Պաշտպանը շարունակում է իր հանդիպումները քաղաքական ուժերի նախընտրական շտաբեր ղեկավարների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում է հանդիպումները 2012թ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ:

Ապրիլի 17-ին Պաշտպանը հանդիպել է «Միավորված հայեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական շտաբերի ղեկավարների հետ և քննարկել ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի խորհրդատվական և դիտորդական հնարավորությունները`առաջարկելով համագործակցություն  նախընտրական, միջընտրական և հետընտրական շրջանում:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, «Միավորված հայեր»  կուսակցությունը մասնավորապես մատնանշեց նախընտրական շրջանում իշխանական ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, ինչպես նաև մասնավոր տարածքների սեփականատերերի շրջանում վախի մթնոլորտի գոյությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ղեկավարը  հիմնականում բավարարված էր  նախընտրական զարգացումներով և էական խնդիրներ չէր արձանագրել, բացի ընտրացուցակներում առկա  որոշ անճշտություններից:

Պաշտպանի հետ հանդիպման առաջարկին այս պահին դեռևս չեն արձագանքել միայն «Օրինաց երկիր» և  Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:

Պաշտպանի հաջորդ հանդիպումը կկայանա այսօր` Հայ Ազգային Կոնգրեսի  նախընտրական շտաբի ղեկավարի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում