Gallup-ի հարցման արդյունքները. Բացի ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից, խորհրդարան կանցնեն նաև ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն

Առաջին հանրապետական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է այս տարվա ապրիլի 4-ից 10-ը: Այս մասին այսօր,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուսումնասիրության արդյունքները ներկայացնելով, ասել է «The Gallup Organization»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն:

«Հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1018 չափահաս բնակիչ: Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` դեմ առ դեմ»,- նշել է Ռ.Ալիշաուսկենեն՝ հավելելով, որ արձագանքների մակարդակը կազմել է 66%, սխալման լուսանցքը չի գերազանցել +/-3.1% , վստահության մակարդակը` 95%:

Ուսումնասիրությանարդյունքների համաձայն՝ հայ ընտրողները բավական հետաքրքրված են գալիք ընտրություններով. նրանց 58%-ը հաստատ մասնակցելու է ընտրություններին, 30%-ը` «հավանաբար կմասնակցի», իսկ ընտրողների 24%-ը դեռ վերջնական չի որոշել` կընտրի, թե ոչ:

Նաև նշվել է, որ ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն են վայելում երկու կուսակցություններ` ՀՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ գրանցված ընտրողների 34%-ը (կամ հավանական ընտրողների 38%-ը) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել գրանցված ընտրողների 28%-ը (կամ հավանական ընտրողների 30%-ը):

«Հարցան արդյունքները ցույց են տալիս, որ 3 այլ կուսակցություն, որոնք վայելում են ընտրողների համեմատաբար ավելի փոքր մասի աջակցությունը, վստահաբար, կանցնեն խորհրդարան. դրանք են՝ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն: Ինտրիգայինը «Ժառանգություն» կուսակցության արդյունքերն են, հենց նրանց քարոզարշավը ցույց կտա`նրանք կկարողանան համախմբել աջակիցներին և գրավել «չկողմնորոշված» հավանական ընտրողներին»,- կարծում է մասնագետը:

Ըստ Ռ. Ալիշաուսկենեի՝ հարցումները ցույց են տալիս, որ երկու առաջատար կուսակցությունները հիմնականում մրցում են միմյանց հետ, մինչդեռ ավելի փոքր կուսակցությունների ընտրողների պատկերը տարբեր է:

Հարցման արդյունքները նաև ցույց են տվել, որ բնակչության համար մտահոգիչ խնդիր շարունակում են մնալ աշխատատեղերի պակասը և կոռուպցիան, որը խաթարում է բնականոն կյանքի ընթացքը:

«Արմնյուզ» լրատվական հեռուսատաալիքի գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանն իր հերթին նկատել է, որ այս հարցման նպատակն է պարզել, թե ինչ տրամադրվածություն ունեն ընտրողներն քարոզարշավից առաջ:

«Եվս մեկ հարցում է անցկացվում, որի արդյունքները  կհրապարակվեն ապրիլի 28-ին: Դրանք ցույց կտան բնակչության դիրքորոշումը քարոզչության ավարտին»,-տեղեկացրել է Ա.Ալեքսանյանը:

Արմնյուզ լրատվական հեռուսաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագիր: Ուսումնասիրության նպատակն է բացահայտել և վերլուծել Հայաստանի բանկչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2012 թվականի ԱԺ և 2013թ-ի Նախագահի ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկան: Ծրագիրն իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և «The Gallup Organization»-ը, 2012-ի ապրիլից մինչև 2013 փետրվար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում