Ankakhutyun.am. Նոր կայք, ուր ամբողջանում է 90-ականների մամուլը
18/04/2012 11:11
Նմանատիպ
Մի քանի ամիս առաջ համացանցային կայքերի թվին ավելացավ ևս մեկը`ankakhutyun.am-ը, որտեղ տեղադրվում են 90-ականների մամուլի հրապարակումներ և լուսանկարներ: Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով մեր հարցերն ուղղեցինք կայքի հիմնադիր Միքայել Յալանուզյանին:
-Ինչու՞ որոշեցիք ստեղծել Ankakhutyun.am կայքը: Ո՞րն է այդ հանգույցի առաքելությունը:
-Անկախությունը մենք ձեռք ենք բերել շատ դժվարին ու հերոսական պայքարով, որն ուղեկցվել է հսկայական կայսրության փլուզումով, ներքաղաքական բարդ զարգացումներով և Արցախյան պատերազմով: Անկախության ձեռքբերումը հայ ժողովրդի համար ունի շատ կարևոր մի առանձնահատկություն. այն ուղեկցվել է ծանր, բայց հաղթական պատերազմով: Շատ ուշագրավ և հետաքրքիր են եղել ներքաղաքական զարգացումները ևս: Այս բոլոր գործընթացները, բնականաբար, լուսաբանվել են Հայաստանում տպագրվող հայալեզու և ռուսալեզու մամուլում, և մեր նպատակն է դրանք հրապարակել համացանցում, որպեսզի հետաքրքրվողները կարողանան ծանոթանալ դրանց:
Ուզում եմ ասել նաև, որ դեռ մի քանի տարի առաջ մենք` մի խումբ ընկերներով նախաձեռնեցինքpress.karabakh.infoկայքի ստեղծումը, որը 1988-94թթ. արցախյան պայքարի վերաբերյալ ռուսալեզու մամուլի արխիվ է: Այսինքն` գաղափարը կար վաղուց:ankakhutyun.am-ում տեղադրվում են թե ներքին քաղաքականությանը, թե տարածաշրջանային զարգացումներին և թե արցախյան պատերազմին վերաբերող հոդվածներ:
Առանձին բաժնով նախատեսում ենք տեղադրել մշակույթին, գրադարանային, գրատպությանը վերաբերող հոդվածները: Սակայն մենք չենք բավարարվելու միայն մամուլով, և հույս ունենք մոտ ապագայում կայքում ավելացնել մի շարք նոր բաժիններ` մասնավորապես, Հայաստանի և Արցախի անկախության պատմության ժամանակագրություն, տեսադարան, հնարավորության դեպքում նաև` հարցազրույցներ և հուշեր:
-Ինչպե՞ս է ընկալում մեր օրերի ընթերցողը 20-ամյա վաղեմություն ունեցող լուրերը:
-Ընթերցողների ընկալման մասին դժվարանում եմ այս պահին ասել, քանի որ այցելությունները դեռևս քիչ են. կայքն ունի մոտ 2 ամսվա պատմություն: Կայքի անունով ստեղծվել է նաև առանջին էջ Ֆեյսբուքում, այնպես որ ցանկացողները կարող են իրենց կարծիքներն, տպավորություններն ու մեկնաբանությունները գրանցել այնտեղ: Միաժամանակ շատ շնորհակալ կլինենք, եթե ընթերցողները մեզ տրամադրեն թերթեր, լուսանկարներ, ականատեսների վկայություններ և այլ նյութեր:
-Ի՞նչ ակնկալիքներ և սպասումներ ունեք կայքի գործունեությունից:
-Մենք հույս ունենք, որankakhutyun.am-ը կդառնա մեր երկրի պատմության շատ կարևոր մի ժամանակաշրջանի մասին բազմակողմանի տեղեկություններ և աղբյուրներ պարունակող շտեմարան: Այն կարող է օգտակար լինել երիտասարդների, ուսանողների, գիտնականների և ընդհանրապես, այս շրջանով հետաքրքվող մարդկանց համար: Կարծում եմ, որ կայքը կարող է օգտակար լինել նաև լրատվության և տեղեկատվության ոլորտում աշխատողների` լրագրողների, փորձագետներ, բանասերների համար, որովհետև ժուռնալիստիկայի ոլորտում 90-ականներին տեղի են ունեցել շատ հետաքրքիր զարգացումներ, որոնք արժանի են լրացուցիչ ուսումնասիրության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում