Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսրայելի գյուղատնտեսության նախարարին
Նմանատիպ
Ապրիլի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսրայելի Պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի:
Հանդիպման սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց այցի նպատակները և նախարարությունների միջև հետագա համագործակցության առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այնուհետև, ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները սկսում են զարգանալ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր ներկայությունը Իսրայելում ևս դրական ներգործություն կունենա երկու երկրների համագործակցության ամրապնդման գործում:
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև հայ և հրեա ժողովուրդների բազում ընդհանրություններին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևոր նկատեց, որ ցեղասպանություն ապրած երկու ժողովուրդներն առավել զորացնեն իրենց կապերն ու համագործակցությունը` համատեղ պայքարելու, որպեսզի նման ոճիրները բացառվեն և այլևս տեղ չգտնեն մարդկության կյանքում:
Իր հերթին տիկին Օրիթ Նոկեդը ներկայացրեց այցի վերաբերյալ իր տպավորությունները:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Երուսաղեմ կատարած հովվապետական իր այցերին, Հայ Եկեղեցու միջկրոնական հարաբերություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում