Մահացել է մանրաքանդակի անզուգական վարպետ Էդուարդ Ղազարյանը
Նմանատիպ
Երեկ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մեծագույն արվեստագետ, մանրաքանդակի անզուգական վարպետ Էդուարդ Ղազարյանը, տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից: Մեծանուն արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ:
Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները Էդուարդ Ղազարյանը ցուցադրել է Երևանում ավելի քան կես դար առաջ` 1947թ: Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով: Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող էր դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ-ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն կենսագրություն:
Նրա միկրոաշխատանքները դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը: Ստեղծագործական բազմաթիվ տարիների ընթացքում Էդուարդ Ղազարյանը ստեղծել է շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ: Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից և ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի:
Էդուարդ Ղազարյանը տաղանդավոր երաժիշտ է և ջութակի վարպետ-նորարար: Նրա շնորհիվ նորից կյանքի է կոչվել Յ. Ս. Բախի վիոլա-պոմպոզան, որը լռել էր շուրջ 270 տարի: Նա հիմնադրել է հնագույն երաժշտական գործիքների քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն` մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք:
Նրա ցուցահանդեսները գրավել են շատերի սրտերն աշխարհի տարբեր երկրներում` Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հարավսլավիայում, Ճապոնիայում, Իրանում, Եգիպտոսում, Ռուսաստանում և այլուր: Միայն 1983 թ. ընթացքում Էդուարդ Ղազարյանի անունը 9 անգամ հիշատակվել է ռուսական «Դիվո» ռեկորդների գրքում (Գինեսի ռեկորդների գրքի ռուսական տարբերակը):
Լոս-Անջելեսում կայացած` Վարպետի «Հրաշքների աշխարհ» ցուցահանդեսը ամերիկացի այցելուներն անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»: Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին: Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա Վարպետը կատարում է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Էդուարդ Ղազարյանը ծնվել է 1923 թ. հունիսի 20-ին Երևանում, ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն, երկար տարիներ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը և սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից:
2006 թ. Քեմբրիջի կենսագրական կենտրոնը Էդուարդ Ղազարյանին հայտարարել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը և պարգևատրել «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով: Վարպետը պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով:
2010 թ. մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը Է. Ղազարյանին պարգևատրել է «Սրբ Սահակ և Սրբ Մեսրոպ» մեդալով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում