք է պատասխանեմ»:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Ռուբեն Հայրապետյանը բարձր գնահատում իր բանավիճային հնարավորությունները, Փաշինյանն ասել է. «Ողջունում եմ իր այդ գնահատականը, և այսօր կտեսնենք, թե այն ինչքանո՞վ է համապատասխանում իր գնահատականին»:

Մեկնաբանելով իր մասին Ռ.Հայրապետյանի մեկ այլ հայտարարությունը, թե մեկ միլիոն դոլարանոց բնակարան ունի, Ն.Փաշինյանը հայտարարել է. «Բանավեճի ներկայանալիս թող իր հետ բերի նաև բնակարանի նկարը, որ հասկանանք` նրա հայտարարությունները արժեք ունե՞ն, թե ճռճռան խոսքեր են»:

Այն հարցին, թե արդյոք «Արմնյուզ»-ը համաձայնել է հյուրընկալել բանավեճը, ՀԱԿ ներկայացուցիչը հայտնել է, որ հեռուստաընկերության ղեկավարությունն այդ մասին ավելի վաղ իր պատրաստակամությունը հայտնել էր:

Անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեկվա հանրահավաքին՝ Ն.Փաշինյանն վստահորեն ընդգծել է, որ խոչընդոտ հարուցող մարդիկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ էին. «Համենայնդեպս նրանք ներկայացել են այդպիսին»:

Նա տեղեկացրել է, որ խժդժություններ հրահրած կանայք շենքի բակ էին իջել պայուսակներով: Նրա խոսքերով՝ արդեն տեղեկություններ կան, որ կանանցից ոմանք աշխատում են Սամվել Ալեքսանյանի ձեռնարկություններում, ինչպես նաև ոմանք «ջերմագին ողջագուրվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի հետ»:

«Լֆիկական ռեժիմի ներքո հայտնված Մալաթիա Սեբաստիա համայնքը տեղ-տեղ երևում է որպես մերօրյա Օսվենցիմ: Լֆիկական օսվենցիմի ազատագրումը մեր խնդիրն է լինելու: Թիվ 7 ընտրատարածքում իմ և ՀԱԿ-ի հաղթելու շանսերը հսկայական են, այս ասուլիսից հետո շարունակելու եմ իմ քարոզարշավը այդ համայնքում», -շեշտել է Ն.Փաշինյանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը նաև ասել է, որ ինքը  Ս.Ալեքսանյանին բանավեճի առաջարկ  է արել.

«Սամվել Ալեքսանյանն առաջ է մղում կանանց, ես ասում եմ, Սամվե՛լ, արի իրար հետ կռվի չմտցնենք մեր նախընտրական թիմերին: Պետք չէ կանանց հետևում թաքնվել, Սամվել, սա շաքար ներկրել չէ, օղի կեղծել չէ, սպառողներին խաբել չէ»,- նկատել է Ն.Փաշինյանը՝ կոչ անելով տղամարդը տղամարդում նման իրենց ասելիքները միմյանց երեսին ասել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում