Յուրգեն Կլոպ. Պետք է պատրաստ լինենք «Մայնցի» դեմ խաղին

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» առաջիկա մրցակիցը «Մայնցն» է: Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի արտագնա խաղից առաջ դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Մամուլի ասուլիսի ժամանակ քննարկված թեմաները համառոտ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Մայնցի» դեմ խաղում հավանական ռոտացիայի մասին. «Տեսնենք, դեռ երկու օր ժամանակ ունենք: Մենք ռոտացիան դիտարկում ենք միայն սպորտային տեսանկյունից: «Մայնցի» դեմ խաղում միշտ էլ հաջող արդյունքների ենք հասել, բայց միշտ էլ դժվար խաղեր են եղել: Մենք պետք է պատրաստ լինենք»:
Սվեն Բենդերի մասին. «Նա յուրօրինակ բնավորություն ունի: Բարեբախտաբար, նրա քթից միայն արյուն էր հոսում, դրա համար էլ կարողացավ մինչև վերջ մասնակցել «Նապոլիի» դեմ խաղին: Նա իրագործում է այն, ինչ մենք ծրագրում ենք. այն է’ խաղադաշտում ներդնել ամբողջ ուժը»:
Կադրային խնդիրների մասին. ««Նապոլիի» դեմ խաղից հետո ամեն ինչ կարգին է: Դեռ բոլորն այնպիսի տեսք ունեն, որից կարելի է ենթադրել’ Մայնց կգնանք այն կազմով, որով պատրաստվում էինք «Նապոլիի» դեմ խաղին»:
Թիմում տիրող մթնոլորտի մասին. «Աննկարագրելի լավ է «Նապոլիին» հաղթելը, բայց «Բավարիայի» հետ խաղում էլ են եղել դրական պահեր»:
«Մայնցի» մասին. «Նրանք տակտիկապես լավ են պատրաստված: Նրանց կազմը թույլ է տալիս մարզչին լայն ընտրություն կատարել: Երբ մենք Մայնց ենք մեկնում, միշտ յուրահատուկ խաղ է ստացվում»:
Ռոբերտ Լևանդովսկու մասին. ««Նապոլիի» դեմ նա հոյակապ խաղաց: Ինքն էլ է զարմացած, որ նման խաղով արդեն երեք հանդիպում է չի կարողանում գոլ խփել: Եթե նույն կերպ շարունակի, կրկին կսկսի գոլեր խփել: Նման շրջաններ միշտ էլ լինում են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում