Մամուլն այսօր. Ինչե՞ր ունի Ա.Բաղդասարյանը և որքա՞ն կարող է զարգանալ նախընտրական քարոզիչների երևակայությունը

Ընտրություններ.

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խումբը քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ համայնքներ: Սինչ նրա ժամանումը, երկու քաղաքներն էլ հոսանքազրկվել էին: Թերթին Արթիկից հայտնել են, որ քաղաքների լույսերն անջատելու հրահանգը տրվել էր «Հայէլցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի` իրացման գծով տեղակալ Աշոտ Թոխունցի կողմից, որի հետ երեկ`առավոտյան, հանդիպել էր Աժ պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանը: Թեև վերջինս համարվում է Հանրապետական կուսակցության թեկնածուն, այնուամենայնիվ, շատ ՀՀԿ-ականներ շտապել են ԲՀԿ-ականների մոտ արդարանալ, թե լույսերն անջատելու մտահղացումը եղել է Վարագյանինը, իրենք որևէ առնչություն չունեն: Հավանաբար սա է եղել պատճառը, որ մինչ ԲՀԿ նախագահի ելույթը, «լույսերը տվել են»: Թերթը տեղեկացել է, որ երեկ հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԲՀԿ քարոզարշավի ժամանակ Արթիկի ու Մարալիկի դպրոցների, մանկապարտեզների մեծ մասում տարբեր բնույթի ժողովներ են հրավիրվել:

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քարոզարշավն ընթանում է առանց էական խոչընդոտների, սակայն առկա է վախի մթնոլորտ: Որևէ աշխատանք ունեցող անձ անհանգստացած է դրա կորստով»,- երեկ մեր հարցին ի պատասխան`ասաց Սյունքիի թիվ 37 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը` հավելելով. «Այսօր Սյունիքի ամենամեծ համայնքում` Շինուհայրում, վախի մթնոլորտն ակնհայտ էր: Ես այդ մասին հեռախոսով իմ մտահոգությունները հայտնեցի համայնքի ղեկավարին, որն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու այդ համայնքում ընտրողների հետ հանդիպման համար տրմադրված դպրոցի դահլիճում նստարաններ չկան: Համայնքի ղեկավարն ինձ հակադարձեց, որ դա է իրավիճակը, և եթե ես դժգոհ եմ, ապա կարող եմ բացի հանրապետական լրատվամիջոցներից, դիմել նաև միջազգային ատյաններին: Համայնքներից մեկում ինձ, որպես առողջապահության կազմակերպչի, առաջարկեցին Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոններում բացել «վախի բաժանմունքներ»: Հետաքրքիր առաջարկություն է, պետք է մտածել իրագործման մասին»…»:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը գրում է. «Երեկ «Գելափի» հրապարակած սոցիոլոգիական հարցման տվյալները տարօրինակ կերպով լայն արձագանք չեն գտել քաղաքական ուժերի կողմից: Կամ արդյունքները բոլորին ձեռնտու են, կամ էլ, ձեռնտու չլինելով հանդերձ, արժանահավատ են թվում: Այդ արդյունքներից, մասնավորապես, պարզ է դառնում, որ բացի երեք մանր կուսակցություններից, որոնք, շատերի կարծիքով, ներդրվել են իշխանությունների կողմից` ՀԱԿ-ի մասին փիս-փիս բաներ ասելու համար, մնացած քաղաքական ուժերը կարող են պայքարել Աժ-ում հայտնվելու համար:

Ըստ այդ հարցման` «պրեմիեր լիգայում» են, ինչպես և սպասվում էր, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Թերևս ապարատային, կազմակերպչական և նյութական մակարդակով նրանց միջև պայքար է ընթանում, բայց արտաքուստ, համենայնդեպս, նրանք իրար դեմ չեն խոսում: Ընդ որում, ԲՀԿ-ն շահեկան վիճակում է նաև այն պատճառով, որ նրա դեմ չի խոսում նաև ՀԱԿ-ը` որոշակի հույսեր է կապում այդ կուսակցության հետ: Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներս հրապարակավ հանդես կգա Ռոբերտ Քոչարյանը: Նա, իմ կարծիքով, ինչպես միշտ, կխոսի այն մասին, թե որքան ծաղկուն էր երկրի տնտեսությունն իր ժամանակ, և որքան վատն է վիճակն այսօր: Նա, հավանաբար, կասի նաև, թե որքան կարևոր է ազատ և արդար ընտրություններ անցկացնելը, ընտրակաշառք չբաժանելը և վարչական ռեսուրս չօգտագործելը: Նախկին նախագահները սովորություն ունեն մոռանալու, թե ինչպես են ընտրություններն անցել իրենց իշխանության օրոք: Բայց կարևոր է ոչ այնքան այն, թե ինչ կասի երկրորդ նախագահը, այլ այն, թե ինչպես, ինչպիսի ինտոնացիայով է նա իր մտքերը շարադրելու: Դրանից կախված` վերջին շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ի հռետորաբանությունը կկարծրանա կամ կմնա նույնը:

Հարցման տվյալներով` երկրորդ էշելոնի կուսակցությունները հիմնականում ընդդիմադիր են: Բնականաբար, նրանք քարոզում են հիմնականում իշխանության դեմ, ընդ որում, ՀԱԿ-ը` ճիշտ այն բառապաշարով, ինչպես 90-ականներին ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը և մնացածները քարոզում էին ՀՀՇ-ի դեմ` «երիտթուրքեր», «թալանչիներ», «սրիկաներ», «հանցագործներ» և այլն: Այսօրվա Դաշնակցության [ինչպես նաև «Ժառանգության»] քննադատությունն ավելի սոլիդ է` չգիտեմ, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ: Բայց հաստատ կարող եմ ասել` արդյունավետ չէ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության»` իրար դեմ քարոզելը և «իշխանությանը ծախվելու» ակնարկներ անելը: Կուսակցությունները, որոնք, ըստ «Գելափի» հարցումների, ունեն 9, 5 և 3 տոկոսանոց վարկանիշ, իրարից «ընտրող փախցնելու» խնդրով չպիտի տարվեն, այլ, իմ կարծիքով, պիտի ակտիվացնեն դեռևս չկողմնորոշված քաղաքացիներին:

Ակնհայտ է` որքան շատ ընդդիմադիրներ լինեն խորհրդարանում, այնքան լավ: Ի դեպ, ի տարբերություն ցուցակների, որոնցից ոչ մեկը ինձ դուր չի գալիս, մեծամասնական կարգով ես պատրաստվում եմ ձայնս տալ ընդդիմության (տվյալ դեպքում` ՀԱԿ-ի) ներկայացուցչին: Իշխանությունը «ճակատի զոռով» պահպանել է այդ ընտրակարգը` թող մի բիչ տուժեն դրանից»:

Ինչե՞ր են խլում և բաժանում քարոզչության ընթացքում.

Ըստ «Երկիր» օրաթերթի՝ ՀՀԿ-ն շարունակում է անձնագրեր հավաքել և տվյալներ գրանցել Երևանում, ինչպես նաև Հայաստանի մի շարք մարզերում: «Երկին»-ին հայտնի է դարձել, որ այս օրերին ՀՀԿ-ն ակտիվորեն անձնագրեր է հավաքում Արմավիրի մարզում: Մարզի Դալարիկ գյուղի բնակիչներից մեկը երեկ զանգահարել է խմբագրություն և երկյուղած հետաքրքրվել, թե ճիշտ է, որ «Ղարաբաղում վիճակը լավ չի»: «Երբ հետաքրքրվեցինք, թե որտեղից նման տեղեկություն, բնակիչը նախ խնդրեց, որ իր հարցի պատասխանը տանք` որդին Ղարաբաղում է ծառայում: Պարզվում է` նման լուրերի հեղինակը իշխող Հանրապետականն է: Անձնագրեր հավաքելու համար ՀՀԿ-ականները դիմում են ամեն քայլի: Բնակիչը պատմեց, որ իրենցից պահանջել են անձնագրերը ներկայացնելով, թե «երկրից չբացակայելու հաշվառում են իրականացնում, քանի որ Ղարաբաղում վիճակը լավ չէ, պատերազմ է սկսվում»»,- գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երևանի թիվ 7 ընտրատարածքում Աժ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախընտրական այցերը թիվ 7 ընտրատարածքում, որի ժամանակ հասցեական նամակներ է բաժանում ընտրողներին:

Երեկ նույնպես` Շերամի փողոցի բակերից մեկում «Լֆիկի մարդիկ» փորձել են արգելակել քարոզարշավը, ինչը չի ստացվել, և Փաշինյանը մոտ մեկուկես ժամ երթ է արել Շերամի 87,89,93,95,97,99 շենքերի բակերում: Դրանից հետո Փաշինյանն այցելել է Սիլիկյան թաղամաս, և նրա թիմի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես շուրջ 60 ավտոմեքենաներով տարեց կանայք և երիտասարդ տղամարդիկ են տեղափոխվում քարոզչությունը խոչընդոտելու: Կանանցից ոմանց ձեռքին եղել են թափանցիկ տոպրակներ, որոնց մեջ` երկուական խաչապուրի:

Տաքսու վարորդ ներկայացած քաղաքացին, զանգահարելով «Ժողովուրդ»-ի խմբագրություն, հետաքրքիր տեղեկություն է հայտնել: Ըստ նրա` Հանրապետական կուսակցության անդամներն այս օրերին ընկել են դռնեդուռ և վարորդներին համոզում են իրենց մեքենաների վրա փակցնել ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» դրոշները: Եվ երբ վարորդները հրաժարվում են` ասելով թե «մեր ինչին են պետք» դրոշները, ՀՀԿ-ականները մարդկանց համոզելու համար «լուրջ փաստարկ» են բերում, այն է` ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ՀՀԿ դրոշները տեսնելով չեն կանգնեցնի մեքենան ու աչքաթող կանեն ցանկացած խախտում: «Ես վատ եմ զգում, որ մեր վարորդները խախտումներ անելու և փողոցներում իրենց ուզած ձևով մեքենա վարելու համար ՀՀԿ դրոշ են դնում ապակիների վրա: Ամոթ է»,- ասել է թերթին զանգահարած քաղաքացին:

Զարմանազան.

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները վերջին հինգ տարիներին նվազել են. Փոխարենը` նա ձեռք է բերել տարբեր տեսակի սեփականություն, գույք, որ 2007-ի ընտրությունների ժամանակ չի ունեցել:

Ըստ ՀՀ ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանն ունի 215,3 ք/մ մակերեսով բնակարան` Երևանի Բայրոնի 3 հասցեում: Նույն հասցեում ունի նաև ավտոտնակ` 34,8 ք/մ մակերեսով: Ամենահամեստ հաշվարկներով, այդ բնակարանի շուկայական արժեքը մոտ 300 հազար դոլար է: Նախորդ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած հայտարարագրի համաձայն, Բաղդասարյանը ոչ մի սեփականություն չի ունեցել: Նրա հաջորդ ձեռքբերումը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան է, որը ևս նախկինում չի եղել: Չորս տարի առաջ չի ունեցել նաև սեփական ընկերություն: Այժմ նրան են պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը: Վերջին մեկ տարում ԱԽՔ-ի եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 4 մլն 295 հազար դրամ (ողջ տարվանը): 2012-ի մարտի 1-ի դրությամբ, նրա բանկային հաշիվներին եղել է 5 մլն դրամ և 20 հազար դոլար: 2007-ին նա հայտարարագրել էր 8 մլն 100 հազար դրամ և 190 հազար դոլար:

«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ Մաշտոցի պուրակում տեսախցիկ են տեղադրել: Երբ երիտասարդ ակտիվիստները բարձրաստիճան ոստիկաններին հարցրել են, թե այս «կամերան» ինչի համար է, պատասխանել են, որ քաղաքապետարանն է տեղադրել, այնտեղից էլ պարզաբանում ստացեք: Մնում է ենթադրել, որ նախ հոգեբանական ճնշման, վախեցնելու միջոց է, և, ինչպես ասում են` «մատերիալ» են հավաքում` հետագայում ակտիվիստների և հատկապես ապամոնտաժելու փորձ անողների վրա գործ հարուցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում