Թուրքագետ. «Բովանդակային առումով թուրքական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում չի փոխվել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Լևոն Շիրինյանը նշել է, որ բովանդակային առումով թուրքական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ոչ մի փոփոխություն չի կրել. կա որոշակի ձևական փոփոխություն: Ըստ նրա՝ թուրքերի ներողությունը արժեք չի ունենա, եթե այն շաղկապված չլինի տարածքների վերադարձի, փոխհատուցման հարցերի հետ:

«Մենք պետք է հստակ ռազմավարության մեջ մտնենք»-, կարծում է թուրքագետը:

Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ մեկտեղ Հայաստանը պետք է առաջ տանի նաև ՀՀ անվտանգության հարցն ու ԼՂՀ անկախության ճանաչման խնդիրը. «Մեր պայքարը մերն է, դա մեր ճակատագիրն է, այն չպիտի կապենք մեր ինքնության հետ՝ այն դարձնելով մեր կյանքն ու կենցաղը։ Կարևորը Հայաստանի հզորացումն է»,- շեշտել է բանախոսը

Օրինակ բերելով հրեական հոլոքոստը՝ Լ.Շիրինյանը նշել է, որ ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը հաջողություններ կգրանցի միայն այն դեպքում, երբ խոշոր տերությունների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ փոխվի. «Եթե չլինեին խոշոր տերությունները` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի տրամադրությունը, հրեաների հոլոքոստը նույնպես չէր ճանաչվի. կհասնեին ինչ-որ բանաձեւի ընդունման եւ հաջողության չէին հասնի: Ի տարբերություն նրանց` մենք հայրենքից ենք զրկվել»:

Մոտալուտ կանխատեսումներից խոսելով՝ թուրքագետն ասել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող  բանաձեւը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին չի արտաբերի «ցեղասպանություն» բառը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ թուրքագետը տեսակետ է հայտնել, որ  շատ բան չի փոխվի, քանի որ բեմահարթակում նույն մարդիկ են. «Առաջին դեմքերը 1990-ական թվականների նույն դեմքերն են, որոնք նաև Հայաստանի ճգնաժամի կերտողներն են»:

Լ.Շիրինյանը նաև ասել է, որ նոր էլիտայի ձևավորման անհրաժեշտություն կա: Ըստ նրա, հայ ժողովուրդը խճճվել է ու միայն դրսի բարեկամանական միջամտության արդյունքում կարող է դուրս գալ այս վիճակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում