Էդ.Նալբանդյանը ԱԷՄԳ տնօրենի հետ քննարկել է միջուկային անվտանգությանն առնչվող հարցեր

Ապրիլի 18-ին նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության տնօրեն Յուկիյա Ամանոյին, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայութունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը՝ այն դիտարկելով նաեւ որպես Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:

Նախարար Նալբանդյանը հիշատակեց նաեւ մարտ ամսին Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի աշխատանքներին, որը վերահաստատեց ԱԷՄԳ կենտրոնական դերը համաշխարհային միջուկային անվտանգության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուկիյա Ամանոն նշեց, որ ԱԷՄԳ-ն կարեւորում է համագործակցությունը Հայաստանի հետ միջուկային անվտանգության բնագավառում եւ այն բավականին արդյունավետ որակեց:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցությանը՝ Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաեւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգությանն առնչվող հարցերին: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց նաեւ, որ Հայաստանը, հանդիսանալով միջուկային տեխնոլոգիայի տիրապետող երկիր, միացել է այդ բնագավառը կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, ինչպես նաեւ միացել է  ԵՄ նախաձեռնած միջուկային էլեկտրակայանների ռիսկերի գնահատման փորձարկումներին:  

Էդվարդ Նալբանդյանն ու Յուկիյա Ամանոն մտքեր փոխանակեցին միջազգային մակարդակով ԱԷՄԳ-ի կողմից միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում