ՀՌԱՀ նախագահ. «Լրատվամիջոցներին հաջողվել է պայմաններ ապահովել թեկնածուների և քաղաքական ուժերի համար»
Նմանատիպ
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մոնիտորինգի առաջին շաբաթվա տվյալները, թե ԱԺ ընտրությունների քարոզարշավին որ հեռուստաընկերությունը կամ ռադիոն որքանով են անդրադարձել այս կամ այն կուսակցությանը:
Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն ամենաշատը լուսաբանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի կողմից, ինչպես նաև «Արմենիա»-ի «Ժամը» լրատվականն է ամենամեծ տեղը տվել Հանրապետական կուսակցությանը, «Կենտրոն» և «Հայկական 2-րդ» հեռուստաալիքները ամենալավը լուսաբանել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ «Երկիր մեդիա»-ն` «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը: Գ.Ամալյանը հանտնել է, որ Հ1-ին, «Կենտրոն»-ին և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին դիմել են գրությամբ՝ իրենց լրատվականներում համապատասխանաբան ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին առավել լուսաբանելու համար:
Բանախոսը նաև հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, եթերում առավելագույնը եղել է ԲՀԿ–ն, 2-րդ տեղում է ՀՅԴ–ն, այնուհետև գալիս է ՕԵԿ–ը, 4-րդ տեղում «Ժառանգություն» կուսակցությունն է, 5-րդ տեղում՝ ՀՀԿ–ն, 6-րդ տեղում՝ ՀԱԿ-ը, իսկ հետո նոր գալիս են ՀԴԿ–ն, ՀԿԿ–ն և եզրափակում է «Միավորված հայեր» կուսակցությունը:
ՀՌԱՀ նախագահը պարզաբանել է, որ այս ցուցանիշները դեռևս հիմք չեն հանդիսանում տույժեր կիրառելու համար. «Նախ, այս թվերի ձևավորման համար կան մի շարք օբյեկտիվ պայմաններ. Հրավերները ընդունում կամ չեն ընդունում քաղաքական ուժերը և հենց հեռուստաընկերություններից պետք է ստանանք բացատրություն, թե որ կոնկրետ դեպքում է խախտված որևէ ցուցանիշ: Երկրորդ. այն հեռուստածրագրերում, որտեղ նախատեսվում է որպես հյուր հրավիրել այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցչին, նրանց հերթը հասնելու է հաջորդաբար և թերևս կհասնի նախընտրական այս քարոզարշավի հաջորդ շրջանում: Եվ մյուս կողմից էլ սա կարող է առանձին վերցրած քաղուժի ռազմավարությունն է» :
Գ.Ամալյանի խոսքերով՝ ոչ քաղաքացիները, ոչ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերն ու թեկնածուները դեռևս չեն բողոքել ու ահազանգել խախտումների մասին. «Միայն վերջերս «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը մամուլում հայտնել էր իր դժգոհությունը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության աշխատանքի հետ կապված: Մենք պահանջել ենք խնդրո առարկա տեսանյութը, որպեսզի գնահատվի` արդյոք այն համապատասխանում է պատգամավորության թեկնածուի՝ անկողմնակալ չլինելու բողոքին»:
Կիսվելով իր ընդհանուր տպավորություններով նախընտրական քարոզարշավի անցած ժամանակահատվածի մասին՝ ՀՌԱՀ նախագահն ասել է, որ իր կարծիքով՝ լրատվամիջոցներին հաջողվել է պայմաններ ապահովել պատգամավորության թեկնածուների ու քաղաքական ուժերի համար:
«Կարծում եմ՝ եթերային ժամի դեֆիցիտ հանրությանը մատուցելու համար չի եղել: Դրա ապացույցը կարող է հանդիսանալ նաև անվճար եթերի ոչ լրիվ սպառումը»,- նկատել է Գ. Ամալյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում