Թերթերն այսօր. Կկայանա՞ արդյոք քաղաքական բանավեճ և ու՞մ է ձեռնտու Ս.Զոլյանի հեռացումը

Ընտրություններ.

«Երկիր» թերթի տեղեկություններով՝ հերթական ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել կոալիցիոն ուժերի ղեկավարների միջև: Կողմերը պայմանավորվել և հստակեցրել են ընտրակաշառքը բաժանելու մեխանիզմները և, որ ամենակարևորն է, ճշտել են «քարտեզը»: Համաձայն պայմանավորվածության՝ եթե տվյալ ընտրատարածքը տրվել է որևէ կոալիցիոն ուժի, ապա հակառակորդները չպետք է գումար բաժանեն:

Այսպես այլևս ՀՀԿ-ն չպետք է խփի ԲՀԿ-ին և հակառակը, իսկ ՕԵԿ-ին հորդորել են նույն ոգով և եռանդով շարունակել մուրաբա բաժանելը: Հանրապետականներից մեկը թերթի թղթակցին պատմել է, որ անգամ նախագահի ծիծաղն է եկել, երբ իմացել է, որ ՕԵԿ-ը մուրաբա է բաժանում:

«Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում անդրադարձել էր Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև Մեծ Բրիտանիայի դեսպանի միջոցով տեղի ունեցած գաղտնի հանդիպմանը: Երեկ թերթի աղբյուրները որոշ մանրամասներ են փոխանցել. Ըստ նրանց` հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ «Ժառանգություն»-ը Քաղաքագետների միությունում ստորագրել էր միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ: Ու դա էր պատճառը, որ «Ժառանգություն»-ը հանկարծ սկսեց խոսել նախապայմանների լեզվով` փորձելով վիժեցնել նախաձեռնությունը: Աժ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, հերքել է այս լուրերը` ասելով. «Նման բան չկա: Լրագրողներն են հորինել այս ամենը»: Ի դեպ, երեկ, ՀՀԿ-ի նախընտրական համերգը չվերջացած, Սիսիանի հրապարակ է մտել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» պաստառի ներքո ՀՀԿ-ի բարձրախոսով սկսել է իր նախընտրական ելույթը:

«Հրապարակ»-ը գրում է, որ ամերիկյան NDI Ազգային ժողովրդավարության ինստիտուտ կազմակերպությունը «Ազատություն» ռադիոկայանին դրամաշնորհ է տրամադրել, որը պետք է օգտագործվի տարբեր ընտրատարածքների պատգամավորության թեկնածուների միջև հրապարակային բանավեճեր կազմակերպելու համար: Դրանք պետք է տեղի ունենային «Կոնգրես» հյուրանոցում: Սակայն թերթին հայտնի է դարձել, որ այս ծրագիրը կարող է ձախողվել, քանի որ գրեթե ոչ մի թեկնածու, այդ թվում նաև տարբեր ընդդիմադիր կուսակցություններից, չեն համաձայնում մասնակցել հրապարակային բանավեճերին: Երեկ թերթը դիմել է «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Աղասի Ենոքյանին, հարցնելով, թե արդյո՞ք բանավեճերի թեման կարելի է փակված կամ վերջնականապես ձախողված համարել: Ենոքյանն ասել է, որ նման բան ասել չի կարելի, քանի որ թեկնածուների հետ համաձայնեցման պրոցեսը շարունակվում է: «Մեր կողմից ասենք, որ այդ պրոցեսը կարող է շարունակվել մինչև մայիսի 4-ը: Հայաստանում թեկնածուները նախընտրում են միայնակ նստել էկրանի առաջ և պատասխանել նախապես պայմանավորված և համաձայնեցված հարցերին, իսկ բանավեճի դեպքում դիմացինը կարող է անհարմար հարցեր տալ և դրանով ընտրողների մոտ բացահայտել խոսողի իրական կարողությունները: Դրա համար էլ թեկնածուներն առաջնորդվում են «շառից, փորձանքից հեռու» կարգախոսով»,- գրում է թերթը:

Ու՞մ էր ձեռնտու Աշոտյան-Զոլյան պատմությունը.

«Ժողովուրդ»-ը գրում է, որ գնալով բորբոքվում են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շուրջ կրքերը. երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից ազատվել է այդ բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Ու որքան էլ Աշոտյանն ու Զոլյանը պնդեն, թե իրենց հակամարտությունը քաղաքական հենք չունի, «Ժողովուրդ»-ի աղբյուրները հակառակն են պնդում. ավելին, ըստ շրջանառվող լուրերի` այս ամենի մեջ խառն է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մատը: Պնդումներ կան, որ Զոլյանին նախարարի դեմ պայքարի մղողն անձամբ Սողոմոնյանն է: Քոչարյանի մամուլի խոսնակ աշխատած տարիներից սկսած մինչև վերջերս Սողոմոնյանը եղել է Բրյուսովի կառավարման խորհրդի նախագահը, նա այժմ էլ դասավանդում է այդ բուհում, պաշտպանում դոկտորական ատենախոսություն: Ձեռքի հետ էլ, փաստորեն, լուրջ ինտրիգներ է հյուսում` խառնելով Զոլյանի և Աշոտյանի հարաբերությունները: Թերթին երեկ չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ ռեկտորից, նա չի պատասխանել հարցերին, իսկ Սողոմոնյանը` հեռախոսազանգերին:

«Երկիր» օրաթերթը նունպես անդրադարձել է թեմային՝ գրելով ,որ չնայած երեկ ԵՊԼՀ ռեկտորն ազատվել է աշխատանքից սակայն Սուրեն Զոլյանը չի պատրաստվում լքել իր պաշտոնը: Նա խորհուրդ է տալիս Աշոտյանին ուշադիր կարդալ օրենքները, որոնց համաձայն` ԵՊԼՀ ռեկտորն ընդունվում է ԵՊԼՀ-ի կողմից, իսկ ընտրության արդյունքները` ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ: Թերթի տեղեկություններով` իրականում սա ոչ թե Աշոտյան-Զոլյան հակամարտության հանգուցալուծումն էր, այլ պատճառներն ավելի խորքային են: Թերթի աղբյուրները պնդում են, որ ստեղծված իրավիճակի հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, նա լուրջ ծրագրեր ունի` Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ կապված: Վարչապետը ցանկանում է ապագայում այս երկու ուսումնական հաստատությունները միավորել, մեղմ ասած` Բրյուսովը դարձնել մանկավարժական համալսարանի ենթակայության տակ գտնվող ոչ այդքան «պրիստիժով» հաստատություն:

Զարմանազան.

«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին 1 տարում ունեցել է 21 մլրդ 433 մլն դրամի, 60 մլն 81 հազար դոլարի և 40 մլն եվրոյի եկամուտ: Տվյալները նշված են նրա` ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրում:

Ծառուկյանը հայտարարագրել է ադամանդե քարով երեք մատանի` 3 մլն, 1 մլն և 700 հազար դոլար արժեքներով, երեք ձեռքի ժամացույց` մեկը 300 հազար, երկուսը` 500 հազարական դոլար արժեքով: 2012 մարտի 1-ի դրությամբ` բանկային հաշվեհամարներում ունեցել է 1 միլիարդ 161 մլն դրամ, 30 մլն 730 հազար դոլար և 20 մլն 483 հազար եվրո: Նա հայտարարագրել է նաև թանկարժեք կահույք` 8-ը ննջարանի, 2-ը ճաշասենյակի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 800 հազար եվրո: Ամենաթանկը` 127 հազար 820 եվրո արժողությամբ, ճաշասենյակի կահույքն է: Գագիկ Ծաոուկյանը բաժնետոմսեր ունի 32 տարբեր ընկերություններում: Նրան պատկանող շինությունների ընդհանուր մակերեսը մոտ 9 հազար քառակուսի մետր է, իսկ հողամասերինը` մոտ 32 հեկտար, ունի նաև յոթ հատ ավտոմեքենա, որից ամենավերջինը` «Ռոլս-Ռոյս կուպե ֆանտոմը» ձեռք է բերել 2008-ին:

«Ժողովուրդ»-ի տվյալներով՝ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում կուսակցական ակտիվի հետ ճաշկերույթի ժամանակ բավականին հետաքրքիր բաժակաճառ է ասել: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե բոլոր այդտեղ հավաքվածները թերություններ ունեն: «Գուցե որոշները` քիչ, Սյունիքի մարզպետը` մի քիչ շատ, բայց Սուրիկը լավ տղա է: Լավ` նկատի ունեմ հայրենասեր նաև: Եթե հիմա ասենք` Սուրին, պետք է հանուն հայրենիքի հրկիզվես, ինքը հրապարակում կինքնահրկիզվի»,-հայտարարել է Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այդ ճաշկերույթին ներկա է եղել մոտ 200 հոգի:

Անդրադառնալով ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին հատկացված դրամաշնորհին` «Հայացքը» նկատում է, թե սկանդալ է հասունանում կապված Եվրամիության հատկացրած 500 000 եվրո գիտական դրամաշնորհի հետ: Այդ ինստիտուտի ղեկավարությանն ասել են, որ հատկացված գումարի 30-40 տոկոսը ենթակա է հարկման: Նույնիսկ հատկացված ֆինանսավորման 30 տոկոսի (150 000 եվրո) հարկման դեպքում ինստիտուտը, որը դրամաշնորհային ծրագրով գլխամասային է ճանաչվել, չի կարողանալու նույն ծրագրով նախատեսված գումարները փոխանցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի իր գործընկերներին, իսկ եթե փոխանցի, գումարի այն մասից, որն իր համար է նախատեսված, ստիպված է լինելու տապալել իր կատարելիք գիտահետազոտական աշխատանքները և , ի վերջո, ամբողջ ծրագիրը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում