Բողոքի ակցիա ԿԳ նախարարության դիմաց. ուսանողները պահանջում են Ա.Աշոտյանին
18/04/2012 15:36
Նմանատիպ
Այսօր Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դուրս են եկել ցույցի՝ ի պաշտպանություն իրենց համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին, ով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ազատվել է աշխատանքից:Ուսանողների մեծ բազմություն մոտ մեկ ժամ առաջ երթով համալսարանից քայլեցին դեպի ԿԳ նախարարության շենք, ուր մինչ այժմ էլ շարունակվում է ակցիան:
Բրյուսովի ուսանողները նամակ են պատրաստել ԿԳ նախարար Ա.Աշոտյանի համար:
Ցուցարարներն այս նամակը պատրաստվում են հանձնել անձամբ նախարարին: Իրենց մոտ իջել է ԿԳ նախարարի օգնականը, ով պատրաստակամություն է հայտնել փոխանցել նամակը նախարարին, սակայն ակցիայի մասնակիցները չեն համաձայնվել: Ավելին, նրանք պատրաստվում են բողոքի ակցիան շարունակել այնքան ժամանակ, մինչև իրենց կմոտենա Ա.Աշոտյանը:
Ինչպես նշեցինք, այժմ էլ ցույցը շարունակվում է Կառավարության 3-րդ շենքի առջև: Ուսանողները հայտարարել են, որ իրնեք դասադուլ են անում եւ բուհ կմտնեն «միայն Զոլյանի գլխավորությամբ»:
Ուսանողները «Մենք Ձեզ հետ ենք, պարոն Զոլյան» պաստառներով և «Ամոթ», «Արդարություն» կոչերով են շարունակում իրենց բողոքի ակցիան:
Ավելի վաղ, «Բրյուսովցիներ» միությունը տարածել էր հայտարարություն, որը մասնավորապես ասում է.«Բրյուսովցիներ» միությունը, որի մեջ ներգրավված են Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ, շրջանավարտներ, նախկին ու ներկա դասախոսներ խիստ դատապարտում է այն բեմականացումը, որը ստեղծվել է բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի շուրջ, միայն այն բանի համար, որ նա չի անդամակցել Հանրապետական կուսակցությանը: Այս հայտարարությունը թելադրված չէ ռեկտորի կողմից: Նրա հրապարակավ հայտնել է, որ համաձայն չէ այն տեսակետների հետ, որոնք այստեղ առաջ են քաշված: «Բրյուսովցիներ» միությունը տեղի ունեցածը որակում է էժանագին խաղ նախընտրական շրջանում: Հուսանք, իշխանությունները կարիք չունեն նման արջի ծառայությունների և դրանց հեղինակները կկրեն իրենց պատիժը: Իսկ մեր երկրին այսօր պետք են լավ մասնագետներ, որոնք չպետք է շրջապատված լինեն կուսակցական կապանքներով: Խելամտությունը պահանջում է, որ Աշոտյան-Զոլյան ընտրության մեջ իշխանությունները զոհաբերեն Աշոտյանին, այլ ոչ գիտությունների դոկտոր, Եվրախորհրդի փորձագետ Սուրեն Զոլյանին: Պահանջում ենք նախագահից և վարչապետից անհապաղ հրաժարականի ուղղարկել նախարարին՝ չսպասելով ընտրություններին:
Տիգրան Հովսեփյան «Բրյուսովցիներ» միության նախագահ, նախկին շրջանավարտ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում