Վանյանն ընդդեմ Վանյանի, կամ որքան վատ, այնքան լավ



Բոլորովին էլ տարօրինակ ու անսպասելի չէր, որ Գյումրիում Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ-ի ու Միացյալ թագավորության դեսպանատների աջակցությունն ստացած ադրբեջանական ֆիլմերի փառատոնն այդքան ծավալուն ու սուր բանավեճերի ու վիճաբանությունների տեղիք տվեց: Հնչեցին ինչպես միջոցառման գաղափարին ընդհանրապես ու կոնկրետ այդ միջոցառմանը կողմ և դեմ կարծիքներ: Կարծիք արտահայտողներից յուրաքանչյուրը բերում էր իր փաստարկներն ու հիմնավորումները՝ թե՛ ռացիոնալ, թե՛ զգացմունքային: Կարճ ասած՝ բավական «աղմուկ» բարձրացրեց:

Հատկանշական է, որ այդ կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում արդեն իսկ իրականացվել են նմանատիպ (թեև ոչ բոլորն են նույնատիպ) մի շարք նախաձեռնություններ Նոյեմբերյանում, Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում, Երևանում, որոշ վայրերում՝ անգամ մեկից ավելի անգամ: Հիմնական «թիրախային խումբը» եղել են երիտասարդները, եղել են նաև դպրոցականների համար նախատեսված միջոցառումներ: Դրանք ներառել են դպրոցական շարադրություններ ու հանդիպումներ[1], ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպում-քննարկումներ, հարցազրույցներ, հոդվածներ և այլն[2]: Գլխավոր նպատակը, ինչպես պնդում են Կենտրոնի ու նախաձեռնությունների ղեկավարները, քաղաքացիական երկխոսության միջոցով խաղաղության ու խաղաղասիրական արժեքների տարածումն է: Այդ միջոցառումներից քչերի մասին է հայտնի հասարակական լայն հատվածներին, քանզի դրանցից միայն որոշներն են արժանացել ԶԼՄ-ների ուշադրությանն: Այդ շարքից մեզ առավել հայտնի են «23.5» թուրքական ֆիլմերի փառատոնը Հայաստանում և «Ադրբեջանի օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը: Առաջին հայացքից, նորմալ, մարդասիրական նախաձեռնություն է, գովեստի արժանի: Սակայն երկրորդ հայացքից ի հայտ են գալիս այդ նախաձեռնությունների «բացերը», որոնք դրսևորվում են ինչպես նմանատիպ ակտիվության ընդհանուր գաղափարի, այնպես էլ կոնկրետ նախաձեռնությունների մեջ:

Ընդհանրական «բացերից» նշենք հետևյալները.

1. Ինչու՞ միայն Հայաստանում– այդ ակտիվության մեջ ակնհայտորեն պակասում է, ավելի ճիշտ՝ բացակայում է համամասնությունը: Հայաստանի ամենատարբեր վայրերում իրականացված ամենատարբեր, անգամ պատանեկան միջոցառումների կողքին Ադրբեջանում իրականացված ոչ մի միջոցառում նրանց կայքում չգտանք:

Հակամարտությունն ունենում է առնվազը երկու կողմ: Այդպես է նաև հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան ձգտում են երկու կողմերը: Կենտրոնը, եթե իսկապես ազնվորեն ձգտում է ինչ-որ կերպ ներազդել հակամարտային մթնոլորտի վրա, պետք է համաչափորեն ու համարժեք ծրագրեր իրականացներ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, որպեսզի, ենթադրաբար, երկու կողմերի մոտ առաջանա հաշտեցման ձգտում: Այդ դեպքում ինչու՞ են միայն Հայաստանում անցկացնում միջոցառումներ*: Միթե՞ Ադրբեջանում բոլոր հարցերը լուծվել են ու հիմա էլ մենք՝ հայերս ենք խոչընդոտում խաղաղության հաստատմանը: Իհարկե այդպես չէ: Դեռ ավելին, Հայաստանում պետական մակարդակով ադրբեջանատյացության, շովինիզմի, ռազմամոլական քաղաքականության բացակայությանը զուգահեռ Ադրբեջանում պետական մակարդակով հայերին կարող են ֆաշիստ-բռնազավթիչ անվանել, մանկական տարիքից մուլտֆիլմերի, գեղարվեստական ֆիլմերի, դասագրքերի, ԶԼՄ-ների միջոցով հայերի ու Հայաստանի մասին խեղված, թյուր տեղեկություններ, ատելություն սերմանել, զինադադարի ռեժիմի պարբերական խախտումներ թույլ տալ, «չեզոք դաշտում» կացնով հայ սպային սպանածին պետականորեն հերոսացնել, նրանց համաժողովրդական պաշտամունքի և ընդօրինակման առարկա դարձնել: Փոխադարձ թշնամանքի այս անհամաչափությունն անգամ արձանագրում են Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովի փորձագետները, որը տեսանելի կլինի՝ համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի մասին զեկույցները[3]: Կարծում ենք, հենց Ադրբեջանում և ադրբեջանցիների շրջանում պետք է Կենտրոնն իր գործունեությունը ծավալեր, այլ ոչ թե Հայաստանում:

Ստացվում է, Կենտրոնը, հակամարտության չկարգավորվածության պայմաններում, ձգտում է հանուն «խաղաղության փոփոխությունների» մեր մտածողության մեջ սերմանել հակառակորդի նկատմամբ հանդուրժողականություն, ներողամտություն, զիջողականություն: Նպատակը, իմաստը ո՞րն է: Ինչու՞ չեն իրականացվում համանման միջոցառումներ երկու երկրներում էլ, ինչու՞ են թիրախ հանդիսանում հենց ու միայն հայերը/Հայաստանը, այլ ոչ թե ադրբեջանցիները/Ադրբեջանը, եթե ակնհայտ է, որ իրական խնդիրն Ադրբեջանում է:

2. Որքանո՞վ են արդյունավետ ու նպատակահարմար– միթե՞ տարօրինակ չէ այն, որ, բացի նրանից, որ Ադրբեջանում այսպիսի միջոցառումներ ընդհանրապես չեն իրականացվում, այնտեղ, կրկնենք, պաշտոնական-պետական մակարդակով է հայատյաց քաղաքականություն տարվում, իսկ Հայաստանում, ինչպես պարզորոշ երևում է Կենտրոնի իրականացրած ծրագրերի ցուցակից, պետականորեն այդ նախաձեռնությունները չեն արգելվել, իսկ որոշ միջոցառումների ձախողումն իրականացվել է գերազանցապես քաղաքացիական բողոքների ճնշման տակ, իսկ այդ ճնշումներն էլ ուղղված են եղել ոչ թե պետական մարմիններին, այլ այդ նախաձեռնությունների իրականացման համար հարթակ տրամադրելու պատրաստակամություն հայտնածներին: Ավելի կոնկրետ՝ եթե հակամարտության Ա (ադրբեջանական) կողմի պետական քաղաքականությունն ուղղված է Բ (հայկական) կողմի նկատմամբ ատելություն, թշնամանք տարածելուն, Ա երկրում չեն իրականացվում հաշտեցմանն ուղղված միջոցառումներ, ապա որքանո՞վ է Ա-ին ու Բ-ին հաշտեցնելու գործին ծառայում Բ կողմի հասարակության շրջանում այդպիսի միջոցառումների իրականացումը, մանավանդ, որ, չնայած պատերազմի վերսկսման հնարավորության պահպանմանը, Բ երկրի իշխանություններն իրենք ոչ միայն Ա-ի նկատմամբ թշնամանք չեն տարածում, այլև իրենք են հանդես գալիս հակամարտության կարգավորման կառուցողական դիրքերից:

3. Հնարավո՞ր է արդյոք «հաշտեցում հաշտությունից առաջ»– Արձանագրենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ, հաշտության պայմանագիր ստորագրված չէ, առկա են զինադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ և Ադրբեջանի իշխանությունների կողմից ռազմական գործողությունների վերսկսման բազմաթիվ սպառնալիքներ: Ավելի կոնկրետ՝ չնայած զինադադարի մասին պայմանավորվածությանը՝ Ա կողմը պետականորեն սպառնում է ռազմական ուժ կիրառել Բ-ի նկատմամբ, զինադադարի ռեժիմը խախտող՝ հակառակորդի կրակոցներից սպանվում են զինվորներ: Միջազգային պրակտիկայում մենք չենք հանդիպել որևէ նմանատիպ դեպք, երբ պետությունների միջև հակամարտության չկարգավորվածության, հաշտության պայմանագրի բացակայության պայմաններում այդ հաշտությանը հասնում են հանրային-քաղաքացիական այսպիսի միջոցառումների միջոցով: Այդպիսի միջոցառումներն բանական, տրամաբանված ու նպատակային են հաշտության պայմանագրի կնքումից հետո, այլ ոչ թե առաջ:

4. Ինչու՞ հենց ապրիլի 12-ին՝ ադրբեջանցիների կողմից Մարաղայում հայերի ջարդերի օրը– սա արդեն վերաբերում է կոնկրետ վերջին՝ Գյումրիում նախատեսված միջոցառմանը: Ի՞նչ էին սպասում, ակնկալում կազմակերպիչները՝ հենց այդ օրը փորձելով կազմակերպել այդ միջոցառումը: Եթե դա դիտավորություն կամ չիմացություն չէր, ապա հակամարտության չկարգավորվածության, հաշտության պայմանագրի բացակայության, Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում ու այլ բնակավայրերում հայերի ջարդերի՝ Ադրբեջանի կողմից չընդունման, չդատապարտման պայմաններում*միթե՞ նպատակահարմար էր հենց այդ օրն ընտրել ֆիլմերի ցուցադրման համար:

Չնայած վերը նշված հանգամանքներին՝ սոցիալական ցանցերում քննարկումների ու հրապարակումների մեջ եղան նաև միջոցառումների անցակցման կողմ տեսակետներ: Թեզիսների տեսքով ամփոփ ներկայացնենք այդ տեսակետների օգտին բերվող փաստարկները:

1. Խաղաղություն և հանդուրժողականություն են տարածում– ոմանք իսկապես հավատացած են, որ այսպիսի միջոցառումների միջոցով կարելի է հասնել խաղաղության և փոխհանդուրժողականության: Սակայն վերևում մենք արդեն նշեցինք, որ, նախ, հաշտության պայմանագրի կնքումից առաջ այսպիսի միջոցառումների արդյունավետությունը խիստ կասկածելի է, երկրորդ, անտրամաբանական է այսպիսի միջոցառումների իրականացումը հակամարտության կողմերից միայն մեկում՝ տվյալ դեպքում Հայաստանում:

2. Միջազգային հանրությանը ցույց ենք տալիս մեր կառուցողականությունը– ու՞մ մասին է խոսքը, ո՞վ է այդ «միջազգային հանրությունը»՝ միջազգային կառույցները՞, այլ պետությունների ղեկավարությունները՞, թե՞ ինչ-որ մի պետության՝ իր առօրյա հոգսերով տարված ու մեր գոյության մասին աղոտ պատկերացում ունեցող կամ անգամ դա էլ չունեցող քաղաքացին: Ու՞մ համար պետք է լիներ այդ բեմադրությունը: Նախ, պետք չէ կարծել, թե «միջազգային հանրությունն» իր գործերը թողած, ամբողջ օրն աչալրջորեն հետևում է, թե որ երկրում ինչ միջոցառում կազմակերպվեց, դրանցից որն ինչ պատճառով ձախողվեց: Երկրորդ, «միջազգային հանրությունը» շատ լավ գիտակցում է, որ հաշտեցման հիմնաքարը պետական-պաշտոնական իշխանությունների դիրքորոշումների հաշտեցումն է՝ հաշտության պայմանագիրը, այլ ոչ թե ինչ-որ քաղաքացիական նախաձեռնությունը: Երրորդ, սա ամանորյա արարողություն չէ, որ փորձենք հարևաններին հաճոյանալու համար ծանրաբեռնել սեղանը բազմապիսի ուտելիքներով, որոնց մի մասն այդպես էլ կմնան ու կփչանան: Չորրորդ, ի՞նչ պետք է փոխեր այսօրվա պայմաններում այդ բեմականացումը, եթե խնդիրն առաջին հերթին Ա պետության պաշտոնական դիրքորոշման մեջ է, իսկ Բ պետության պաշտոնական դիրքորոշումը «միջազգային հանրությանը» հայտնի և նրա համար ընդունելի է: Միամիտ ու ուտոպիստ չլինենք, միջազգային-արտաքին քաղաքականությունը կերտվում է լավ հաշվարկված իրատեսական ու պրագմատիկ քայլերի, այլ ոչ թե նման միջոցառումների վրա: Նաև պետք չէ կարծել, որ ամբողջ աշխարհը մեր շուրջն է պտտվում, «միջազգային հանրությունը» տեղյակ չէ հիմնախնդրի պատճառների մասին կամ էլ այդպիսի բեմականացումներով կարելի ազդել որոշ ընդունող կենտրոնների վրա:

3. Մեր թշնամուն այդկերպ ավելի լավ կճանաչենք– թշնամուն ավելի լավ ճանաչելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մասնագիտական գիտելիքներ, հմտություններ: Այդպիսի մասնագետներ ունենք, նրանք իրենց գործն անում են: Հանրային դիտումներ կազմակերպելն ինչի՞ համար է: Եթե որևէ անհատ ցանկանում ինքն անձամբ զբաղվի «թշնամուն ուսումնասիրելով», ապա նա պետք է ծանոթանա մասնագետների ուսումնասիրությունների արդյունքներին, իսկ եթե պարզապես ուզում է ադրբեջանական արտադրության ֆիլմ դիտել, ապա կարող է միանալ համացանցին ու այնտեղից բեռնել-դիտել այդ ֆիլմերը: «Թշնամուն ավելի լավ ճանաչելու» ցանկությամբ ադրբեջանական ֆիլմերի հանրային ցուցադրումը պատճառաբանելը հիմնավոր չէ:

4. «Մենք նրանց նման բարբարոս չենք, որ թույլ չենք տալիս այդ փառատոնը կայանա»– Առաջին, իսկ մենք նրանց կարծիքի հաշվին սեփական ինքնագնահատականը բարձրացնելու կարիք ունե՞նք: Երկորդ, եթե այդ միջոցառումը ձախողելը «բարբարոսություն» է, ապա հակամարտության ու հայատյացության առկայության պայմաններում դրանք թույլ տալը պետք է դիտվի «ինքնախարազանություն», իսկ կոնկրետ այդ օրը՝ ապրիլի 12-ին դա թույլ տալը՝ առնվազն «ինքնահարգանքի, ինքնասիրության, արժանապատվության պակաս» կամ «Մարաղայի զոհերի հիշատակի ուրացում»:

Առկա էին նաև այնպիսի զգացմունքային-ոչ ռացիոնալ մոտեցումներ, թե «ես հոգնել եմ այս վիճակից», «այսպես են անում, որ հակամարտությունը չի լուծվում»: Նախ, եթե «հոգնում» են, ապա հանգստանալ ու սթափ գնահատել է հարկավոր, երկրորդ, միջոցառում իրականացնել/ձախողելը ո՛չ մոտեցնելու էր խնդրի կարգավորումը, ո՛չ հեռացնելու էր, ավելին, դրանով որոշում ընդունող կենտրոնների մոտ ո՛չ Հայաստանի ու հայության վարկն էր բարձրանալու, ո՛չ էլ ընկնելու էր:

Եզրակացություն

Ամփոփելով այս փոքրիկ դիտարկումը՝ կարող ենք եզրակացնել, որ նմանատիպ խաղաղասիրական նախաձեռնություններն այսօր, առկա պայմաններում վաղաժամ են ու անարդյունավետ, քանզի,

1. դրանք տրամաբանական կարող են լինել ու նպաստել հասարակությունների հաշտեցմանը, եթե պետությունների միջև արդեն ձեռք է բերված հաշտության համաձայնագիր, ու նրանք իրենք են ձեռնամուխ եղել հասարակությունների հաշտեցման գործին:

2. անհիմն է պնդել, թե հանրության շրջանում «խաղաղության փոփոխություններն» անպայմանորեն կհանգեցնեն նաև պետական դիրքորոշումների փոփոխության:

3. հակամարտող կողմերից միայն մեկի հասարակության վրա «աշխատելը» չի կարող երաշխավորել հասարակական հաշտեցում, քանզի մյուս կողմի հասարակությունը շարունակում է մնալ պետական հայատյաց քարոզչության ազդեցության տակ:

4. անհիմն են նաև ենթադրությունները, թե «բեմականացումներն» այսօր ինչ-որ կերպ բարձրացնում են մեր վարկը միջազգային որոշում ընդունող կենտրոնների մոտ:

5. Անհիմն է պնդելը, թե հանրային կինոդիտումներով կարելի «թշնամուն ավելի լավ ճանաչել»:

Ինչ վերաբերում է կոնկրետ ապրիլի 12-ին այդ կինոդիտումը կազմակերպելու փորձին, ապա կասկածներն են առաջանում, որ իրականում կազմակերպիչները հաշվարկել էին ու ակնկալում էին հենց այնպիսի /միգուցե ավելի վատ/ արձագանք, ինչպիսին որ եղավ: Հնարավոր չէ պատկերացնել, որ կազմակերպիչները չեն իմացել այդ օրվա խորհրդի մասին կամ էլ կարծել են, թե հենց այդպիսի օրվա ընտրությունն էլ ավելի ազդեցիկ կդարձնի «խաղաղասիրական» նախաձեռնությունը: Կարծում ենք՝ կազմակերպիչներին հենց կոշտ արձագանք էր անհրաժեշտ, և օրվա ընտրությունը նպատակ ուներ էլ ավելի գրգռելու հասարակությանը, սադրելու, որպեսզի նա անպայման գնա կոշտ քայլերի: Իսկ ի՞նչ են ստանում կազմակերպիչները դրանից: Նախ, որքան կոշտ լինի հասարակության արձագանքը, այնքան ավելի հիմնավորված կլինի նրանց հայտը դրամաշնորհ տվող դոնոր կառույցներին՝ ֆինանսավորելու նորանոր «խաղաղասիրական» նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն իրենց իսկ կողմից էլ ավելի գրգռված հասարակության մեջ «խաղաղության փոփոխություններին»: Փաստորեն, մինչև պետությունների միջև հաշտության համաձայնության ձեռքբերումը նրանք իրենց կապահովեն աշխատանքով և վարձատրությամբ, իսկ որքան գրգռված լինի հասարակությունը, այնքան ավելի շատ ծրագրեր կիրականացվեն ու, հետևաբար, այդքան ավելի շատ վարձատրություն նրանք կստանան:

Սա նաև աջակցություն էր հակառակորդի հակահայ քաղաքականությանը, քանզի կինոդիտման ձախողումը՝ համեմված բազմապիսի մեկնաբանություն-գնահատականներով, արդեն իսկ ադրբեջանական քարոզչամեքենային ու ԶԼՄ-ներին «նյութ» է տվել[4]: Եթե միջոցառումը չփորձեին կազմակերպել հենց ապրիլի 12-ին, ապա կկարծեինք, որ այդ աջակցությունը դիտավորյալ, կանխամտածված չի եղել: իսկ հենց ապրիլի 12-ի ընտրությունը կասկածի տեղիք է տալիս, որ կազմակերպիչները ոչ միայն ցանկացել են գրգռել հասարակությանը, որպեսզի ապահովվեն «աշխատանքով», այլև հաշվարկել են, որ միջոցառման ձախողումը նոր թեմա կտա ադրբեջանական հակահայ քարոզչությանը, ինչն էլ էլ ավելի կսրի մթնոլորտը: Իսկ «որքան վատ, այնքան լավ»:

Հ.Գ. Թեև դա հավանաբար զուտ տեխնիկական թերության արդյունք է, սակայն մեր ուշադրությունը գրավեց մի հանգամանք: Կենտրոնի կայքում նյութերի թարգմանության մեջ մենք նկատեցինք, որ անգլերեն ու ռուսերեն տարբերակներում կա թարգմանության սխալ[5]: Դրանցում ներկայացվում է մի հատված Հարավային Կովկասում ԵՄ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Պ. Սեմնեբիի՝ ադրբեջանականAPAգործակալությանը դեռևս 2007 թ. տված հարցազրույցից: Թեև այդ հատվածի ռուսերեն ու անգլերեն հատվածները նույնաբովանդակ են: Հիմնական միտքը նրանում է, որ Պ. Սեմնեբին ողջունում է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպման գաղափարը և կոչ է անում հայկական ֆիլմերի փառատոն կազմակերպել նաև Ադրբեջանում: Տարօրինակն այն է, որ եթե անգլերեն տարբերակում այդ հատվածից մեջբերում-գլխագիրը համընկնում է հարցազրույցում հնչած մտքին՝ «PETER SEMNEBY OFFERS TO HOLD A WEEK OF ARMENIA IN AZERBAIJAN», ապառուսերեն տարբերակում բոլորովին այլ թարգմանություն է՝ ոչ թե կոչ է անում Հայաստանի շաբաթ անցկացնել Ադրբեջանում, այլ, հակառակը՝ Ադրբեջանի շաբաթ անցկացնել Հայաստանում՝ «ПИТЕР СЕМНЕБИ ВЫСКАЗАЛСЯ ЗА ПРОВЕДЕНИЕ«НЕДЕЛИ АЗЕРБАЙДЖАНА» В АРМЕНИИ»: Անշուշտ, շվեդ դիվանագետը կողմնակից է Հայաստանում ադրբեջանական շաբաթվա անցկացմանը, սակայն նա հարցազրույցում մատնացույց է անում հենց Ադրբեջանում հայկական շաբաթվա կազմակերպումը: Ինչու՞ են փոխվել շեշտադրումները ռուսերեն տարբերակի մեջբերում-գլխագրում, որն առաջինն աչքի ընկնողն է ընթերցողի համար, որը գուցեև ամբողջությամբ չկարդա էլ նյութը, այլ բավարարվի գլխագրերը կարդալով: Դիտավորությու՞ն է սա, թե՞ տեխնիկական թերացում:

Նարեկ Ս. Գալստյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ



[1] Տե՛ս, օրինակ,Days of Azerbaijan in Armenian Schoolhttp://southcaucasus.com/old/index.php?page=current&id=1633 ևhttp://southcaucasus.com/old/index.php?page=current&id=1645

[2] Այդ կենտրոնի նախաձեռնությունների մասին տե՛ս կենտրոնի գլխավոր էջումhttp://southcaucasus.com/old/ և այս ենթաբաժնումhttp://southcaucasus.com/old/index.php?page=current&id=2279

* Ադրբեջանցի հրապարակախոս-վերլուծաբանների հարցազրույցները «հաշիվ չեն», քանի որ դրանք հասարակության լայն հատվածների հետ աշխատանք չեն հանդիսանում և, ծայրահեղ դեպքում, դրանք միայն այդ կոնկրետ անհատների տեսակետներն են ներկայացնում: Ավելին, հայկական կողմը ներկայացնող հարցազրույցներ ևս կան: Իսկ «ինչու՞ նմանատիպ միջոցառումներ Ադրբեջանում չեն կազմակերպում» հարցն ավելի շուտ հռետորական է, քանի որ դրա պատասխանն ինքնին ակնհայտ է՝ պետական իշխանությունն ու, նրա ազդեցությամբ, ընդհանուր հասարակական-քաղաքական մթնոլորտը դա անհնար են դարձնում

[3] Տե՛ս ECRI Report on Armenia (fourth monitoring cycle),adpoted on7 December 2010, published on 8 February 2011http://hudoc.ecri.coe.int/XMLEcri/ENGLISH/Cycle_04/04_CbC_eng/ARM-CbC-IV-2011-001-ENG.pdf և ECRI Report on Azerbaijan (fourth monitoring cycle),adpoted on23 March 2011, published on 31 May 2011 http://hudoc.ecri.coe.int/XMLEcri/ENGLISH/Cycle_04/04_CbC_eng/AZE-CbC-IV-2011-19-ENG.pdf: Այս զեկույցներում պարզապես կարող եք փնտրել, համապատասխանաբար, «Azerbaijan» և «Armenia» բառերը և կարդալ գտնված հատվածները: Արդյունքներն ինքնին ավելի քան խոսուն են: Միջազգային փորձագետների գնահատականների հարցում թերահավատներին առաջարկում ենք համեմատել հայկական ու ադրբեջանական գլխավոր, այդ թվում՝ պետական ԶԼՄ-ների հրապարակումների բովանդակությունը, շեշտադրումները, ինչպես նաև, հանրային դիրքորոշումը դիտարկելու համար, օրինակ, սոցիալական ցանցերում փնտրել, գտնել ու համեմատել հակահայկական ու հակաադրբեջանական խմբերի ու դրանց անդամների թիվը և ակտիվությունը:

* Չնայած, ինչ-ինչ պատճառներով, մենք ինքներս էլ այդ հարցը պետականորեն չենք բարձրաձայնում:

[4] Տե՛ս,մասնավորապես Nigar Fatali,Peace Activist Threatened in Armenia, Azerbaijani Film Festival Cancelled,April 14th, 2012 http://foreignpolicyblogs.com/2012/04/14/peace-activist-assaulted-armenia/;Azerbaijani Film Festival Failed To Take Place In Gyumri Again,12 APRIL 2012 http://www.historyoftruth.com/news/latest/11649-azerbaijani-film-festival-failed-to-take-place-in-gyumri-again;

Azerbaijani Film Festival Canceled In Armenia After Protests,April 13, 2012 http://www.rferl.org/content/azerbaijan_armenia_film_festival_canceled_protests/24547207.html

[5] Ի նկատի ունենք այս էջերըhttp://southcaucasus.com/old/index.php?page=current&id=1645 ևhttp://southcaucasus.com/old/index.php?page=current&id=1641: Տե՛ս նաև այդ հատվածների համադրված նկարըhttp://s017.radikal.ru/i403/1204/34/c03b87693d33.jpg:

Հետևեք մեզ նաև Telegram-ում